azatutyun.am Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն առաջ է ընթանում շատերի սպասածից ավելի արագ, «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեն, ով հւնիսին այցելել է Ադրբեջան, իսկ օգոստոսին՝ Հայաստան՝ հանդիպելով երկու երկրների ղեկավարների հետ:
Կոնգրեսականը կանխատեսում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ ավելի շուտ։
Արիզոնայից ընտրված հանրապետական Համադեն, որը Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի և Վետերանների հարցերով հանձնաժողովների անդամ է, Կոնգրեսում ակտիվորեն ներգրավվել է Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։
Սեպտեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Համադեն առաջարկվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը բնութագրել է որպես զուտ տնտեսական ծրագրից շատ ավելին՝ պնդելով, որ այն կարող է քաղաքական և տնտեսական առումով ավելի սերտորեն կապել Հայաստանն ու Ադրբեջանը՝ միաժամանակ Հարավային Կովկասը բացելով արևմտյան առևտրի և ներդրումների համար։
ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության գործընթացի շրջանակում ներկայացված TRIPP-ը նախատեսում է երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքներ, նավթի ու գազի հնարավոր խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի և էլեկտրաէներգետիկ նախագծեր։
«Ազատություն»․ – Դուք վերջերս այցելել եք Ադրբեջան և Հայաստան և հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ։ Ի՞նչ խոչընդոտներ դեռ պետք է հաղթահարվեն, որպեսզի խաղաղության մասին հռչակագիրը վերածվի վերջնական և տևական խաղաղության։
Աբրահամ Համադե․ – Կարծում եմ՝ պետք է նայենք, թե որտեղ էինք ընդամենը մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանն էին։ Ոչ ոք չէր սպասում, որ նման բան տեղի կունենա, առավել ևս՝ այսքան արագ։ Այնտեղ խաղաղության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց, և հիմա գործընթացը մեծ թափով առաջ է գնում։ Նախագահ Թրամփն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն չափազանց կարևոր դեր են ունեցել, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնիսկ այցելել է տարածաշրջան։ Կարծես ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաները հավատարիմ են այս գործընթացին։
Իմ ներգրավվածությունն այս հարցում սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումներից, ապա ես նրանց համախմբեցի։ Երկուսն էլ եկել են Արիզոնա՝ եղբորս տուն։ Երկուսն էլ մասնակցել են Մար-ա-Լագոյում կազմակերպված միջոցառման։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, ուստի փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի այս խաղաղությունն ամրապնդվի։
Եթե կան խոչընդոտներ, ապա, անկեղծ ասած, դրանք հիմնականում ժամանակի հետ են կապված։ Տասնամյակներ տևած պատերազմներից հետո զգացմունքների հանդարտման համար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց Բաքվում և Երևանում իմ ունեցած փորձից դատելով՝ ամեն ինչ շատ սահուն է ընթանում, և երկու կողմերն էլ լիովին հանձնառու են Հարավային Կովկասում խաղաղություն ու բարգավաճում ապահովելուն։
«Ազատություն»․ – Հաջորդ մարտահրավերը պայմանավորվածությունների իրականացումն է։ Ինչպիսի՞ն պետք է լինի խաղաղությունը գործնականում՝ սահմանների, տրանսպորտի, առևտրի, բանտարկյալների և անվտանգության առումով։
Համադե․ – Այո՛, իհարկե, դեռ որոշ մարտահրավերներ կան։ Կան բանտարկյալներ, որոնց հայերը ցանկանում են վերադարձնել Ադրբեջանից։ Այս բոլոր հարցերի շուրջ յուրաքանչյուր կողմ ունի իր տեսակետը։
Կարծում եմ՝ այն գործոններից մեկը, որը կօգնի, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն են, այլև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, որոնց նշանակությունը, իմ կարծիքով, վերջին շրջանում փոքր-ինչ թերագնահատվել է։ Դեռևս 2022 թվականին երկու կողմերը համաձայնել էին բացել սահմանը՝ սկզբնական փուլում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դա դեռ չի իրականացվել։ Հույս ունենք տեսնել սահմանի բացումը, որպեսզի Հայաստանը առևտրի ևս մեկ ուղի ստանա՝ Ռուսաստանից, Վրաստանից կամ Իրանից բացի։ Ուստի պետք է ապահովենք Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը։
Պետք է նաև ապահովենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև TRIPP նախագիծը հաջողությամբ իրականացվի։ Բայց, կրկին, այս ամենից ընդամենը մեկ տարի է անցել, և պատմական չափանիշներով դա շատ կարճ ժամանակ է։ Ամեն ինչ լավ է ընթանում, երկու երկրների ղեկավարներն էլ մեծ ժողովրդականություն են վայելում իրենց երկրներում, և նրանց համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի աջակցությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում