armenpress.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) այն պնդումը, թե Պանամայի դրոշի ներքո ընթացող լցանավը Հորմուզի նեղուցում պայթել է ծովային ականից, սուտ է։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Պանամայի դրոշի ներքո նավարկող El Gaia լցանավը խոցվել է իրանական հրթիռով և շարքից դուրս եկել անցյալ ամիս։ Այս հանգստյան օրերին Իրանը կրկին այդ նավի վրա է գրոհել անօդաչու թռչող սարքով, երբ նավը գտնվում էր Օմանի առափնյա ջրերում։ Ներկայում լցանավը քարշակվում է տարածաշրջանային գործընկերոջ կողմից», – ասվում է X հարթակում CENTCOM-ի տարածած հաղորդագրության մեջ։
«ԻՀՊԿ-ի կեղծ պնդումը ստի և ահաբեկման փորձի հերթական օրինակն է, որոնց նրանք դիմում են՝ խոչընդոտելու առևտրային նավերի շարժը նեղուցում», – հավելել է հրամանատարությունը։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ լցանավը պայթել է ականի վրա և բռնկվել, երբ փորձում էր անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որը կորպուսը հայտարարել էր փակ գոտի։