Դպրոցի ճամփան. օրական 2000 դրամ՝ աշակերտների տրանսպորտային փոխհատուցման համար

Եթե ձեր բնակավայրում դպրոց չկա, և այնտեղ հասնելու համար դուք պետք է գնաք մոտակա քաղաք կամ գյուղ, ապա կարող եք օրական 2000 դրամ ստանալ այնտեղ հասնելու  համար։ Կառավարությունը 2026 թվականի օգոստոսի 6–ին նոր  որոշում է ընդունել տրանսպորտային փոխհատուցման մասին։ 

«Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ էլ ովքեր են ներառված փոխհատուցում ստանալու ցանկում, ինչ պայմաններով կտրամադրվի այն, և արդյոք գումարի չափը բավարար է բոլոր աշակերտների համար։

Ովքե՞ր կարող են ստանալ տրանսպորտային փոխհատուցում

Դեռևս 2025 թվականի օգոստոսի 28–ին Կառավարությունը սահմանել էր աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային փոխհատուցում տրամադրելու կարգը։ 2026 թ․ օգոստոսի 6–ին փոփոխություններ է կատարվել այդ որոշման մեջ, և ընդլայնվել է այն մարդկանց ցանկը, որոնք կարող են օգտվել այդ ծրագրից։

Մասնավորապես, 2026-2027թթ. ուսումնական տարվանից  փոխհատուցում կստանան այն աշակերտները, ովքեր սովորում են իրենց բնակության վայրում չգտնվող դպրոցներում. որոշումը վերաբերում է այն դպրոցներին, որոնք կառուցվելու են Կառավարության «300 – 500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍՆ նախարարությունը 2023 թվականին ընդունեց որոշում, ըստ որի պետք է մինչև 2026 թվականը կառուցվեր 300 դպրոց և 500 մանկապարտեզ։

Թե ի՞նչ փուլում է ծրագիրը, կարող եք կարդալ այստեղ։

Ի՞նչ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը

Փոփոխությամբ տրանսպորտային փոխհատուցում ստացողների ցանկում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող երթևեկող խմբակավարները. նրանց փոխհատուցումը կտրամադրվի՝ անկախ բնակության վայրի և ուսումնական հաստատության միջև եղած հեռավորությունից և աշխատանքային ծանրաբեռնվածությունից։

Ինչի՞ց է կախված փոխհատուցման գումարիի չափը

Այն աշակերտները, որոնք  պետք է հաճախեն «300 – 500 դպրոցների կառուցման» ծրագրով կառուցվող դպրոցներ, կստանան օրական 2000 դրամ փոխհատուցում՝ հաճախած ամեն օրվա համար։ 

Ներկայումս փոխհատուցում ստանում են նաև այն աշակերտները, որոնք իրենց բնակավայրում համապատասխան դպրոց չլինելու պատճառով գնում են  այլ բնակավայր ։ Եթե այդ բնակավայրերի միջև միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղի չկա, աշակերտին փոխհատուցվելու է ճանապարհի ամեն կիլոմետրի համար երկու ուղղությամբ հաշվարկված 25 դրամ՝ ամսական առավելագույնը 20 200 դրամի չափով։

Այսինքն, 20 ուսումնական օրվա դեպքում ամսական 20 200 դրամի սահմանաչափը բավարարում է, եթե աշակերտը օրական գնա առավելագույնը 20կմ հեռավորությամբ բնակավայրի դպրոց, ընդհանուր՝ մինչև 40,4 կմ Դրանից ավելի երկար ճանապարհի դեպքում հաշվարկված փոխհատուցումը գերազանցում է 20 200 դրամը։

Գումարային այս  սահմանափակումը նոր կարգավորմամբ չի տարածվի այն աշակերտների վրա, որոնք ներառվել են փոխհատուցում ստանալու նոր խմբում։ 

Թե ինչ հաշվարկի հիման վրա է սահմանվել այդ գումարը, որքանով է այն համապատասխանում աշակերտների փաստացի ճանապարհածախսին, Կառավարության որոշման մեջ չի հստակեցվում։

Հեղինակ՝ Ռուզաննա Հովհաննիսյան

Մենթոր՝ Տաթև Խաչատրյան