Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ:
Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան վարժարանի սաներին ընդունել է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Պողոսյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խորհրդարանական Քրիստինե Վարդանյանը զրուցել են «Մենք» նախաձեռնության անդամների հետ:
Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը և Արաքսյա Վարդանյանը հյուրընկալել են Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին:
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները։ Նրանք պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, իրականացվող կրթական ծրագրերին։
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը: