Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը | 1lurer.am

Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը

Վաշինգտոնի NEDs ակումբում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI ընկերության ներուժն ու զարգացման տեսլականը։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառումը համախմբել էր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ներդրումների, հանրային քաղաքականության և այլ ռազմավարական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, հայկական տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ներկայության ընդլայնման, ինչպես նաև ԱՄՆ առաջատար կառույցների և ընկերությունների հետ նոր համագործակցությունների ձևավորման հնարավորությունները։

Hecttor AI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մատ Շարաֆյանը ներկայացրել է ընկերության տեսլականը ձայնային տեխնոլոգիաների և Voice AI-ի զարգացման ուղղությամբ՝ անդրադառնալով հաղորդակցության ապագայի ձևավորման գործում արհեստական բանականության աճող դերին և ընկերության առաջարկած նորարարական լուծումներին։

Ընդունելությունը շարունակվել է հարցուպատասխանով և մտքերի փոխանակմամբ՝ մասնակիցների միջև հետագա համագործակցության, ներդրումային հնարավորությունների և նոր նախաձեռնությունների շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն