Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառելու Հայաստանում բացված ԱԲ կենտրոնները

2026թ․ Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) երկու խոշոր կենտրոններ բացվեցին՝ Eleveight AI-ը և Firebird AI-ը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունն (ԲՏԱԱԲՆ) ընդգծեց՝ այս կենտրոններով Հայաստանը կդառնա տարածաշրջանային և գլոբալ տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Դրան զուգահեռ՝ մտահոգություններ են հնչում կենտրոնների գործարկման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերի և Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հնարավորությունների վերաբերյալ։

«Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ ինչ կենտրոններ են դրանք, ինչպիսի հնարավորություններ են տալու Հայաստանի տնտեսությանն ու տեխնոլոգիական էկոհամակարգին, ինչպես են ազդելու շրջակա միջավայրի վրա և էներգետիկ ինչ ռեսուրսներ են սպառելու։

Ինչ են անում կենտրոնները

Միմյանցից մոտ 17 կմ հեռավորության վրա են գտնվում Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրն ու Կոտայքի մարզի Հրազդան համայնքը։ 2025թ․ Հայաստանն ու ԱՄՆ-ն «ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման» հուշագիր ստորագրեցին։ Դրան հաջորդեց 2026թ․ հունիսին Գագարինում Eleveight AI-ի և օգոստոսին Հրազդանում Firebird-ի բացումը։

Այս երկու տվյալային կենտրոնները սովորական տվյալների (դատա) կենտրոններից ավելի ծանրաբեռնված ու էներգատար կառույցներ են։ Դրանք օգտագործում են GPU-ներ (գրաֆիկական մշակիչներ), որոնք վարձակալությամբ (cloud) տրամադրվում են տեխնոլոգիական ընկերություններին։ Վերջիններս էլ այդ ռեսուրսներով ուսուցանում կամ աշխատեցնում են արհեստական բանականության մոդելներ։ 

Ի՞նչ է GPU-ն

GPU-ն (Graphic Processing Unit-գրաֆիկական մշակիչ) համակարգչի այն մասն է, որը նախատեսված է բարդ մաթեմատիկական հաշվարկներն արագ կատարելու համար։ Ի տարբերություն համակարգչի սովորական պրոցեսորի (Central Processing Unit-CPU)՝ GPU-ն միաժամանակ կարողանում է կատարել ավելի շատ հաշվարկներ։ 

Երկու կենտրոններն էլ աշխատում են NVIDIA-ի (GPU-ներ արտադրող խոշորագույն ընկերությունն աշխարհում) չիպերով։ Eleveight AI-ն այս պահին ունի 512 GPU, իսկ Firebird AI-ը՝ մոտ 6000 GPU։ Firebird AI-ն աշխատանքների երկրորդ փուլում նախատեսում է ունենալ 41 000 GPU։

Ովքեր են ԱԲ կենտրոնների սեփականատերերը

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի  իրական շահառուները երկու անձինք են՝ Ալեքսանդր Եսայանն ու Ռազմիկ Յովակիմեանը՝ յուրաքանչյուրը 36․5% մասնակցությամբ։ Ալեքսանդր Եսայանը Ucom-ի և Team Telecom Armenia-ի համահիմնադիրներից է, իսկ Ռազմիկ Յովակիմեանը՝ Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր, որը համահիմնադրել է Viki վիդեոհարթակը և այլ նախագծեր։

«Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի մնացյալ 27% բաժնեմասի վերաբերյալ իրական շահառուների հայտարարագրում տեղեկություններ չկան։ 

Firebird AI-ի հիմնադիր ընկերությունը ԱՄՆ-ի Դելավեր նահանգում գրանցված Firebird Incorporated-ն է։ Ռազմիկ Յովակիմեանը նաև ամերիկյան այս ընկերության տնօրենն է։ «Ինֆոքոմի» հետ զրույցում Ալեքսանդր Եսայանը նշել է, որ տվյալային կենտրոնը գրանցված է Հայաստանում, ուստի ֆինանսական շրջանառությունն ու ծառայությունների մատուցումը կատարվելու են Հայաստանում՝ եկամուտներ բերելով պետական բյուջե։

Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառելու Հայաստանում բացված ԱԲ կենտրոնները

Համաձայն պետռեգիստրի՝ «Էլեվեյթ ԷյԱյ» ՓԲԸ-ի հիմնադիրներն են Հարություն Պողոսյանը, տնօրեն Արման Ալեքսանյանը և «Դիջիդաթա» ՓԲԸ-ն։ Հարություն Պողոսյանը խորհրդի անդամներից է։ Իրական շահառուների հայտարարագրից երևում է, որ նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 70%-ը։  Մնացյալ 30%-ի մասին տվյալներ իրական շահառուների հայտարարագրում չկան, իսկ Eleveight AI-ից չեն մանրամասնում, թե ովքեր են մյուս բաժնետերերը և մասնակցության ինչպիսի չափաբաժին ունեն։ 

Հարություն Պողոսյանը, Արման Ալեքսանյանը և «Էլեվեյթ ԷյԱյ» ՓԲԸ-ի խորհրդի մյուս անդամները գործընկերներ են նաև այլ բիզնեսներում։

Հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում․ ի՞նչ են տալու և ի՞նչ են սպառելու Հայաստանում բացված ԱԲ կենտրոնները

Ինքնաֆինանսավորում և 300 միլիոն դոլար՝ հայկական ֆինանսական կառույցներից

Eleveight AI-ում առաջին փուլի համար ներդրվել է 120 միլիոն դոլար։ Ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը մանրամասնում է, որ առաջին փուլն ամբողջությամբ ինքնաֆինանսավորվել է իրենց բաժնետերերի կողմից։ 

Երկրորդ փուլում, որը նախատեսվում է սկսել 2027 թ․ առաջին կիսամյակում, ներդրումները կկազմեն շուրջ 2 միլիարդ դոլար։ Այդ փուլի համար ընկերությունը նախատեսում է ներգրավել ներդրողների։ Դավիթ Առաքելյանի խոսքով՝ կապ չունի՝ արտասահմանյա՞ն, թե՞ տեղական ներդրողներ կլինեն, կարևորը՝ կիսեն իրենց պատկերացրած ձևաչափն ու տնտեսապես ձեռնտու լինեն։

Firebird AI-ում առաջին փուլում ներդրվել է 500 միլիոն դոլար, որից 300 միլիոն դոլարն ընկերությունը որպես սինդիկացված (մի քանի ֆինանսական կազմակերպությունների կողմից համատեղ տրվող) վարկ է ստացել Հայաստանի ֆինանսական կազմակերպություններից։

Վարկը տրամադրել են հայկական 6 բանկեր և Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ֆոնդերի կառավարիչները (C-Quadrat Ampega-ն ու Amundi-Acba-ն)։ 6 բանկերը միասին տրամադրել են 245 միլիոն դոլար։

C-Quadrat Ampega-ն հայտարարել էր, որ ֆոնդերից ներդնելու է 35 միլիոն դոլար, իսկ Amundi-Acba-ն՝ 20 միլիոն դոլար։ Կենտրոնի բացման օրը NVIDIA-ն ևս հայտարարել է, որ հետագա ընդլայնման համար ներդրումներ կանի։

«Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան՝ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչները հայտնել են, որ իրենց կողմից նախատեսվող վարկի ավելի քան 90%-ն արդեն փոխանցվել է ընկերությանը։

Մինչև վարկի տրամադրումը Amundi-Acba-ն վերլուծել է ծրագրի ֆինանսական, համապատասխանության (compliance), առևտրային և տեխնիկական կողմերը, չափել ռիսկերն ու տեղեկությունը տրամադրել ներդրում իրականացնող ֆինանսական մյուս կազմակերպություններին։

C-Quadrat Ampega-ից էլ «Ինֆոքոմին» հայտնել են, որ ռիսկերը նվազեցնելու նպատակով կիրառվել են որոշակի գործիքներ, օրինակ՝ ընկերության ակտիվների գրավադրում, ֆինանսավորման տրամադրման նախապայմանների իրագործում, ապահովագրություն և այլն։ Ըստ C-Quadrat-ի՝ Firebird AI ընկերությունն ապահովում է կայուն և կանխատեսելի դրամական հոսքեր։

Կենսաթոշակային ֆոնդերը տնօրինող երկու ընկերություններն էլ կարծում են, որ Firebird AI-ում հետագա ներդրումները հնարավոր են, եթե ապահովվի դրանց դիվերսիֆիկացումը, այսինքն՝ ներդրումներն ուղղվեն ոչ միայն տեխնոլոգիական, այլև տարբերոլորտներ։ 

Ինչ են կենտրոնները տալու Հայաստանին

ԲՏԱԱԲՆ-ն երկու կենտրոնների բացմանն էլ հայտարարել է, որ դրանք «Հայաստանի ապագայի տնտեսության հիմնաքարերից են» և երկիրը «վերածելու են գլոբալ ԱԲ գործարանների պարտեզի»։

Երկու ընկերությունների GPU-ների որոշ մաս օգտագործելու են Հայաստանի գիտակրթական տարբեր կենտրոններ։ Մասնավորապես, Firebird AI-ի և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրով Հայաստանը մոտ 25 միլիոն դոլարով գնելու է հաշվողական ռեսուրսներ, որոնք հետագայում տրամադրվելու են հայկական հետազոտական կառույցներին ու ստարտափներին:

«Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան՝ ԲՏԱԱԲ նախարարությունը հայտնել է, որ Firebird AI-ի հետ պայմանագրով Հայաստանի գիտատեխնոլոգիական կենտրոններին տրամադրվելու է 181 GPU:

Գերատեսչությունն ավելի վաղ ներկայացրել է «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման կարգը հաստատելու մասին» նախագիծը, որը կսահմանի, թե ինչպես կարող են կենտրոնները ստանալ այդ հաշվողական հզորությունները։

Նախագծի համաձայն՝ հանրային իշխանության մարմինները նախարարությանն են ներկայացնելու ԱԲ ոլորտում հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման անհրաժեշտության հայտ՝ համապատասխան հիմնավորումներով և տեխնիկական մանրամասներով։ ԲՏԱԱԲՆ-ն ուսումնասիրելու է հայտերը՝ գնահատելով դրանց համապատասխանությունը Հայաստանի թվային վերափոխման օրակարգին։

Նախարարությունը հստակ չի նշում՝ բացի հաշվողական ռեսուրսների ձեռքբերումից, տվյալային կենտրոնների հետ այլ համագործակցություններ նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ։ Սակայն հայտնում է, որ իր տեսլականներից մեկը ձեռք բերված ռեսուրսների շուրջ ավելի լայն կրթական, գիտահետազոտական և կիրառական էկոհամակարգ ձևավորելն է։

Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն «Ինֆոքոմի» հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ իրենց հաշվողական ռեսուրսներն արդեն սպառվել են, և Հայաստանի կառավարության հետ նոր համագործակցություն այս պահին չեն նախատեսում։

Ընկերությունը, սակայն, վերջերս մեկնարկ է տվել Firebird Labs ծրագրին, որի շրջանակում Firebird AI-ը հաշվողական հզորություն է տրամադրելու Հայաստանի կրթական և հետազոտական կենտրոններին ու ստարտափներին, հնարավոր է՝ նաև ներդրումներ կատարի։ Firebird Labs-ը, ինչպես նշում է Ալեքսանդր Եսայանը, մեկ հեքեթոն արդեն կազմակերպվել է ստարտափների համար, հետագայում նախատեսվում է կազմակերպել նորը։

Ծրագրով ընկերությունը համագործակցություն է սկսել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու OpenAI ընկերության հետ՝ 50 000 ուսանողների, հետազոտողների և ուսուցիչների տրամադրելով ԱԲ տարբեր գործիքների հասանելիություն։

Eleveight AI-ն էլ նախատեսել է իր հաշվողական հզորության 20%-ը նվիրել Հայաստանի գիտական կենտրոններին։ Ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ չնայած իրենց հաշվողական ռեսուրսներն արդեն սպառվել են, նախատեսում են ավելացնել GPU-ների քանակը։

Կենտրոնը նաև համագործակցելու է ԲՏԱԱԲՆ-ի հետ ԱԲ վիրտուալ ինստիտուտի շրջանակում։ Վերջինս նախարարության նախաձեռնություններից է, որով տարբեր ընկերություններ կարող են հավանություն ստանալ ԲՏԱԱԲՆ-ից և ավելի դյուրին ու մատչելի ձևով ձեռք բերել անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում՝ հաշվողական ռեսուրսները։

Այս ծրագրով նախկինում, ինչպես նշում է Դավիթ Առաքելյանը, պետությունը համագործակցում էր ֆրանսիական տվյալների կենտրոններից մեկի հետ։ Հիմա շահառուներին նախարարությունը կուղղորդի նաև Eleveight AI։

Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշում է նաև, որ Հայաստանն այս կենտրոնի բացմամբ հայտնվել է համաշխարհային ՏՏ քարտեզի վրա։

«Ինքնին արդեն Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր, ուրիշ կատեգորիա անցավ, եթե կարելի է ասել այդպես։ Առաջինը` հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ շատ բարձրացել է, և երկրորդ՝ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կան մասնագետներ, որ կարողանում են նման գործարան ստեղծել»։

Eleveight AI-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ մինչև կենտրոնի բացումը Հայաստանն ԱԲ ռեսուրսի սպառող էր, իսկ հիմա ինքն է առաջարկում այդ ռեսուրսներն ուրիշներին։ Ընկերության GPU-ների հիմնական սպառողները արտասահմանյան ընկերություններն են։ Ռիսկերի մասին խոսելիս Դավիթ Առաքելյանը նշում է, որ, շուկայի առանաձնահատկությամբ պայմանավորված, դրանք նվազագույն են։

«Հայաստանի Հանրապետությունը ի զորու չէ սպառելու այն հզորությունը, որը մենք տրամադրում ենք, ու ակնհայտ է, որ մենք ծառայությունները արտահանելու ենք նաև արտերկիր։ Այդ կտրվածքով կենտրոնացված ռիսկեր հենց Հայաստանի տեսանկյունից չկան։ Այսինքն՝ շուկան անսպառ է, ու ռիսկերի մասով մենք բավականին հանգիստ ենք»։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանն էլ «Ինֆոքոմի» հետ զրույցում մանրամասնում է, որ երկու կենտրոններն ու դրանց տրամադրած հաշվողական ռեսուրսները հայ հետազոտողներին հնարավորություն են տալիս ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնելու։ Գիտնականը նշում է, որ ընկերությունների տված հնարավորությունները շատ են, դրանցից արդյունավետ օգտվելը Հայաստանի գիտական համայնքից է կախված։

«Մասնագիտական համայնքում ակտիվորեն քննարկում ենք՝ մենք կարո՞ղ ենք այդ հնարավորությունը ամբողջությամբ օգտագործել։ GPU-ների քանակը արագորեն շատանում է, բավականին դինամիկ գործընթաց է, բարդ է միանշանակ ասել: Արդեն սկսվել են քննարկումներ մի քանի խոշոր գիտական նախագծերի շուրջ»։

Արտահանվող հզորություններ ու ներհոսող ներդրումներ․ ի՞նչ տնտեսական հնարավորություններ են տալու

Տնտեսական ի՞նչ հնարավորություններ են տալիս կենտրոնները Հայաստանին։ Էկոնոմիկայի նախարարությունից փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը, սակայն նախարարությունը չի մեկնաբանում կենտրոնների տնտեսական հնարավորություններն ու ռիսկերը։ Նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա իրենց գործունեության տիրույթում չէ՝ խնդրելով հարցերն ուղղել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։

«Տնտեսության զարգացման տեսանկյունից ԱԲ և տվյալների կենտրոնների ձևավորումը կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմանը, բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, տեխնոլոգիական գիտելիքի և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հարակից ոլորտներում ներդրումային և գործարար ակտիվության խթանմանը»։

ԱԲ ոլորտում, ինչպես նշում է հիմնադրամը, մեծ է ներուժը՝ համագործակցելու հատկապես Պարսից ծոցի երկրների ֆոնդերի հետ։

Միևնույն ժամանակ, հիմնադրամից հայտնում են, որ նման ոլորտներում ռիսկերի հնարավոր շրջանակ կա, օրինակ ծրագրի իրականացման ժամկետները, տեխնոլոգիական փոփոխությունները, պահանջարկը, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների հասանելիությունը։

6 բանկերից մեկը, որը Firebird AI-ին 60 միլիոն դոլար վարկ է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։  «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ կենտրոնների բացումը լայն հնարավորություններ է տալիս Հայաստանի արտադրողական աճի տեմպերի արագացման համար։ Նրա խոսքով՝ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ առաջանալու է սուվերեն ԱԲ-ների (ինքնիշխան, այսինքն՝ անկախ արտասահմանյան սերվերներից ու ալգորիթմներից) տիրապետելու կարիք՝ պետության կամ կորպորացիաների կողմից։

«Ակնհայտ է, որ դու (նկատի ունի պետությունը,- խմբ․) պետք է ունենաս հաշվողական հզորությունների որոշակի պաշար՝ քեզ հասանելի, քեզ համար աշխատող, որ կարողանաս կառուցել նաև քեզ համար սպեցիֆիկ և քեզ համար պաշտպանված արհեստական բանականություններ»։

Տնտեսագետը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման 2026-2033 թվականների ռազմավարական ծրագրի» մշակմանը, որը, ինչպես տեղեկացնում են նախարարությունից, արդեն ուղարկվել է Կառավարություն՝ օրենքի ձևաչափը քննարկելու։ Տիգրան Ջրբաշյանը պատմում է, որ ռազմավարությունը նախատեսում է Հայաստանը դարձնել  Deep Tech R&D Hub (խորքային տեխնոլոգիաների հետազոտությունների և մշակումների կենտրոն), և այս տվյալային կենտրոններն ազդել են ռազմավարության մշակման փուլի վրա։

Տնտեսագետը մանրամասնում է՝ հաշվողական ռեսուրսների ոլորտում ամենակարևորը արագությունն է, ուստի ռազմավարությունը, որը դեռևս չի հրապարակվել, պետք է համապատասխանի այդ տեմպին։

Տիգրան Ջրբաշյանի խոսքով, Firebird AI-ի կառուցումն ու բացումը ցույց տվեցին նաև, որ Հայաստանում նման նախագծերը կարող են արագ կազմակերպվել․ սա, ըստ տնտեսագետի, հեշտացնում է հետագա ներդրումների ներգրավումը։

Սրան զուգահեռ Տիգրան Ջրբաշյանը նշում է, որ կա տնտեսական մոտիվացիայի ռիսկ, այսինքն՝ ինչո՞ւ պետք է կենտրոնները շահագրգռված լինեն նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմամբ՝ հաշվի առնելով, որ դրանց հիմնական գնորդները արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններն են։

Մասնագետը մանրամասնում է, որ թեև երկու ընկերություններն էլ հայ հիմնադիրներ ունեն և շահագրգռված են զարգացնելու տեխնոլոգիական ոլորտը, պետությունն ինքը պետք է նախաձեռնի բազմակողմանի համագործակցություններ։

Աշխատատեղերի մասին խոսելիս Eleveight AI-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Դավիթ Առաքելյանը մանրամասնում է, որ չնայած նման կենտրոնները քիչ աշխատատեղեր են ստեղծում, ընկերությունը վերապատրաստում է իրականացրել Գագարինի բնակիչների համար և հենց նրանց ընդունել աշխատանքի։ Eleveight AI-ը հիմա ունի 40-50 աշխատող, որոնք հիմնականում հերթափոխով իրականացնում են համակարգի տեխնիկական սպասարկումը։

Firebird AI-ում էլ, ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով, կլինեն մոտավորապես 150-200 աշխատակիցներ, որոնք կիրականացնեն տեխնիկական սպասարկում։

Համահիմնադիրը կարևորում է նաև Հայաստանի տնտեսական հնարավորությունների ընդլայնումը։ Ալեքսանդր Եսայանի խոսքով վարկերը մարվելու են բացառապես արտասահմանյան հաճախորդներից ստացված եկամուտներով․ սա նշանակում է, որ Հայաստան է ներհոսելու ավելի մեծ գումար՝ ապահովելով տնտեսական օգուտ տեղական ֆինանսաբանկային համակարգի համար։

Հովացում՝ առանց ջրի․ ինչպես են աշխատելու ԱԲ կենտրոնները

Արհեստական բանականության ուսուցման ու դրանից օգտվելու համար ծախսվում են հսկայածավալ էներգետիկ ու ջրային ռեսուրսներ, մթնոլորտ են արտանետվում ջերմոցային գազեր։ ՄԱԿ-ի հետազոտություններից մեկն ահազանգում է, որ մինչև 2030 թվականը տվյալների կենտրոնները կարող են սպառել այնքան ջուր, որքան անհրաժեշտ է 1․3 միլիարդ մարդու։ Ջուրը հիմնականում օգտագործվում է սարքավորումները հովացնելու համար։ Հայաստանում բացված տվյալների կենտրոնները, սակայն, հովացման համակարգում ջուր չեն օգտագործելու։

«Ինֆոքոմի» հետ զրույցում Eleveight AI-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը մանրամասնում է, որ Գագարին բնակավայրի բարձրլեռնային կլիման թույլ է տալիս ապահովել բնական հովացում, օգտագործել ավելի քիչ էներգիա, քան անհրաժեշտ կլիներ ավելի շոգ կլիմայական գոտիներում։

«Պատկերացրեք՝ որևէ վառարան դրված է սառը տեղում, մեկ ուրիշ վառարան դրված է անապատում։ Հիմա մեր խնդիրն է այս վառարանը ինչ֊որ մի ձև հովացնել։ Ակնհայտ է, չէ՞, որ վառարանի հովացման համար անապատում կծախսվի ավելի շատ ջանք, քան սառը տեղում»։

Առաքելյանը նշում է, որ իրենք տվյալների կենտրոնների հովացման համար ջուր չեն  օգտագործելու։ Բացի բնական հովացումից՝ Eleveight AI-ն օգտագործելու է նաև օդային հովացում (շրջակա օդը, որը oդափոխիչներով մղվում է չիպերի վրա)։ Հետագայում, երբ չիպերի քանակը պահանջի հեղուկով հովացում, ինչպես տեղեկացնում են ընկերությունից, դա արվելու է փակ շղթայով՝ դիէլեկտրիկ հովացուցիչով (ոչ ջրային սինթետիկ հեղուկ, որը լիցքավորվում է մեկ անգամ և շրջանառվում մի քանի տարի)։

Տվյալների կենտրոնների հովացման գլոբալ ստանդարտները սահմանող ամերիկյան ճարտարագիտական ընկերակցության (ASHRAE) մշակած ուղեցույցում նշվում է, որ տվյալների գերխոշոր կենտրոններում աշխատանքային բարձր ծանրաբեռնվածության ժամանակ սարքավորումերից դուրս մղվող օդը սովորաբար հասնում է 58°C-ից 60°C-ի, որը կարող է առաջացնել տեխնիկական կամ անվտանգային ռիսկեր։ 

Այս ջերմաստիճանը, սակայն, կրկնակի ավելի է, քան Eleveight AI-ում։ Դավիթ Առաքելյանը հայտնում է, որ սերվերների աշխատանքի արդյունքում դուրս մղվող տաք օդի ջերմաստիճանը Eleveight AI-ում հասնում է 30°C-ի։ Ըստ նրա՝ այն չի կարող առաջացնել տեխնիկական կամ անվտանգային ռիսկեր, այդ թվում՝ բնակլիմայական աղետ։

Ընկերությունը նպատակադրվել է ստեղծել 100% «կանաչ» կենտրոն՝ առանց քիմիական հետքի (քիմիական թունավոր միացությունների օգտագործումը

Firebird AI-ը ևս հայտարարել է՝ սարքերի հովացման համար ջուր չի օգտագործվելու, քանի որ Հրազդանի կլիման սառն է։

Ալեքսանդր Եսայանը նշում է, որ հովացումը կատարվելու է թորած ջրի ու պրոպիլենգլիկոլ նյութի միջոցով։ «Ինֆոքոմի» հետ զրույցում Ալեքսանդր Եսայանը մանրամասնել է, որ նյութը մեկ անգամ լցվում է հովացման համակարգի մեջ, պարբերաբար անցնում հովացնող սարքավորման միջով և շրջանառվում 6-7 տարի։ Թորած ջուրն օգտագործվում է միայն մեկ անգամ՝ սկզբում, երբ սարքավորումները մինչև շահագործումը մաքրում են։

«Կան սարքեր, որոնք պահանջում են և՛ ջուր, և՛ գլիկոլ, սակայն Firebird-ի սարքավորումերը դրանցից չեն։ Եթե ցանկանանք էլ, չենք կարող ջուր օգտագործել, քանի որ մեր ունեցած սարքավորումերը ջրով աշխատել չեն կարող»։

Ի՞նչ է պրոպիլենգլիկոլը

Պրոպիլենգլիկոլը սինթետիկ նյութ է, որն օգտագործվում է կոսմետիկայի, դեղամիջոցների և սննդի մեջ՝ խոնավությունը պահելու համար։ Հիմնականում համարվում է անվտանգ սննդի արդյունաբերության մեջ, իսկ եթե հայտնվում է ջրի կամ հողի մեջ, արագ  քայքայվում է։ Այն թունավոր չէ, եթե բարձր կոնցենտրացիայով չի ներթափանցում մարդու կամ  կենդանիների օրգանիզմներ։

Ընկերությունը հայտնում է նաև, որ հովացման համակարգից արտանետումներ կամ հեղուկների արտահոսքեր չեն լինելու։ Ըստ Ալեքսանդր Եսայանի՝ արտահոսքը կնշանակեր, որ ընդհանուր համակարգը խափանվել է։

Տեղադիրքով պայմանավորված` սարքավորումների առաջացրած աղմուկն, ըստ կենտրոնի համահիմնադրի, չի հասնում Հրազդան։ Firebird AI-ի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարածքում նախկինում գյուղատնտեսական նշանակության հողեր են եղել, այնտեղ հարուստ կենսաբազմազանություն չի եղել։

Կենտրոնների՝ շրջակա միջավայրի վրա հավանական բացասական ազդեցության, բնապահպանական ռիսկերի մասին մեր հարցերին պատասխանելու համար Շրջակա միջավայրի նախարարությանը 30 օր է պետք։

Ինչպե՞ս են կենտրոնները բավարարելու էներգետիկ պահանջը

Հիմա էլեկտրաէներգիայի մասին։ ՄԱԿ-ի վերոնշյալ հետազոտությունը ցույց է տվել նաև, որ տվյալների կենտրոնների՝ 2025-ին սպառած էլեկտրաէներգիայի ծավալը բավարար է 1.3 միլիարդ մարդու 2.6 տարի էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Դրանք շատ էներգիա են սպառում, ու այդ էներգիայի արտադրման ընթացքում ավելացնում են ջերմոցային գազերի արտանետումները։

Դավիթ Առաքելյանը նշում է, որ Eleveight AI-ին սկզբնական փուլում պետք է 1․5 մեգավատտ (ՄՎտ) հզորություն, իսկ Firebird AI-ին՝ առաջին երկու փուլերի համար՝ մոտավորապես 140 ՄՎտ։

ԲՏԱԱԲ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն էլ շեշտել էր, որ Հայաստանն ունի էներգիայի ավելցուկ, այսինքն՝ մենք ունենք էլեկտրաէներգիա, որը ծախսող չկա, և նոր կառուցված կենտրոնները նպաստելու են այդ ավելցուկը սպառելուն։ 

Eleveight AI-ն օգտվում է արևային կայաններից։ Դավիթ Առաքելյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է, որ իրենց ընկերությունների խմբում կա նաև արևային կայաններով էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող հայկական «Դիջիդաթա» ՓԲԸ-ն (կենտրոնի էներգետիկ և ֆիզիկական ենթակառուցվածքների մատակարարը)։ Տվյալային կենտրոնն օգտագործում է այնքան էներգիա, որքան արտադրվում է կայանների միջոցով։

Firebird AI-ը հետագա փուլերի համար նախատեսում է համապարփակ լուծումներ գտնել՝ օգտվել արևային կայաններից՝ էներգիան կուտակելով BESS (Battery Energy Storage System – մարտկոցի էներգիայի կուտակման համակարգ) համակարգի միջոցով։ BESS-ի շրջանակում կենտրոնը համագործակցության հուշագիր է կնքել Եվրամիության հետ։ Այս կերպ ընկերությունը, ինչպես բացատրում է Ալեքսանդր Եսայանը, էլեկտրաէներգիա կունենա նաև ձմռանը։

«Հայաստանը արևային էներգետիայի շատ էֆեկտիվ արտադրություն ունի, մոտ 60%-ով ավելի էֆեկտիվ է, քան Եվրոպայում, դիրքի, արևի և ամպերի տարվա միջինով։ Ու BESS համակարգը կծառայի այդ էներգիան կուտակելուն և երեկոյան մեզ հանձնելուն»։

Ինչպես նշում է Եսայանը՝ համապարփակ լուծումներ մշակելու նպատակով միջազգային մասնագետների մի խումբ ընկերության պատվերով ուսումնասիրում է Հայաստանի էներգետիկ ոլորտը։

Էլեկտրաէներգիայի հնարավոր պակասորդի մասին խոսելիս Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը մանրամասնում է, որ ընկերությունը չէր կարող այստեղ գործարան կառուցել և 4 միլիարդ դոլարի ներդրում նախատեսել՝ առանց նախապես բավարարելու էներգետիկ կարիքները։

Տիգրան Ջրբաշյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ Հայաստանը հնարավորություն է ստացել էլեկտրաէներգիա արտահանելու՝ ոչ ուղիղ իմաստով։

«Հայաստանում գտնվող Firebird-ը կարող է թոքեն (հաշվողական ռեսուրսների չափման միավորը,- խմբ․) վաճառել Չիլիից մինչև Ավստրալիա կամ Նոր Զելանդիա»։

Այսինքն՝ այս կենտրոնները Հայաստանում ծախսելու են մեծածավալ էլեկտրաէներգիա, որպեսզի աշխատեցնեն սարքավորումերը, և քանի որ այդ սարքերի արտադրած հաշվողական ուժը (թոքենները) վաճառվում է արտասահմանյան ընկերություններին, Հայաստանը ֆիզիկական հոսանքի փոխարեն արտահանում է դրա թվային արդյունքը։ Արդյունքում Հայաստանն օգուտ է ստանում ընկերության ծախսած էլեկտրաէներգիայից, արտասահմանյան ընկերությունները՝ կենտրոնների հաշվողական ռեսուրսներից։

Մասնագետի կարծիքով՝ Հայաստանն ապագայում ունենալու է էներգետիկ ենթակառուցվածքների համալիր զարգացման կարիք, և պետությունը պետք է սկսի դրանով զբաղվել հնարավորինս շուտ, հստակեցնի ատոմակայանի հետագա զարգացումը, բարելավի էլեկտրական կապուղիները։ Հիշեցնենք, որ Կառավարությունը նախատեսում է մեկնարկել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը։ 

Սրան զուգահեռ՝ վերջերս ուժի մեջ է մտել Կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը, որով գործադիրը խոստանում է սկսել Հայաստանի էներգետիկ վերափոխումը։ Ըստ ծրագրի՝ մինչև 2031 թ․ ներդրվելու են առնվազն 800 ՄՎտ հզորությամբ ժամանակակից պահեստավորման (կուտակիչ) կայաններ, ընդլայնվելու ու բարելավվելու են էլեկտրական ցանցերը։

Կառավարությունը ցանկանում է նաև խթանել Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով: 

Գագարինում ու Հրազդանում գործող տվյալների կենտրոնները կանգնած են հնարավորությունների ու մտահոգությունների մեջտեղում։ Ըստ ընկերությունների՝ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու տեխնոլոգիական էկոհամակարգն ու գրավիչ դարձնելու Հայաստանը ներդրողների համար։ 

Միևնույն ժամանակ, դրանց հետագա ընդլայնումը ավելացնելու է էներգետիկ ռեսուրսների ու համապատասախան ենթակառուցվածքների կարիքը, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքները դեռևս տեսանելի չեն։  

Գծապատկերները՝ Անի Ղևոնդյանի