Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 20-ին։ Ժամը 20:40-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդու։ Իր վարած «Մերսեդեսով» հանդերձ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6,29 գրամ հերոինով լցված չորս փաթեթ։
Սա օպերատիվ տեղեկության իրացման միայն առաջին փուլն էր։ Տեղեկություն կար նաև, որ երևանցուն թմրամիջոցները պարբերաբար իրացրել են Նոր Խարբերդում բնակվող երկու օտարերկրացի տղամարդ։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հանցագործության ամբողջ շղթայի բացահայտմանն ուղղված հետագա աշխատանքն իրականացվել է իրավապահների ակտիվ համագործակցությամբ։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին օգոստոսի 31-ին։
Հատուկ միջոցառման արդյունքում՝ 20 գրամ հերոինը 300 հազար դրամով իրացնելու պահին 62-ամյա և 46-ամյա օտարերկրացիները ձերբակալվել են։
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 46-ամյա օտարերկրացու բնակության վայրում։ Հայտնաբերվել է 132 գրամ հերոին, կես գրամ ափիոն, 6,5 հաբ մեթադոն և հոգեմետ 20 դեղահաբ։
Օտարերկրացիները կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։