factor.am Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Էլմեդին Կոնակովիչը հայտարարել է Սերբիայում երկրի դեսպանատան աշխատակիցներին հետ կանչելու մասին, հայտնում է Televizija K3-ը։ Նա նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունում կմնան միայն դեսպանը և հյուպատոսը, և միայն այն պատճառով, որ ինքը չունի նրանց հետ կանչելու լիազորություններ, փոխանցում է The Insider-ը։
Այս որոշումը պայմանավորված է Բելգրադում կայացած Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի հուղարկավորությամբ, որը դատապարտվել է միջազգային քրեական տրիբունալի կողմից և մահացել Հաագայի բանտային հիվանդանոցում։
Կոնակովիչը հայտարարել է, որ հանձնարարել է Սերբիայից դուրս բերել գրեթե բոլոր դիվանագետներին՝ բացառությամբ դեսպանի և հյուպատոսի, քանի որ Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի լիազորությունների շրջանակում չէ նրանց հետ կանչելը։
Նա իր որոշումը բացատրել է Սերբիայի և Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինայի մաս) բազմաթիվ պաշտոնական ներկայացուցիչների՝ Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Բելգրադում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանության աշխատանքը կապահովեն Չեռնոգորիայում և Խորվաթիայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։
Ինչպես նշում է տեղական Vijesti պորտալը, Կոնակովիչը խոստացել է նամակներ ուղարկել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Եվրամիության ղեկավարությանը՝ խնդրելով «կոշտ» արձագանքել Բելգրադում Մլադիչի հուղարկավորությանը։ Նա հավելել է․ «Եթե ես կարողանայի, այսօր իսկ կխզեի Սերբիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները։ Եթե նման լիազորություններ ունենայի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում