«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Կուսակցությունը նշում է, որ համայնքներում ներկայացվածությունն ու տեղական խնդիրներով զբաղվելը շարունակում է համարել իր առաջնահերթություններից մեկը և ակնկալում է ամրապնդել նախորդ ընտրությունների արդյունքները։
««Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Կուսակցության համար համայնքներում ներկայացվածությունը, համայնքների խնդիրներով զբաղվելը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։
Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը և ձևավորված տեղական ընդդիմադիր իշխանությունների գործունեությանը,մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։
Մենք վստահ ենք, որ նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքներն ամրապնդելու ենք՝ հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կատարած արդյունավետ աշխատանքը համայնքներում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում ընտրություններն անցկացվելու են համամասնական, իսկ Լերմոնտովոյում, Ֆերիկում և Արզնիում՝ մեծամասնական ընտրակարգով։