ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում | 1lurer.am

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատել է աշխատակարգը, ինչպես նաև քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վրույր Այվազյանի թեկնածությունը։

Նրա կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ ընտրվելու պարագայում թեկնածուն իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով հանձնաժողովի շրջանակում կնպաստի խորհրդարանական վերահսկողության բարձրացմանն ու արդյունավետ աշխատանքին։

Ելույթ ունենալով՝ Վրույր Այվազյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Իմ խնդիրն է լինելու խորհրդարանական վերահսկողության շրջանակում անել առավելագույնը, որպեսզի կարողանանք ապահովել հանձնաժողովի բնականոն ընթացքը»,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստակամ է իր գիտելիքների, հմտությունների և փորձառության առավելագույնը ներդնել այդ աշխատանքում։

Քվեարկության արդյունքում Վրույր Այվազյանը չի ընտրվել՝ չստանալով բավարար թվով կողմ ձայներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն