azatutyun.am Իրանի հետ վեց ամսից ավելի տևած պատերազմը կավարտվի նոյեմբերին անցկացվելիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից «անմիջապես» հետո, նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը:
«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո», քանի որ Իրանն այլևս չի կարող դիմանալ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Թեհրանն այս ընտրությունների վրա «ազդելու հուսահատ փորձեր» է անում:
Իրանի հետ պատերազմը, ինչպես սպասվում է, մեծ ազդեցություն կունենա ընտրությունների վրա։ Հակամարտությունը շատ ամերիկացիների շրջանում ժողովրդականություն չի վայելում, իսկ պատերազմի պատճառով բենզինի գնի աճն իր հերթին ավելանում է տնտեսական դժվարություններին, որոնց բախվում են ընտրողները:
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, չնայած հավելել է, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ։
Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին համաձայնագիրը: Վերջին շաբաթներին կողմերը կրկին սկսել են պարբերաբար հարվածներ հասցնել միմյանց: