Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար կարող են սահմանվել նոր պահանջներ․ օտարերկրացիները, այդ թվում՝ ազգությամբ հայերը, պետք է ունենան օրինական բնակություն և որոշակի ժամանակ փաստացի գտնված լինեն Հայաստանում։ Առաջարկվում է նաև երդման արարողությունը կազմակերպել բացառապես ՀՀ տարածքում, իսկ քաղաքացիություն ստանալու պետական տուրքը 50 հազարից դարձնել 250 հազար դրամ։ Քաղաքացիությունից հրաժարվելու համար տուրքը կարող է հասնել 1,5 միլիոն դրամի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների հիմնական նպատակը քաղաքացիության ինստիտուտի վերաիմաստավորումն է և պետության ու քաղաքացու միջև իրական ու կայուն կապի ապահովումը։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։
ՀՀ քաղաքացի ճանաչելու՝ «Քաղաքացիության մասին» օրենքով նախատեսված առանձին հիմքը կարող է վերացվել։ Կառավարության հիմնավորմամբ՝ այս կարգավորումը ստեղծվել էր հիմնականում ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո առաջացած անցումային խնդիրները լուծելու համար, իսկ այսօր դրա անհրաժեշտությունը զգալիորեն նվազել է։ Միաժամանակ, պաշտոնական տվյալներով՝ միայն 2021-2026 թվականներին այս հիմքով ՀՀ քաղաքացի է ճանաչվել 614 անձ։
Քաղաքացիությունը՝ ոչ միայն անձնագիր
Նոր օրենսդրական նախագծով նախատեսվում է բոլոր օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար սահմանել օրինական բնակության պահանջ, ինչպես նաև՝ մինչև դիմում ներկայացնելը Հայաստանում որոշակի ժամանակ փաստացի գտնվելու պարտադիր պայման։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ ներկայում քաղաքացիների մի մասը Հայաստանի հետ բավարար փաստացի կապ չունի և քաղաքացիությունն օգտագործում է հիմնականում ճամփորդական կամ այլ գործնական առավելություններ ստանալու համար։
Թվային շեշտադրում
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիություն է ստացել 110 219 անձ, իսկ 108 002 անձ ստացել է «099» ծածկագրով անձնագիր։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։
Նոր մոտեցմամբ նախատեսվում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգում ավելի մեծ նշանակություն տալ Հայաստանում փաստացի գտնվելուն և օրինական բնակությանը։
Ո՞վ պետք է օրինական բնակվի Հայաստանում
Նախագծով առաջարկվում է օրինական բնակության պահանջ սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար՝ այդ թվում ազգությամբ հայերի։
Բացի դրանից, նախատեսվում է նաև ֆիզիկական ներկայության պահանջ․ դիմելուց առաջ անձը պետք է որոշակի ժամանակահատված փաստացի գտնված լինի Հայաստանում։
Միաժամանակ, ազգությամբ հայերի համար նախատեսվում է ավելի պարզեցված ժամկետային կարգավորում՝ հաշվի առնելով Սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները։
Այսինքն՝ միայն հայկական ծագում ունենալը ինքնին բավարար չի լինի․ նախատեսվում է նաև Հայաստանի հետ որոշակի իրական կապի առկայություն։
Հայկական ծագումը պետք է ավելի խիստ ապացուցվի
Փոփոխությունների կարևոր ուղղություններից մեկը վերաբերում է «ազգությամբ հայ» լինելու հանգամանքի հաստատմանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող համակարգում ներկայացվող փաստաթղթերի առկայությունը միշտ չէ, որ բավարար է դրանց իսկությունը, փոխկապակցվածությունն ու ամբողջականությունը գնահատելու համար։
Առանձին դեպքերում, ըստ հիմնավորման, հայտնաբերվել են նաև կեղծված կամ փոփոխված փաստաթղթեր, որոնցում, օրինակ, դիմողի ծնողի, տատի, պապի կամ այլ ազգականի ազգության վերաբերյալ տվյալները փոփոխվել են կամ նշվել է «հայ»։
2023-2026 թվականներին բացահայտվել է նման 71 դեպք․
Նախագծի համաձայն՝ նման դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են իրավասու քննչական մարմիններ։
Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է ստեղծել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող հանձնաժողով։ Հանձնաժողովի գործունեության կարգն ու լիազորությունները պետք է սահմանվեն Կառավարության կողմից։
Այսպիսով, փաստաթղթերի պարզապես առկայությունը կարող է այլևս բավարար չլինել․ նախատեսվում է դրանց փոխկապակցված և համակողմանի ուսումնասիրության մեխանիզմ։
Քաղաքացիության մասին հրամանագիրը մեկ տարի «կսպասի»
Նախագծով առաջարկվում է փոխել նաև քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելու կարգը։
Առաջարկվող նոր մեխանիզմով՝ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ոչ թե դրա ընդունման պահին, այլ անձի կողմից երդման տեքստը ստորագրելու պահից։
Սակայն կա կարևոր ժամկետ․ անձը պետք է երդման արարողությանը մասնակցի և երդման տեքստը ստորագրի հրամանագրի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում։
Եթե մեկ տարվա ընթացքում երդումը չստորագրվի, հրամանագիրը ուժի մեջ չի մտնի։
Այս դեպքում անձը չի կորցնի ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը․ նա կարող է կրկին դիմել քաղաքացիություն ստանալու համար՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
Երդման արարողությունը՝ միայն Հայաստանում
Նախագծով նախատեսվում է նաև, որ երդման արարողությունը կկազմակերպվի և կանցկացվի բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։
Այս փոփոխության նպատակն է քաղաքացիության ձեռքբերման գործընթացն ավելի հստակ կապել Հայաստանի հետ ձևավորվող իրավական կապի հետ։
Քաղաքացիությունից հրաժարվելուց հետո՝ 5 տարի սպասել
Նախագծով նախատեսվում է սահմանափակել նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձանց կողմից այն կրկին վերականգնելու հնարավորությունը։
Գործող կարգավորման պայմաններում քաղաքացիությունից հրաժարվելուց հետո այն վերականգնելու համար նվազագույն ժամանակային սահմանափակում նախատեսված չէ։
Նոր կարգավորմամբ առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու և այն վերականգնելու միջև սահմանել 5 տարվա նվազագույն ժամանակահատված՝ ՀՀ նախագահի՝ քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո։
Հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությունը պետք է կանխի քաղաքացիության իրավիճակային կամ գործիքային օգտագործումը։
Նախագծի հեղինակները, մասնավորապես, մատնանշում են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիությունից հրաժարվելը կարող է կապված լինել որոշ պարտավորություններից խուսափելու կամ դրանք հետաձգելու հետ, իսկ հետագայում քաղաքացիությունը վերականգնելու միջոցով անձը կրկին ցանկանում է օգտվել քաղաքացիությունից բխող իրավունքներից և հնարավորություններից։
Որ դեպքերում կարող են մերժել քաղաքացիություն ստանալու դիմումը
Նախատեսվում է հստակեցնել նաև քաղաքացիություն շնորհելու մերժման հիմքերը։
Դիմումը կարող է մերժվել, եթե անձն իր գործունեությամբ վնասում է կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել՝
Միաժամանակ, համապատասխան պետական մարմնի եզրակացությունը պետք է պատճառաբանված լինի և պարունակի այն փաստական հանգամանքներն ու ռիսկերը, որոնց հիման վրա արվել է համապատասխան եզրահանգումը։
Սակայն այստեղ ևս կա կարևոր առանձնահատկություն․ եթե մերժման հիմքում պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնի տեղեկություններ են, ապա Նախագահի մերժման հրամանագիրը կարող է չպարունակել այդ հիմքերի մանրամասն հիմնավորումը։
Այսինքն՝ հիմնավորման անհրաժեշտությունը տեղափոխվում է վարչական վարույթի նյութեր, որպեսզի մի կողմից որոշման համար լինեն փաստական հիմքեր, իսկ մյուս կողմից չբացահայտվեն գաղտնի տեղեկությունները։
Կարո՞ղ է դատարանը փոխել նախագահի որոշումը
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ Նախագահի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հայեցողական լիազորությունը չի կարող փոխարինվել վարչական կամ դատական կարգով։
Սակայն սա չի նշանակում, որ Նախագահի որոշումն ամբողջությամբ դուրս է դատական վերահսկողությունից։
Դատարանը կարող է ստուգել, օրինակ՝
Միևնույն ժամանակ, դատարանը չի կարող իր նպատակահարմարության գնահատմամբ փոխարինել Նախագահի՝ օրենքով վերապահված հայեցողական ընտրությունը։
Կվերանա՞ միջգերատեսչական հանձնաժողովը
Նախագծով առաջարկվում է դադարեցնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ուսումնասիրության համար գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը։
Հիմնավորման համաձայն՝ հանձնաժողովի լրացուցիչ քննարկումները գործնականում հազվադեպ են հանգեցնում նախնական բացասական որոշումների փոփոխության։
Դրա արդյունքում, ըստ նախագծի հեղինակների, հանձնաժողովի աշխատանքը ստեղծում է լրացուցիչ վարչական և մարդկային ռեսուրսների ծախս՝ առանց որոշումների որակի էական բարձրացման։
Հանձնաժողովի վերացումը, ըստ նախագծի, չի նշանակում վերահսկողության կամ մասնագիտական գնահատման վերացում․ անհրաժեշտ ուսումնասիրությունները շարունակելու են իրականացվել իրավասու պետական մարմինների կողմից։
Քաղաքացիություն ստանալը կարող է 5 անգամ թանկանալ
Նախագծի ամենաշոշափելի փոփոխություններից մեկը պետական տուրքի բարձրացումն է։
Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար գործող 50 000 դրամ պետական տուրքը դարձնել 250 000 դրամ։
Այսինքն՝ վճարը կավելանա 200 000 դրամով կամ 5 անգամ։
Իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար գործող 150 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 500 000 դրամ։
Տուրքերի տարբեր չափերը նախագծի հիմնավորման մեջ բացատրվում են քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման իրավական բնույթի տարբերությամբ․ առաջին դեպքում ձևավորվում է նոր իրավական կապ, իսկ երկրորդ դեպքում դադարեցվում է արդեն գոյություն ունեցող կապը։
Ինչո՞ւ են առաջարկում այս փոփոխությունները
Նախագծի հեղինակների ընդհանուր մոտեցումն այն է, որ քաղաքացիությունը պետք է լինի ոչ թե պարզապես փաստաթուղթ կամ գործնական առավելություններ ստանալու միջոց, այլ Հայաստանի և անձի միջև իրական ու կայուն կապի արտահայտություն։
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է՝
Նախագիծը մշակել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Դրա ընդունման դեպքում փոփոխություն կպահանջվի նաև ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշման մեջ։
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։