Վրեժխնդրության ֆենոմենը. ինչո՞ւ հաղթանակը չի դադարեցնում հակամարտության ցիկլը

Ի՞նչ է տեղի ունենում, երբ պատերազմի ավարտն ու հաղթանակը պետությանը չեն վերադարձնում քաղաքական հավասարակշռության, այլ հակառակը՝ հիմք են դառնում քաղաքական նոր պահանջների։ 

44-օրյա պատերազմից հետո Բաքվի որդեգրած կոշտ դիրքորոշումը, Արցախի բնակչության տեղահանումն ու Հայաստանի առջև դրված պահանջները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային կայունության համար և գերազանցում են սովորական քաղաքական մրցակցության սահմանները։ Այս համատեքստում ծագում է առանցքային հարցադրում. արդյոք կարո՞ղ է միջազգային հարաբերություններում կիրառվող վրեժխնդրության տեսությունը բացատրել Ադրբեջանի հետպատերազմյան հավակնությունների ռազմավարությունը և Հայաստանին ներկայացվող պահանջների ու նախապայմանների անվերջանալի շղթան։

Small Wars and Insurgencies ամսագրում հրապարակված հոդվածում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս,  պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից հետո իր հաղթական ելույթներով ու հաղթանակի տոնակատարություններով նպատակաուղղված իրականացնում է վրեժխնդրության քաղաքականություն:

2008-ին ծնված գաղափար, որ դարձավ հետազոտության հիմք

«Ինֆոքոմի» հետ զրույցում Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմում է, որ 2008-2009 թթ․, երբ ինքը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի «Ֆուլբրայթ» ծրագրի հետազոտող էր, քաղաքագիտության դասախոսներից պրոֆեսոր Ռոն Հասները խորհուրդ տվեց ուսումնասիրել քաղաքագետներ Լովենհայմի և Հայմանի աշխատանքը, որը նորովի էր բացահայտում վրեժխնդրության գաղափարը։ 

Վրեժխնդրության ֆենոմենը. ինչո՞ւ հաղթանակը չի դադարեցնում հակամարտության ցիկլը
Վահրամ Տեր-Մաթևոսյանը

Այդ տեսությունը ցույց էր տալիս, որ վրեժխնդրությունը լոկ կենցաղային կամ մշակութային երևույթ չէ, այլ կարող է ծառայել որպես հակամարտությունների և միջպետական բարդ հարաբերությունների վերլուծության լրացուցիչ գործիք։

«2009 թվականից ի վեր այդ գաղափարը մշտապես առկա է եղել իմ հետազոտություններում, ելույթներում ու հարցազրույցներում, սակայն միայն այս հոդվածում հնարավորություն ունեցա դրան տալու կուռ համատեքստ և լիարժեք բովանդակություն»։

Վրեժխնդրության 5 դրսևորումներն ու Բաքվի մոդելը

Հեղինակը մեզ հետ զրույցում բացատրում է քաղաքագետներ Լյովենհայմի և Հայմանի հայեցակարգը, ըստ որի՝ վրեժխնդրության վրա հիմնված պետական քաղաքականությունն ունի մի քանի առանցքային դրսևորում։

  • Առաջինը անհամաչափությունն է, երբ հակամարտության ընթացքում կողմերից մեկը սկսում է առաջնորդվել վրեժխնդրությամբ, և նրա պատասխան հարվածն իր դաժանությամբ ու չափերով բազմակի անգամ գերազանցում է հակառակորդից ստացած սկզբնական վնասը։ Նպատակը հակառակորդին ծայրահեղ ցավ պատճառելն ու նրան լիովին անօգնական վիճակի մեջ դնելն է։  

  • Երկրորդը խորհրդանշականությունն է, երբ թիրախավորվում են հակառակորդի մշակութային ու կրոնական կոթողները՝ նրա ինքնության հիմնասյուները սասանելու և հոգեբանորեն ընկճելու նպատակով։ 

  • Այս ամենն ընթանում է ընդգծված ցուցադրականությամբ, որը տեսության երրորդ դրսևորումն է։ 

  • Չորրորդ դրսևորման համատեքստում «վրեժխնդիր»  վարչակարգերը պատրաստ են զոհաբերել հսկայական նյութական ու քաղաքական ռեսուրսներ՝ հանուն տարածքային ու աշխարհաքաղաքական հավակնությունների, մինչդեռ այդ միջոցները կարող էին ուղղվել տնտեսության արդիականացմանը, սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը։

  • Երկարատևությունը միջազգային հակամարտային հարաբերություններում վրեժխնդրության հինգերորդ դրսևորումն է։ Բուն վրեժխնդրության ծրագրերն ունակ են պահպանվելու ու հետևողականորեն իրագործվելու տասնամյակների ընթացքում՝ անգամ հակամարտության թվացյալ լուծումից հետո: 

 

Հետազոտողի դիտարկմամբ՝ նշված հինգ դրսևորումներն էլ ակնհայտորեն տեսանելի են Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքականության մեջ․ հայության դեմ վրեժխնդրության ինստիտուցիոնալացումը դարձել է Ադրբեջանի քաղաքական մշակույթի, հանրային նախաձեռնությունների, կրթական համակարգի և գերիշխող հանրային խոսույթի բնորոշ գիծը։

Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշում է, որ 1950-ականների վերջերից սկսած՝ Ադրբեջանի քաղաքական և մտավորական էլիտաները համակարգված ազգային հիշողությունը սնում էին «պայթյունավտանգ» նարատիվներով՝ սպասելով դրանք գործի դնելու հարմար առիթի։ Այդ առիթը ստեղծվեց 1980-ականների վերջին, երբ սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը։ Ստեղծված ճգնաժամի պայմաններում՝ 1989 թ․, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» (ԱԺՃ) կուսակցությունը ձևակերպեց երեք հիմնարար սկզբունքներ՝ Հանրապետության ողջ տարածքում բացարձակ ինքնիշխանություն, առանց հանրաքվեի սահմանների փոփոխության բացառում և ինքնավար մարզերը լուծարելու միանձնյա իրավունք։ Չնայած հետագա ներքաղաքական վայրիվերումներին և Ալիևների ռեժիմի կողմից ԱԺՃ-ի հասցեին հնչեցրած քննադատություններին՝ հենց այս երեք դրույթներն էլ 1989-2023 թթ․ կանխորոշեցին Ադրբեջանի ռազմավարության իրավական շրջանակը՝ նախ հանգեցնելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի փաստացի վերացմանն ու, ի վերջո, Արցախի ամբողջական հայաթափմանը։ 

Գիտնականը հոդվածում անդրադառնում է 1994 թ․ զինադադարին նախորդած ադրբեջանական ներքաղաքական ճգնաժամերին և իշխանությունների ձևավորած գաղափարախոսական ու քաղաքական կառուցակարգերին․ Ալիևների իշխանությունը հմտորեն օգտագործեց ադրբեջանական հասարակության պատերազմական հոգեբանական տրավման և դրանով իսկ ինստիտուցիոնալացրեց ու նորմալիզացրեց հակահայկական հռետորիկան։ Արդյունքում՝ ադրբեջանցիների առնվազն երկու սերունդ մեծացավ արմատավորված ատելության նարատիվներով։

Հեղինակը հոդվածում գրում է, որ Արցախի վերաբերյալ քաղաքագիտական վերլուծությունների համաձայն՝ այս երևույթը վերածվում է պետության կողմից ուղղորդվող «վրեժխնդրության մոդելի», որտեղ էլիտաները էթնիկ սիմվոլիզմի միջոցով սնում են «ղարաբաղյան սինդրոմը» և օգտագործում Հայաստանից եկող «գոյութենական վտանգի» թեզը։ Ստեղծելով «արտաքին թշնամու» կերպար՝ նրանք սեփական հասարակությանը համոզում են, որ լեգիտիմ իշխանություն են։

Տեսության գործնական ապացույցները

Գիտնականը հոդվածում հիշատակում է 1998 թ․ Հեյդար Ալիևի հրամանագրով մարտի 31-ը «Ադրբեջանցիների ցեղասպանության օր» հռչակելու փաստը։ Հետազոտողի խոսքով, շրջանցելով վավերագրական պատմագրությունը, այս հրամանագիրը հայերին որակեց որպես «համակարգված ցեղասպանության» հեղինակ՝ ուղղակի կապ ստեղծելով 1918 թ․ Բաքվի և 1992 թ․ Խոջալուի իրադարձությունների միջև։ Իրադարձություններն արհեստականորեն կապելով իրար՝ Բաքուն ստեղծեց «հայկական անվերջանալի ագրեսիայի» կեղծ թեզը, որն այսօր էլ հակահայկական քարոզչության հիմնական հենարաններից է։

Հեղինակը հատկապես կարևորում է Ադրբեջանի կրթական համակարգը, որը դարձել է պետության կողմից նախագծված հակահայկական վրեժխնդրության և հայերի ապամարդկայնացման գլխավոր հարթակ։ Դպրոցական դասագրքերում 1988-1994 թթ․ Արցախյան հակամարտությունը մեկնաբանվում է «արդարացի պատերազմի» պրիզմայով՝ միտումնավոր աղավաղելով հայկական պատմական ու մշակութային ժառանգությունը։ Հոդվածում հեղինակը նշում է՝ ուսումնական ծրագրերով իրականացվող այս համակարգված քաղաքականությունը, որը նպատակ ունի նոր սերնդի մեջ սերմանելու ծայրահեղ աշխարհայացք, արձանագրվել է նաև միջազգային մակարդակով․ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն պաշտոնական մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական դասագրքերը բացահայտորեն հրահրում են ռասայական ատելություն հայերի նկատմամբ։ 

Վահրամ Տեր-Մաթևոսյանը գրում է, որ 2004-2010 թթ․ տեղի ունեցած մի քանի առանցքային իրադարձություններ կանխորոշեցին հայատյացության և մշակութային վանդալիզմի պետական հովանավորչության ադրբեջանական մոդելը։ Առաջինը Ռամիլ Սաֆարովի դեպքն էր. 2004-ին Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած և Հունգարիայում ցմահ դատապարտված մարդասպանին Բաքուն 2012-ին հերոսացրեց ու ազատ արձակեց։ Երկրորդը 2010 թ․ դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դեպքն էր․ վերջինս, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հանկարծակի հարձակվել էր հայկական դիրքերի վրա և սպանել 4 հայ զինծառայողի։ Սաֆարովի և Իբրահիմովի գործողությունները պաշտոնական Բաքուն վերածեց «ազգային հերոսության» օրինակի՝ խրախուսելով վրեժխնդիր վարքագիծը մարտի դաշտում։ 

Վահրամ Տեր-Մաթևոսյանը մեզ հետ զրույցում բացատրում է, որ 1994 թ․ հետո պարտված ադրբեջանական բանակը չուներ հայկական հերոսների նման կերպարներ։ 2010-ականների կեսերից սկսեցին առաջ քաշվել անհատների կերպարներ, որոնք կա՛մ Արցախյան առաջին պատերազմում աչքի էին ընկել հերոսությամբ ու զոհվել մարտի դաշտում, կա՛մ, օրինակ, ճակատամարտերում կարողացել էին որոշակի բեկում մտցնել։ Մեզ հետ զրույցում հեղինակը նշում է, որ Ադրբեջանը լայն առումով չուներ կերպարներ, որոնցով պետք է սերունդներ դաստիարակեր՝ բացի Հեյդար Ալիևից։ Հետևաբար, հայկական զինվորականության հերոսական պլեադային հակադրվելու համար Ադրբեջանը ստիպված էր «ծնել», ստեղծել կամ հնարել հերոսական ռազմական կերպարներ ու ազգային հերոսներ։

Վրեժխնդրության ֆենոմենը. ինչո՞ւ հաղթանակը չի դադարեցնում հակամարտության ցիկլը

Հոդվածում Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշում է, որ 2021 թ․-ից ի վեր Ադրբեջանն Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացնում է զանգվածային ենթակառուցվածքային վերակառուցումներ և մինչ այս ծախսել է արդեն շուրջ 12․6 միլիարդ դոլար։ Հսկայական ծախսեր պահանջող այս նախագծերը համապատասխանում են Լյովենհայմի և Հայմանի տեսության դրսևորումներից մեկին՝ նյութական ծախսերի նկատմամբ ցածր զգայունությանը ։ Պետական բյուջեի մոտ 10%-ին հասնող ծախսերը Բաքվի վարչակարգի համար խորհրդանշական նշանակություն ունեն․ դրանցով Բաքուն ցույց է տալիս, որ պատրաստ է հսկայական ֆինանսական զոհողությունների՝ միայն թե հակառակորդին տևական բարոյահոգեբանական ու խորհրդանշական հարված հասցնի։

Գիտնականն իր հետազոտությունում անդրադառնում է նաև 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմանը, որն Արցախում առաջացրեց հումանիտար աղետ։ Հեղինակը գրում է, որ  հենվելով Ռաֆայել Լեմկինի տերմինաբանության վրա՝ հետազոտող Էլիզ Սեմերջյանը  Բաքվի այս մարտավարությունը որակում է որպես «հյուծման ցեղասպանություն», որի ընթացքում արհեստական սովն ու ծայրահեղ զրկանքները կիրառվում են որպես զանգվածային ոչնչացման զենք։ Ադրբեջանը մարդկանց դիտավորյալ մատնում էր սովի և զուգահեռաբար շինծու պատրվակներով ցուցադրաբար ձերբակալում քաղաքացիական անձանց․ սա կանխամտածված քայլ էր, որն, ի վերջո, Արցախն ամբողջովին հայաթափելու նախադրյալներ ստեղծեց։  2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ իննամսյա հյուծող շրջափակումից հետո, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն ձեռնարկեց Արցախի կտրուկ թուլացած պաշտպանական ուժերի դեմ։ Չնայած ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությանը՝ 24-ժամյա ինտենսիվ մարտերը Արցախում հանգեցրին զգալի թվով զոհերի, ինչին հաջորդեց Արցախի քաղաքական կառույցների կապիտուլյացիան։ Արդյունքում, ըստ հետազոտողի, իրագործվեց էթնիկ զտման կանխամտածված արարք. հրադադարից հետո՝ ընդամենը 10 օրվա ընթացքում, ավելի քան 100 000 արցախահայեր հարկադրված լքեցին իրենց պատմական հայրենիքը և տեղահանվեցին Հայաստանի Հանրապետություն։ 

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի՝ 2023 թ․ սեպտեմբերյան ագրեսիան կրում էր ընդգծված բացահայտ և խորհրդանշական բնույթ՝ համապատասխանելով Լյովենհայմի և Հայմանի «վրեժխնդրության քաղաքականության» մոդելին։ Արցախի բնակչության բռնի տեղահանմանը զուգահեռ՝ ռազմաքաղաքական էլիտայի ցուցադրական ձերբակալություններով և նվաստացման կադրերի հանրայնացմամբ Բաքվի վարչակարգն ահաբեկում էր հայ հանրությանը։ Ըստ հետազոտողների՝ այս քայլերով Բաքուն փորձում էր վրեժն ավելի տեսանելի դարձնել, որպեսզի սեփական հասարակությանը ցույց տա, որ պարտություններն անցյալում են, ու կերտի հաղթանակի և դրա անշրջելիության մասին պաշտոնական թեզը։

Վրեժի նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Արցախում հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը։ Հեղինակը գրում է, որ  չնայած ՄԱԿ-ի հորդորներին՝ ձեռնարկելու հայկական մշակութային արժեքների պահպանման միջոցներ և կազմակերպելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային առաքելության այց, Ադրբեջանը տարիներ շարունակ արգելափակում է որևէ միջազգային կազմակերպության մուտքն Արցախ։ Հուշարձանների վրայից հայերեն արձանագրությունների հեռացումը, հայկական վանքերի ինքնության ժխտումն ու դրանց կեղծ «ալբանականացումը» դարձել են ադրբեջանական մշակութային ռևանշիզմի հիմնական գործիքները, ինչն էլ ավելի ինտենսիվացավ 2023 թ․ արցախահայության բռնի տեղահանումից հետո։ Այսպիսով, հեղինակը գրում է, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի պետական քաղաքականությունը հանգում է տարածքի ֆիզիկական յուրացմանը, նոր մշակութային ինքնության «ավանդույթի ձևավորմանը»՝ հայկական հետքի համակարգված ջնջման միջոցով։

Վրեժխնդրության հետևանքները. ինչո՞ւ Բաքվի պահանջները չեն ավարտվում

Վահրամ Տեր-Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունն ու տարածաշրջանային ամբիցիաներն արտահայտվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնություններով։ Քաղաքագետ  Լոուրենս Բրոերսն ադրբեջանական այս ծավալապաշտական քաղաքականությունն անվանել է «ընդլայնված Ադրբեջան»։ Այս քաղաքականության հիմքը դրվել է դեռևս 1998 թ. Հեյդար Ալիևի հրամանագրով, որով շրջանառության մեջ դրվեց, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ 2020 թ․ հետո Բաքվի նախագահական աշխատակազմի ուղղակի ֆինանսավորմամբ և Իլհամ Ալիևի հռետորաբանությամբ այս նախագիծն ինստիտուցիոնալացվեց՝ վերածվելով կազմակերպված մեդիաարշավների և պետական կառույցների ստեղծման։

Նախագծի առանցքային թեզերից է 300 000 ադրբեջանցիների «վերադարձի իրավունքը», որը Բաքուն ներկայացնում է որպես մարդու իրավունքների սկզբունք՝ միտումնավոր լռության մատնելով 1988-1990 թթ. ջարդերի հետևանքով Ադրբեջանից բռնի տեղահանված 350 000 և 2020-2023 թթ. Արցախից բռնի տեղահանված 150 000 հայերի իրավունքները։ Ըստ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026 թ․ զեկույցի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստորագրված՝ Վաշինգտոնի հռչակագրից հետո ադրբեջանական այս ագրեսիվ քարոզչության ակտիվացումը լուրջ ռիսկի գործոն է, որը խարխլում է տարածաշրջանային կայունությունը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը։

Վահրամ Տեր-Մաթևոսյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանը դա քողարկված չի անում և իր նպատակները հայկական կողմին փոխանցում է ոչ թե բանակցությունների ընթացքում, այլ դրանց մասին հայտարարում է բացահայտ ու ցուցադրական՝ հասկանալու համար, թե որքանով է զգայուն ադրբեջանցիների՝ Հայաստան հնարավոր վերադարձի թեման։ Հեղինակի դիտարկմամբ՝ այս փաստն ամբողջությամբ տեղավորվում է վրեժխնդրության տեսության տրամաբանության մեջ։

Վրեժխնդրության ֆենոմենը. ինչո՞ւ հաղթանակը չի դադարեցնում հակամարտության ցիկլը

Գիտնականը մեզ հետ զրույցում նաև նշում է, որ եթե տեղի չի ունենում վրեժի ինստիտուցիոնալ վերարտադրության մեխանիզմների ապամոնտաժում, ապա երկարաժամկետ խաղաղության մասին խոսելիս բազմաթիվ հարցեր են առաջանում։ Հետազոտողը կարևոր հարցադրում է անում․ որքանո՞վ է Ադրբեջանն այս անգամ ինստիտուցիոնալացնում խաղաղությունը։ Ըստ նրա՝ Հայաստանում 2021 թ․ հետո, ի հեճուկս տարածքային, մարդկային, ինչպես նաև Արցախի կորստի, իշխանությունները խաղաղության գործոնը հստակ բարձրացրել են ինստիտուցիոնալ մակարդակի․ այն նույնիսկ դարձել է կառավարող կուսակցության քաղաքական հռետորաբանության ու իրականացվող քաղաքականության ու հավատամքի հիմքը։ 

Հեղինակը շեշտում է, որ Ադրբեջանի պարագայում հակառակն է․ վրեժխնդրության շարունակական ինստիտուցիոնալացումը ուժգնացել է 2020 թ․-ից ի վեր։ Բաքվի վրեժխնդրության քաղաքականությունն արտահայտվում է նաև հայկական կողմից մերժվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք» և «ադրբեջանցիների վերադարձ» տերմինների հետևողական շրջանառմամբ։ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունն այս պատումների առաջմղումը համարում է առաջնահերթ ռիսկի գործոն։ Ըստ ծառայության զեկույցի՝ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք Բաքուն այս նոր ազգային գաղափարախոսությամբ պատրաստվում է հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարա՞ծք, թե՞ այն օգտագործում է որպես դիվանագիտական սակարկության գործիք՝ արցախահայերի վերադարձի հարցը չեզոքացնելու համար։ 

Գիտնականը մեզ հետ զրույցում անդրադառնում է նաև Թուրքիայի դիրքորոշմանը․ մասնավորապես 2020 թ․ Թուրքիան Հայաստանին ասում էր․ «Լուծե՛ք Արցախի հարցը, վերականգնե՛ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մեր հարաբերությունների կարգավորումն ավելի իրատեսական կդառնա»։ Սակայն 2021–2023 թթ․ հետո, երբ Արցախը փաստացի հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, Թուրքիան առաջ քաշեց նոր նախապայմաններ, որոնք մինչև 2020 թ․ չէին հնչեցվել։ 

«Հայաստանն, ըստ էության, հայտնվել է նախապայմանների քաղաքական «սենդվիչի» մեջ։ Եթե անգամ հավատանք, որ Ադրբեջանի պահանջները լուրջ են, կամ եթե փաստաթուղթ ստորագրվի Վաշինգտոնում, միևնույն է՝ հարց է առաջանում․ իսկ եթե դրան հաջորդեն նոր նախապայմաններ։ Ի՞նչ է լինելու [Հայաստանի և Ադրբեջանի միջև] սահմանազատման կամ Արցախի հիմնախնդրի հետ։ Թեև Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, թե Արցախյան շարժման էջը փակված է, սակայն սա միայն քաղաքական հայտարարություն է, և դեռ հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեն մյուս շերտերում»։

Վահրամ Տեր-Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում ավելի շատ արժևորում են բանակցային բուն գործընթացը, քան դրա վերջնական արդյունքը։ Բանակցությունների արդյունավետության գլխավոր խոչընդոտը կողմերի ակնկալիքների խորքային տարբերությունն է։ Ըստ հետազոտողի՝ եթե Հայաստանը կանգնած է լուրջ կորուստների վտանգի առջև և ցանկանում է հարցին վերջնական լուծում տալ հենց հիմա, ապա Ադրբեջանը գերադասում է ձգձգել պրոցեսը՝ ակնկալելով հավելյալ զիջումներ։ 

Այսպիսով, հեղինակը եզրակացնում է, որ Լյովենհայմի և Հայմանի վրեժխնդրության մոդելի կիրառումը թույլ է տալիս հասկանալ Հայաստանի ու հայերի դեմ Ադրբեջանի ռևանշիստական վարքագիծը։ Թեև 2023 թ․ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո Բաքվում առկա է հակամարտության «վերջնական լուծման» հռետորաբանություն, պետությունը շարունակում է հրահրել ու հովանավորել հակահայկականությունը։ Անգամ Արցախը և ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը օկուպացնելուց հետո Ադրբեջանի՝ հայերին ապամարդկայնացնող հռետորաբանությունն ու Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը դարձել են ավելի համակարգված։ Խաղաղության բանակցությունների քողի տակ Բաքուն առաջ է քաշում պահանջներ՝ ամբողջությամբ բացառելով համակեցության կամ արցախահայերի վերադարձի հարցի քննարկումը։ Ըստ գիտնականի՝ քանի դեռ Ադրբեջանում չի ապամոնտաժվել ինստիտուտցիոնալացված ու կառուցակարգված վրեժխնդրությունը, դժվար կլինի խոսել ինստիտուցիոնալացված տարածաշրջանային խաղաղության մասին։

Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Կարդացեք նաև  «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ ««Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ»

«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։