armenpress.am ՄԱԿ-ում Իրանի դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում հայտարարել է, որ Իրանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող 27 ավիաընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործության դրսևորում են»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Դարզին նամակն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները խոչընդոտում են օդանավերի պահեստամասերի, սարքավորումների, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, զննման և այլ ծառայությունների հասանելիությունը, ինչն անհրաժեշտ է քաղաքացիական օդանավերի անվտանգ շահագործման համար։
Նրա պնդմամբ՝ այդ իրավիճակն ուղևորներին և ավիացիայի ոլորտի աշխատակիցներին ենթարկում է ռիսկերի և միաժամանակ սահմանափակում միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժը։
Դարզին նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները նաև հակասում են 2018 թվականի հոկտեմբերի 3-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Նրա խոսքով՝ դատարանը հաշվի էր առել ԱՄՆ-ի միջոցների հնարավոր ազդեցությունը քաղաքացիական ավիացիայի անվտանգության և օգտվողների կյանքի վրա և Միացյալ Նահանգներին պարտավորեցրել էր վերացնել Իրան քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ազատ արտահանման խոչընդոտները։
«Իրանի քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ և լայնածավալ ծանր զրկանքների ենթարկելու նպատակով տնտեսական և ֆինանսական միջոցների համակարգված կիրառումը՝ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով, տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործության դրսևորում է», – հայտարարել է Իրանի ներկայացուցիչը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում