hetq.am Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության գործով արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են կազմակերպության՝ դատարան դիմելու իրավունքը։ Դատարանը որոշել է, որ կազմակերպությանը պետք է վճարվի 3600 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 1500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Միաժամանակ ՄԻԵԴ-ը չի արձանագրել խախտում կազմակերպության դեմ հրապարակված վիրավորական և հոմոֆոբ բնույթի հոդվածի կապակցությամբ։ Դատարանն այդ մասով բողոքը համարել է անընդունելի։
2014թ․ «Իրավունք» թերթը հոդված է հրապարակել՝ «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով։ Հոդվածում քննադատության է ենթարկվում «Նոր Սերունդ» ՀԿ-ն, որը զբաղվում է, այդ թվում, սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանությամբ։ Հեղինակը կազմակերպությանն անվանել է «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» և գրել, որ ՀԿ-ն Գյումրիում Անկախության օրը «պղծել» է պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով։
Հոդվածին կից հրապարակվել է լուսանկար, որի տակ գրվել է, որ «No hate speech» («Ոչ ատելության խոսքին») կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների «թիվ 1 կարգախոսն» է։
«Նոր Սերունդ» ՀԿ-ն համարել է, որ հրապարակումը ոչ միայն վիրավորական է, այլև պարունակում է ատելության խոսք և խտրական վերաբերմունք՝ պայմանավորված կազմակերպության՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։
Կազմակերպությունը հայց է ներկայացրել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրողի դեմ։ Հայցով պահանջվել է հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։
2015թ․ նոյեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը մերժել է։ Դատարանը գտել է, որ հոդվածում օգտագործված որոշ արտահայտություններ իսկապես ատելություն են հրահրում և վիրավորական են, սակայն դրանք ուղղված են հիմնականում սեռական փոքրամասնություններին, ոչ թե կոնկրետ «Նոր Սերունդ» կազմակերպությանը։
Կազմակերպության վերաբերյալ մյուս արտահայտությունները դատարանը գնահատել է որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ, ինչը պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով։
«Նոր Սերունդ»-ը բողոքարկել է որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է բողոքը։ Այնուհետև կազմակերպությունը դիմել է Վճռաբեկ դատարան։
2016թ․ մայիսի 25-ին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար։ Դատարանը նշել է, որ կազմակերպությունը պետք է ներկայացնի բողոքի էլեկտրոնային տարբերակը, վճարի պետական տուրք, կամ խնդրի դրա վճարումը հետաձգել, կամ իրեն ազատել դրանից։
«Նոր Սերունդ»-ը հունիսի 6-ին կրկին ներկայացրել է բողոքը և վճարել է մեկ գույքային և մեկ ոչ գույքային պահանջի համար նախատեսված վճարը։ Կազմակերպությունը նշել է, որ վճարը հաշվարկել է իր երկու պահանջների հիման վրա՝ փոխհատուցման և դատական վճռի հրապարակման պահանջներով։ Սակայն Վճռաբեկ դատարանը համարել է, որ կազմակերպությունը պետք է վճարեր ավելի մեծ գումար, քանի որ այն ներկայացրել է երկու ոչ գույքային պահանջ։ Ըստ դատարանի՝ անհրաժեշտ էր վճարել 70 հազար դրամ, մինչդեռ կազմակերպությունը վճարել է 50 հազար դրամ։ Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը և նոր ժամկետ չի տվել պակասող վճարը լրացնելու համար։
«Նոր Սերունդ» ՀԿ-ն դիմել է ՄԻԵԴ՝ պնդելով, որ Հայաստանի դատարանները անհասկանալի և անհամաչափ ձևով են կիրառել դատական վճարների վերաբերյալ կանոնները և դրանով իրեն զրկել են Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից։
ՀԿ-ի շահերը պաշտպանել է փաստաբան Արա Ղազարյանը։
ՄԻԵԴ-ը համաձայնել է այս փաստարկի հետ։ ՄԻԵԴ-ը նաև հաշվի է առել, որ վերաքննիչ դատարանը նույն կանոնները կիրառել է այնպես, որ կազմակերպության բազմաթիվ ոչ գույքային պահանջները դիտարկել է որպես մեկ պահանջ և ընդունել է մեկ վճար։ Այսինքն՝ կազմակերպությունը հիմք է ունեցել ենթադրելու, որ նույն մոտեցումը կկիրառվի նաև Վճռաբեկ դատարանում։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ կազմակերպությունը չէր կարող ողջամտորեն կանխատեսել, որ Վճռաբեկ դատարանը նույն օրենքի հիման վրա վճարը այլ կերպ կհաշվարկեր։ Ավելին, երբ Վճռաբեկ դատարանն առաջին անգամ կազմակերպությանը վերադարձրել է բողոքը և 3 օր է տվել թերությունները շտկելու համար, չի նշել, թե կոնկրետ որքան գումար պետք է վճարել։ Դատարանը նաև չի ներկայացրել այնպիսի նախադեպ կամ դատական պրակտիկա, որը կազմակերպությանը թույլ կտար հասկանալ վճարի հաշվարկման եղանակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում