Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Դերեր միայն մարդիկ չեն խաղում։ Ի՞նչ վարք դրսևորել, ի՞նչ դիրք ունենալ ու ինչպե՞ս հասնել ուզած կարգավիճակին․ այս հարցերին պատասխանելու համար դերեր խաղում են նաև պետությունները։ 1970թ․ միջազգայնագետ Կալևի Հոլսթին (K.J. Holsti) առաջ քաշեց պետությունների ազգային դերերի տեսությունը (national role theory)՝ ձգտելով ուսումնասիրել փոքր պետությունների անտեսված ազդեցությունը միջազգային հարաբերություններում։
Մոտ հինգ տասնամյակ անց Հոլսթիի տեսությունն օգտագործեցին հայ գիտնականները՝ հետազոտելու Հայաստանի դերը արտաքին քաղաքականության մեջ։
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի թագավորական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը, պատմական գիտությունների դոկտոր, Ենայի համալսարանի գիտաշխատող Էրիկ Դավթյանն ու քաղաքական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի դոցենտ Նարեկ Գալստյանն ուսումնասիրել են, թե ինչ «դերեր» է ունեցել Հայաստանը միջազգային հարաբերություններում 2008-2022 թթ․, ինչպես են դրանք արտահայտվել արտաքին քաղաքականության մեջ, և ով է սահմանել այդ դերերը։
Գիտնականները հետազոտության արդյունքներն ամփոփել են Europe-Asia Studies ամսագրում։
Հոդվածի համահեղինակ Էրիկ Դավթյանն «Ինֆոքոմին» պատմում է, որ երեք գիտնականները հաճախ են միասին հետազոտությունների հավանական թեմաներ քննարկում և այդ քննարկումներից մեկի ժամանակ հասկացան, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը Դերերի տեսության համատեքստում ուսումնասիրված չէ։
Հոդվածի համահեղինակ Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում նշում է, որ բացակայում է նաև այդ տեսության ու Կարգավիճակի ձգտման հայեցակարգի միաձուլումն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային պրակտիկայում։
Հոդվածի համահեղինակներից Էդուարդ Աբրահամյանն էլ ընդգծում է, որ գիտական տեսությունների կիրառման միջոցով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը բավարար չափով հետազոտված չէ, ուստի թեման բաց էր ու արդիական։
Դերերի տեսությունը միավորում է պետության ներքին ինքնաընկալումն ու արտաքին դերակատարների կողմից ճանաչումը։ Սկզբնական շրջանում ընդունված էր, որ յուրաքանչյուր պետություն իր համար է որոշում դերը, սակայն ավելի ուշ տեսությունը զարգացավ, և պարզ դարձավ՝ տարբեր աշխարհաքաղաքական իրադարձություններ ազդում են այդ դերերի վրա։
Փոքր պետությունների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, այդ դերերն օգնում են համագործակցել տարբեր մեծ պետությունների հետ հնարավորինս ձեռնտու արտաքին քաղաքականություն վարելու համար։
Ո՞վ է սահմանում՝ որ դերը պետք է «խաղալ»։ Տեսությունն ասում է, որ կան էնդոգեն և էկզոգեն դերեր, և դրանց գլխավոր տարբերությունը ծագումն է։ Էնդոգեն դերերը ծնվում են պետության ներսում՝ հիմնվելով երկրի ներքին ինքնության, արժեքների, պատմական նարատիվների, գաղափարախոսության և քաղաքական իշխանությունների աշխարհընկալման վրա։ Էկզոգեն դերերն արտաքին միջավայրի, համակարգային ճնշումների ու մեծ տերությունների սպասումների թելադրանքի արդյունքն են։
Հոդվածի հեղինակները բացատրում են՝ փոքր պետությունները, ի տարբերություն մեծերի, պետք է ունենան ինչ-որ առանձնահատկություն, որով հարափոփոխ աշխարհում «պետքական» կլինեն։ Օրինակ՝ Թայվանը դիրքավորվում է որպես հաշվողական հզորության չիպեր արտադրող երկիր, Սինգապուրն առևտրական կարևոր հանգույց է, որ համագործակցում է և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի հետ, և այդպես շարունակ։
Միջազգային հարաբերությունների ուսումնասիրություններում կարևոր է նաև Կարգավիճակի ձգտման հայեցակարգը։ Այս հայեցակարգը միջազգային հարաբերությունների կառուցողապաշտական մոտեցում է՝ բացատրելու փոքր պետությունների արտաքին քաղաքական ներգրավվածության ձգտումները։ Այն ձևավորում է երկրի արտաքին քաղաքական պրոֆիլը ժամանակի մեջ՝ ցույց տալով նրա երկարաժամկետ հեղինակության ու «եզակիության» հավակնությունները։
Ե՞րբ է դերը հաջողվում։ Տեսությունը պնդում է, որ փոքր պետությունների ստանձնած դերերը պետք է ճանաչվեն մեծերի կողմից․ եթե վերջիններս չեն ճանաչում, ապա այդ դերերը չեն հաջողվում, եթե ճանաչվում են՝ հասնում են իրենց ձգտած կարգավիճակին։
Այս հետազոտությամբ գիտնականները մի քանի հարցի են պատասխանել․ նախ՝ կարո՞ղ են պետությունների դերերը միաձուլվել, ի՞նչ է առաջանում դրանց միավորումից, և, վերջապես, Հայաստանի՝ անկախությունից ի վեր «խաղացած» դերերը ինչպե՞ս են առաջացել։
Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ անկախությունից հետո Հայաստանի տարբեր իշխանություններ կարմիր թելի պես առաջ են տարել Ռուսաստանի «հավատարիմ դաշնակցի» (faithful ally) դերը։ Գիտնականի խոսքով՝ Հայաստանի քաղաքական իշխանությունները «խաղում» էին այս դերը ամերիկակենտրոն միաբևեռ աշխարհակարգի զարգացման ֆոնին
Հոդվածում նշվում է՝ Ռուսաստանի հետ սերտորեն դաշնակցելը «ռացիոնալ որոշում էր» Լևոն Տեր-Պետրոսյանի համար, շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին և «այլընտրանք չուներ» Սերժ Սարգսյանի օրոք։
Հեղինակները պնդում են, որ Ռուսաստանի «հավատարիմ դաշնակցի» դերը Հայաստանի ունեցած դերերից ամենաերկարակյացն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո չի փոխվել, հակառակը՝ տեղ-տեղ ավելի ընդգծված է դարձել։
Հոդվածի համահեղինակ Նարեկ Գալստյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում մանրամասնում է, որ այս դերով Հայաստանն ամենաշատն է գործնականում արդյունքներ ցույց տվել։ Չնայած դրան՝ հավատարիմ դաշնակիցն էնդոգեն չէ․ չի ծագել Հայաստանի արժեքներից ու ներքին պահանջից, այլ իներցիոն է։
Էդուարդ Աբրահամյանն էլ նշում է՝ այս դերն արձագանք է միաբևեռ աշխարհակարգից բխող տարածաշրջանային դասավորվածությանը, որտեղ Ռուսաստանը փորձում էր ստանձնել նորանկախ հետխորհրդային պետությունները հետսառըպատերազմյան աշխարհի հետ հիմնական «սոցիալականացնողի» դերն իր ընդգծված անվտանգային բաղադրիչով։
Իսկ ինչո՞ւ է մեծ պետություններից հենց Ռուսաստանը եղել մեր դերի սահմանման «դրդողը»։ Հոդվածում հեղինակները դրա մի քանի պատճառ են առանձնացնում։
Նախ, Ռուսաստանը Հայաստանին տալիս էր անվտանգային երաշխիքներ, որոնք ենթադրաբար պետք է պաշտպանեին Հայաստանը Թուրքիայից և Ադրբեջանից։ Դրան զուգահեռ, Ռուսաստանը Հայաստանի սպառազինության զգալի մասի մատակարարն էր։ Հայաստանը ձգտում էր նաև տնտեսական օգուտներ «քաղել» Ռուսաստանից՝ արտոնյալ պայմաններով վարկերի ու ներդրումների միջոցով։
Էրիկ Դավթյանը նշում է, որ եթե փոքր պետությունը որևէ մեծ պետությունից մի շարք ոլորտներում այդպիսի կախվածություն ունի, ապա «հավատարիմ դաշնակիցն» ամենահավանական դերերից է։
Հոդվածում հեղինակները, հղում անելով 2009թ․-ին ռուս քաղաքագետներ Ալեքսեյ Մարուևի և Ալեքսեյ Կարպենկոյի հետազոտություններից մեկին, մանրամասնում են, որ Ռուսաստանը ճանաչեց «հավատարիմ դաշնակցի» դերը՝ Հայաստանին համարելով «իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հարավային ուղղության» կարևոր երկիր։ Հայաստանի դերը օգնեց Ռուսաստանին՝ ապահովագրելու իր ռազմաքաղաքական գերակայությունը Կովկասում։
Մի դերը, սակայն, բավարար չէր Հայաստանի արտաքին քաղաքականության համար․ «հավատարիմ դաշնակցի» հետ զուգահեռ սկսեց ձևավորվել նորը, որն, ըստ գիտնականների, նույնքան համակարգված ու արտահայտիչ չէր։
Հայաստանը հաճախ են համարում քաղաքակրթությունները կապող խաչմերուկ․ հոդվածում հեղինակները նշում են, որ անկախ Հայաստանի առաջին երեք նախագահներն էլ որոշակի հայտարարություններ արել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև կամուրջ լինելու մասին։ Ընդ որում, ինչպես մանրամասնում են հեղինակները, «կամրջի» դերը ենթադրում էր լինել պասիվ, զուտ հաղորդակցության ուղիներ տրամադրող փոքր պետություն։ Դրան հակառակ՝ կա միջնորդ-ինտեգրատորի դերը, որը ենթադրում է՝ այդ դերը ստանձնողն ավելի նախաձեռնող է, փորձում է դիվանագիտորեն հարթել խոշոր տերությունների միջև առկա հակասությունները կամ վեճերը։
«Կամրջի» դերը, Նարեկ Գալստյանի խոսքով, կրկին էնդոգեն (ներսից ծնված) չէր։
«Հայաստանը փորձում էր, կամրջի դեր ստանձնելով, ընդարձակել իր մանևրայնությունը։ Երբ որ դու (այս և հետագա մեջբերումներում՝ նկատի ունի պետությունը, -խմբ․) մի դաշինքի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունը ստորադասված է դաշինքին։ Դրա համար քեզ պետք է կամրջի դերը։ Այսինքն` Հայաստանը կամրջի դեր ստանձնում է միայն ճգնաժամային իրավիճակներում, երբ նեղն է ընկնում»։
Նարեկ Գալստյան
Այդպիսի իրավիճակ էր 2008թ․-ի ռուս-վրացական պատերազմը, որը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին ստիպեց փորձել դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Այդ ժամանակ ինտենսիվացան Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի՝ «կամուրջ» լինելու մասին հայտարարությունները։
Հոդվածում հեղինակները հիշատակում են, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը 2010թ․-ին հայտարարում՝ «ՀԱՊԿ-ին անդամակցությունը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը անհամատեղելի համարելը սառըպատերազմյան մտածելակերպ է»։
Ինչպես նշում է Էդուարդ Աբրահամյանը, «կամրջի» դերի ձախողումը պայմանավորված էր նաև նման հայտարարություններով։
«Երբ որ դու ՀԱՊԿ-ի անդամ ես, այսինքն` ամբողջությամբ ինտեգրված ես աշխարհաքաղաքական մեկ բլոկում, չես կարող քեզ ներկայացնել որպես չեզոք կամուրջ երկու այնպիսի համակարգերի միջև, որոնք ոչ միայն անհամատեղելի են, նորմատիվ-ինստիտուցիոնալ մակարդակներում, այլ նաև հակադիր ու մրցակից ճամբարներ են համարվում»։
Էդուարդ Աբրահամյան
Գիտնականը մանրամասնում է՝ անհամատեղելին համատեղելի դարձնելու ոչ գործնական փորձերը չհաջողվեցին․ 2013թ․-ին Հայաստանը դադարեցրեց բանակցությունները ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը սկսվել էր 2010թ․-ին։ 2015թ․-ին հիմնադրված Եվրասիական տնտեսական միությունն (ԵԱՏՄ) էլ դարձավ Հայաստանի դերի հիմնական «շահառուն»։ Քաղաքական իշխանությունները փորձեցին կապել Եվրոպական միությունն ու ԵԱՏՄ-ն, նույնիսկ երբ ԵՄ-ն ԵԱՏՄ-ին չէր ընդունում որպես հավասար կառույց։
Ինչո՞ւ Հայաստանը «լավ չխաղաց» կամրջի դերը։ Էրիկ Դավթյանը մանրամասնում է, որ մինչև կամուրջ լինելու մասին հայտարարությունները փոքր պետությունը պետք է վարի նախաձեռնողական քաղաքական երկխոսություն, նախաձեռնի ռազմավարական և տնտեսական համագործակցություն կամրջի երկու կողմերի հետ՝ հաշվի առնելով, որ այդ դերը շատ գրավիչ է մի շարք պետությունների համար։
«Միայն Հայաստանը չէ, որ ասում է՝ եկեք լինենք կամուրջ Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի ու Հարավի միջև։ Տասնյակ երկրներ կան, որ դա ասում են։ Հեռու չգնանք․ միայն մեր փոքր տարածաշրջանում Թուրքիան էլ է նույնը ասում, Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ»։
Էրիկ Դավթյան
Գիտնականը բացատրում է՝ փոքր պետությունը պետք է գիտակցի, որ կա մրցակցություն, և ինքը պետք է ցույց տա, որ ինչ֊որ բանով առավել է մյուսներից, այսինքն՝ «կատարած լինի իր տնային աշխատանքը»։
Ըստ հետազոտության՝ Հայաստանի «կամրջի» դերը հետզհետե պասիվացավ՝ դառնալով գործիք «հավատարիմ դաշնակցին» սնուցելու համար, և ծնվեց նոր դեր, որն արդեն ակտիվացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ։
Հետազոտության արդյունքներով գիտնականները միջազգային հարաբերությունների տեսության մեջ առաջ են քաշում դերերի միաձուլման գաղափարը․ Հայաստանի օրինակով նրանք ցույց են տալիս, որ արդեն հայտնի դերերը կարող են միանալ ու ստեղծել նորը։
Հոդվածը մանրամասնում է, որ 2018թ․-ից հետո Հայաստանի իշխանությունը շարունակում էր պահել «հավատարիմ դաշնակցի» դերը։ Բայց, հաշվի առնելով իշխանափոխության եղանակը և Ռուսաստանի՝ այդ եղանակի հանդեպ վերաբերմունքը, Հայաստանը սկսեց ավելի ինտենսիվ ցույց տալ, որ Ռուսաստանի հետ դաշինքն արտաքին քաղաքական առաջնահերթություն է։
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ հեղափոխությամբ։ Ռուսաստանը բազմիցս քննադատել է գունավոր հեղափոխությունները (ընդհանուր տերմին, որն օգտագործվում է հետխորհրդային պետություններում տեղի ունեցած հեղափոխությունների համար)՝ դրանք անվանելով ծայրահեղական։
2022թ․-ին Փաշինյանը, որպես ՀԱՊԿ նախագահ, լիազորեց կառույցի միջամտությունը Ղազախստանում՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վարչակազմին աջակցելով ծավալվող հասարակական ցույցերի դեմ։
Ինչպես Նարեկ Գալստյանն է նշում, Հայաստանը 2018թ․-ից հետո սկսեց ստորադասել «կամրջի» դերը՝ այն պահելով որպես գործիք «հավատարիմ դաշնակցի» համար։ Այսինքն, Հայաստանը փորձում էր միջազգային հարթակներում ապացուցել Ռուսաստանին իր հավատարմությունը։
Դրա վառ ապացույցը, ինչպես մատնանշում են գիտնականները, 2018թ․-ի փետրվարին Փաշինյանի հայտարարությունն էր, որով մեկնարկեց հայ-ռուսական մարդասիրական առաքելությունը Սիրիայում։
Հոդվածն ընդգծում է, որ սա մի քայլ էր, որին Մոսկվան սպասում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից, քայլ, որ չէին արել Ռուսաստանի սերտ դաշնակիցներ Ղրղզստանը, Բելառուսն ու Ղազախստանը։
Դրան զուգահեռ՝ 2019թ․-ից ի վեր Հայաստանը դեմ էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Սիրիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևերին, ինչը, ըստ գիտնականների, կարելի է համարել միջազգային հարթակներում Ռուսաստանին հավատարմության դրսևորում։
Հիշեցնենք, որ 2011թ․-ից Սիրիայում ընթանում էր քաղաքացիական պատերազմ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը հիմնականում Սիրիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դատապարտման մասին էին։ Ռուսաստանը, պաշտպանելով Ասադի ռեժիմը և Սիրիայում գտնվող իր միակ միջերկրածովյան ռազմաբազան, Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքով արգելափակում էր նախագահ Բաշշար ալ-Ասադի վարչակարգի դեմ ուղղված բոլոր բանաձևերը։
Հոդվածում գիտնականները պնդում են՝ «կամուրջը» վերածվեց ռուսական ինտեգրացիոն համակարգի համար նոր անդամներ և գործընկերներ «հավաքագրող գործակալի»։ 2019թ․-ին Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, փորձեց կառույցից դուրս դաշնակիցներ գտնել ի դեմս Սերբիայի, Սինգապուրի, Իրանի և այլ երկրների: Սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր խոսել երկու հակադիր կողմերին կամրջելու մասին։ Հայաստանի ղեկավարությունն ընդգծում էր ԵԱՏՄ-ԵՄ երկխոսության խթանումը՝ որպես դիվանագիտական առաջնահերթություն՝ այն համարելով «իրագործելի և նույնիսկ անխուսափելի»։
Ճգնաժամերը ստիպում են պետություններին վերանայել իրենց դերերը։ Հետազոտությունը, սակայն, ցույց է տալիս, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը շարունակեց պահպանել «հավաքագրող գործակալի» դերը՝ կենտրոնանալով ԵԱՏՄ-ի ընդլայնման վրա։
Նարեկ Գալստյանը նշում է, որ 2022թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը ստիպեց Հայաստանի իշխանություններին փոխել միջազգային խոսույթը։ Գիտնականը պարզաբանում է, որ Հայաստանի ներկայացուցիչները սկսեցին ավելի հաճախակի խոսել արտաքին քաղաքականության կոնցեպտուալ վերանայումների ու դիվերսիֆիկացիայի մասին։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուն հաջորդեց Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա, իսկ 2023թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա՝ բռնի տեղահանելով արցախցիներին այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն այնտեղ էին։
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ, չնայած այս լարվածությանը, Փաշինյանի վարչակազմը շարունակում էր Հայաստանը բնութագրել որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, նույնիսկ երբ 2024թ․-ին ոչ պաշտոնապես սառեցրեց ՀԱՊԿ-ին անդամակցութունը։
Նույն տարում Հայաստանը կրկին ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, կառույցի ընդլայնումը շարունակեց մնալ առաջնահերթություն, և Հայաստանը նախաձեռնեց բանակցություններ Ինդոնեզիայի և Արաբական Միացյալ Էմիրություննների հետ։
Էրիկ Դավթյանը նշում է՝ կարևոր է հաշվի առնել, թե հայտարարություններից այն կողմ գործնական ինչ հարաբերությունների մեջ են պետությունները։ Հայաստանի դեպքում, օրինակ, «կամրջի» դերի համար արված քայլերը միայն խոսքային մակարդակում էին, իսկ «հավատարիմ դաշնակիցն» ու «հավաքագրող գործակալը» գործնական քայլերի համատեքստում ավելի լավ էին արտահայտվում։
Ինչպես հետազոտությունն է ցույց տալիս, չնայած 2022թ․-ից սկսած հայ-ռուսական հարաբերությունների լարվածությանը՝ Հայաստանը շարունակում էր պահել իր «հավաքագրող գործակալի» դերը։
Իսկ ինչո՞ւ այս դերը երկար ապրեց։ Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ «հավաքագրող գործակալի» դերը դրական արձագանք գտավ հենց հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից, և դրա համար հաստատվեց ու հարատևեց։ Ըստ գիտնականի՝ Ռուսաստանին պետք էր ունենալ այնպիսի դաշնակից, որն Արևմուտքի վերաբերյալ խոսույթներում հիշատակում է ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը և նպաստում է ռուսաստանակենտրոն կառույցի աշխարհագրության մեծացմանը արևմտյան պատժամիջոցների պարագայում։
Նարեկ Գալստյանն էլ հիշեցնում է, որ կար ևս մեկ դեր, որը դուրս է մնացել հոդվածից, բայց ակտիվ էր հատկապես մինչև 2018 թվականը։ «Հավատքի պաշտպանի» դերով Հայաստանը միջազգային կոնֆերանսներ էր կազմակերպում՝ դառնալով ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման ջատագով։ Այս դերի կուլմինացիան «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր, Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը և ՄԱԿ-ում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր ընդունելը։
Գիտնականը նշում է, որ այս դերով Հայաստանը փորձում էր նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություններում կայուն պահել Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Այս դերը, ինչպես նշում է քաղաքագետը, հետզհետե մարեց մինչև 2020թ․-ը, հետո անհետացավ։
Գիտնականները շեշտում են՝ իրենց ուսումասիրությունը վերաբերում է 2008-2022 թթ․, բայց հոդվածում հաշվի են առել այդ ժամանակահատվածից հետո տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձություններ, ինչպես՝ 2022թ․-ի սեպտեմբերյան պատերազմը, 2023թ․-ին Արցախի հայաթափումն ու 2024թ․-ին ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը։
Սակայն, ըստ հեղինակների, վերջին շրջանում Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների փոփոխությունները հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանը նոր դերերի ստանձնման ճանապարհին է։ Թե դրանք ինչ դերեր են, ենթադրություններ կան, սակայն հետազոտողները չեն շտապում հստակ պատասխաններ տալ։
2008-2022 թթ․ Հայաստանի ստանձնած դերերն ու դրանց առանձնահատկությունները
Գիտնականներն այս հետազոտությամբ պնդում են, որ Հայաստանը ստանձնել է էկզոգեն դերեր՝ արձագանքելով արտաքին ազդակներին ու երբեմն հարմարվելով նեղ իրավիճակներին։
Հոդվածի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանը նախաձեռնող չի եղել և ստանձնած դերերը, մի քանի բացառությամբ, թողել է ինքնահոսի՝ դրանք արտահայտելով միայն խոսքային մակարդակում՝ առանց գործնական ու ռազմավարական քայլերի։
Համաձայն տեսության՝ փոքր պետությունների համար կարևոր է նաև առանձնահատկություններ ունենալ։ Հայաստանը, ըստ Էդուարդ Աբրահամյանի, հստակ ու համակարգված ցույց չի տվել՝ որն է իր առանձնահատկությունը։ Գիտնականը կարծում է, որ դա կարող էր լինել, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը կամ էներգետիկան՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարածաշրջանի միակ ատոմակայան ունեցող երկիրն է։
Էրիկ Դավթյանն ու Նարեկ Գալստյանն էլ են կարծում, որ ՏՏ ոլորտը կարող է այդ առանձնահատկությունը լինել։ Գիտնականներն ընդգծում են՝ դա այնպիսի ոլորտ պետք է լինի, որի համար կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը՝ հաշվի առնելով փոքր պետության ժողովրդագրական առանձնահատկությունները։
Երեք գիտնականներն էլ «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում են, որ այդ առանձնահատկությունները հստակ չառանձնացնելը, դերերին ավելի գործնական մոտեցում ցույց չտալը հետևանք է նրա, որ Հայաստանը լավ չի հասկանում միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի բևեռների փոփոխությունները:
«Մեծ տերությունը կարող է իրեն թույլ տալ կոպիտ սխալներ անել։ Բնականաբար վնասներ կկրեն, բայց դա ճակատագրական դժվար թե լինի։ Այն կարող է մի քանի տարի հետընթաց ունենալ, բայց վերականգնվելու է։ Իսկ փոքրը [պետությունը], եթե սխալ կանխատեսում անի միջազգային հարաբերությունների վերաբերյալ, դա կարող է շատ ծանր նստել իր վրա, ․․․ միգուցե բառի բուն իմաստով չվերանա, բայց իր սուբյեկտայնության մակարդակը միջազգային հարաբերություններում հավասարվի զրոյի»։
Էրիկ Դավթյան
«Ինֆոքոմի» հետ զրույցում Նարեկ Գալստյանն օրինակ է բերում «կամրջի» դերը։ Ըստ նրա՝ այդ դերը ստանձնելու համար պետք է լավ ճանաչել կամրջի երկու կողմերին էլ, իմանալ նրանց շահերն ու ակնկալիքները, միևնույն ժամանակ՝ ձգտել ոչ թե երկուսին միայն հաղորդակցման ուղի տալ, այլ ակտիվորեն մասնակցել նրանց փոխհարաբերություններին:
«Երբ դու մի տեղից մյուսն անցնող ճանապարհ ես, այսինքն՝ ոչ մի էական նշանակություն չունես տեղի ունեցող իրադարձությունների վրա, այդպես քո աշխարհաքաղաքական կշիռը չի բարձրանա։ Կարևոր է, որ դու վերածվես լոգիստիկ հանգույցի։ Այ սա է պետք Հայաստանին, սա, իրականում, չի եղել և ոչ էլ հիմա կա»։
Նարեկ Գալստյան
Էդուարդ Աբրահամյանն էլ ընդգծում է, որ Հայաստանի՝ այսքան ժամանակ «խաղացած դերերը» մեծ ազդեցություն են թողել պետության արտաքին կարգավիճակի վրա:
«Հայաստանի խնդիրը հիմա անկանխատեսելի դառնալն է նախևառաջ իր հիմնական հակառակորդի՝ Ադրբեջանի համար։ Ինչքան դու կանխատեսելի ես, այնքան հակառակորդը կարողանում է հաշվարկել քո թույլ կողմերը և քո հնարավոր արձագանքը՝ քո հանդեպ ուժի կիրառումը կամ հարկադրողական քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»։
Էդուարդ Աբրահամյան
Գիտնականն ընդգծում է, որ Հայաստանին պետք է խորքային ռազմավարություն, որը կմեծացնի, ինչպես անվտանգային հետազոտություններում է ընդունված ասել, «պատերազմի մշուշը», այսինքն՝ Հայաստանը կդառնա «դժվար հաշվարկելի», իսկ ուժի հնարավոր կիրառումն՝ ավելի «ծախսատար»։
«Հայաստանի ներկայիս խնդիրն է նախ թույլ չտալ ու զսպել, որ Ադրբեջանն իր հանդեպ ուժային գերակայություն հաստատի»։
Էդուարդ Աբրահամյան
Կա՞ն դերեր, որոնք Հայաստանի համար ավելի ձեռնտու է «խաղալ»։ Երեք գիտնականների հետ էլ զրույցը ամփոփում ենք նույն հարցով։ Էրիկ Դավթյանն ու Նարեկ Գալստյանը կարծում են, որ ճիշտ կառուցված ու համակարգված «կամրջի» դերը շատ արդյունավետ կարող է լինել:
«Բառի իմաստի տեսանկյունից էլ կամուրջը լավ բրենդ կարող է լինել։ Այն նշանակում է, որ դու ոչ սա ես, ոչ՝ նա, դու նրանց կապողն ես։ Երբ որ մենք սկսում ենք քննարկել` մենք Եվրոպա ենք, թե Ասիա, սահմանափակում ենք մեզ»։
Նարեկ Գալստյան
Էրիկ Դավթյանն էլ նշում է, որ «կամուրջը» հնարավորություն է տալիս ապահովելու նաև փոքր պետության անվտանգությունը, քանի որ այն կարևոր է դառնում տարբեր բևեռների համար:
«Մեր աշխարհագրությունը մեզ հնարավորություն է տալիս ռեալ կամուրջ լինել։ Նաև պատմականորեն մենք լավ գիտենք Ռուսաստանը, Մերձավոր Արևելքը։ Երկրորդ՝ ինչի՞ համար են կամուրջ կառուցում, որ գնան մի տեղից մյուսը։ Հետևաբար երկու կողմերում գտնվողներին պետք է, որ այդ կամուրջը կանգուն մնա»։
Էրիկ Դավթյան
Էդուարդ Աբրահամյանն էլ ասում է, որ Հայաստանը հիմա «կանոններ ընդունող» է (rule taker), և դա կաշկանդում է պետությանը, զսպում նրան միջազգային երկխոսություններում։ Բայց կա մի դեր, որը փոքր պետությանը կարող է դարձնել «կանոններ թելադրող» (rule maker):
««Մարտնչող ժողովրդավարության» դերը օգնում է, որ առնվազն արտաքին միջավայրի ազդեցությունը քո որոշումներ կայացնելու վրա որոշիչ չլինի, առավելագույնը՝ դու կարողանաս քո անմիջական միջավայրում ունենալ ազդեցություն՝ քո ներքին ռեսուրսի ու կարողությունների հետևողական կուտակմամբ ու օգտագործմամբ»։
Էդուարդ Աբրահամյան
Գիտնականները դեռևս պլաններ չունեն՝ դերերի տեսությամբ ուսումնասիրությունները շարունակելու։ Էդուարդ Աբրահամյանը հիմա զբաղվում է հայ-ադրբեջանական հետհակամարտային իրողությունների հայեցակարգմամբ և Ռուսաստանի՝ հայ-ադրբեջանական հակամարատության վրա ունեցած ազդեցության հետազոտությամբ։ Մեր զրույցի ընթացքում էլ Նարեկ Գալստյանի ու Էրիկ Դավթյանի մոտ նոր թեմաների մտքեր էին ծնվում, օրինակ՝ ի՞նչ նոր դերեր է ստանձնել Հայաստանը, կամ ինչպե՞ս են դերերը մահանում։
Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ ««Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։