ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում | factor.am

ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պարզաբանում են, որ խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարարող կազմակերպությունը, իսկ պետական վերահսկողությունը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ ՀՎԿԱԿ-ը, իր հերթին, իրականացնում է անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ՝ սանիտարահամաճարակային հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։

Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։ Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ։

Այսպիսով, ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք ընդհանուր առմամբ միտված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը»,- ասված է ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում բնակիչներից մեկը ծորակից եկող ջրում մետաղական զանգված էր նկատել։ ՀՎԿԱԿ-ի լաբորատոր հետազոտությամբ ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի շեմը, իսկ սեպտեմբերի 11-ին ջրի աղբյուրից և մի քանի կետերից կրկնակի վերցված նմուշներում ևս արձանագրվել էր նույն խնդիրը։ Բնակիչներին հորդորվել էր մինչև ջրամատակարարման անվտանգ վերականգնումը ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։ Այդ պահին թունավորման ախտանշաններով դիմումներ չէին գրանցվել, իսկ աղտոտման պատճառները շարունակվում էին պարզվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն