Գործընկերային բովանդակություն
Վերջին մի քանի տարիներին արհեստական բանականության արագ զարգացումը շատերի համար տեսանելի դարձրեց, թե որքան արագ կարող է փոխվել տեխնոլոգիան։ Համակարգիչները սկսեցին աշխատել լեզվի, պատկերի և ձայնի հետ այնպիսի կարողություններով, որոնք դեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել։
Բայց այս փոփոխությունը չի սահմանափակվելու թվային աշխարհով։ Տեխնոլոգիան աստիճանաբար դուրս է գալիս էկրանից և մտնում ֆիզիկական աշխարհ՝ այնտեղ, որտեղ պետք է ոչ միայն հասկանալ, այլ նաև փոխազդել իրական միջավայրի հետ։ Ռոբոտաշինությունը հենց այդ սահմանագծում է՝ այնտեղ, որտեղ հաշվարկը հանդիպում է մեխանիկային, էլեկտրոնիկային և ֆիզիկային։
Ի՞նչ է ռոբոտաշինությունը
«Ռոբոտ» բառը հաճախ շատ ավելի նեղ պատկեր է ստեղծում, քան իրականում ընդգրկում է ռոբոտաշինությունը։ Մեկի ընկալման մեջ դա մարդանման մեքենա է, մյուսի ընկալման մեջ՝ գործարանային մեխանիկական ձեռք կամ ինքնուրույն շարժվող սարք։ Բայց ռոբոտաշինությունը չի սկսվում ռոբոտի արտաքին տեսքից, և առավել ևս դրանով չի սահմանափակվում։
Ռոբոտաշինությունը կարելի է դիտարկել որպես այն ինժեներական ոլորտը, որտեղ հաշվարկը կապվում է ֆիզիկական աշխարհի հետ։ Ռոբոտը ստանում է տեղեկատվություն իր և շրջակա միջավայրի մասին, մշակում է այն և այդ տեղեկատվության հիման վրա ազդում ֆիզիկական աշխարհի վրա։ Այստեղ հաշվարկը այլևս միայն թվային արդյունք չէ․ այն դառնում է ռոբոտի վարքագծի մաս։
Հենց այդ պատճառով ռոբոտաշինությունը մեկ առանձին տեխնոլոգիա չէ։ Այն ձևավորվում է մեքենաշինության, էլեկտրոնիկայի, ներկառուցված համակարգերի, սենսորների, կառավարման, ծրագրային ապահովման և այսօր առավել ևս՝ արհեստական բանականության հատման կետում։ Այս ոլորտներից յուրաքանչյուրն իր դերն ունի, բայց ռոբոտի իրական կարողությունը ծնվում է այն ժամանակ, երբ դրանք աշխատում են որպես մեկ ամբողջություն։
Ինչո՞ւ հիմա
Ռոբոտաշինությունը նոր ոլորտ չէ։ Արդյունաբերական ռոբոտները տասնամյակներ շարունակ աշխատել են գործարաններում, իսկ ավտոմատացված համակարգերը վաղուց դարձել են բազմաթիվ արտադրական գործընթացների մաս։ Նորն այսօր ռոբոտների գոյությունը չէ, այլ այն սահմանների փոփոխությունը, թե ինչ կարող են նրանք անել և ինչպիսի միջավայրերում կարող են աշխատել։
Երկար ժամանակ ռոբոտները լավագույնս աշխատում էին այնտեղ, որտեղ միջավայրը հնարավոր էր դարձնել կանխատեսելի։ Հստակ տարածք, կրկնվող գործողություն, նախապես հայտնի առարկաներ, քիչ անակնկալներ։ Այդ պայմաններում մեքենան կարող էր շատ ճշգրիտ և շատ երկար կատարել նույն աշխատանքը։ Իսկ իրական աշխարհում պայմանները հազվադեպ են այդքան կանխատեսելի։
Այսօր այդ սահմանները աստիճանաբար փոխվում են։ Սենսորները դառնում են ավելի ճշգրիտ և հասանելի, հաշվարկային հզորությունը՝ ավելի մեծ և կոմպակտ, էլեկտրական շարժիչներն ու մարտկոցները՝ ավելի արդյունավետ, իսկ սիմուլյացիան, կառավարման ժամանակակից մեթոդներն ու արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ռոբոտներին աշխատել ավելի բարդ և փոփոխական միջավայրերում։
Երբ մեքենաները կարողանում են աշխատել ավելի բարդ և փոփոխական միջավայրերում, մեծանում է նաև այն խնդիրների շրջանակը, որոնց լուծմանը կարող են մասնակցել ռոբոտները՝ արտադրությունից և լոգիստիկայից մինչև գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, հետազոտություն և առօրյա կյանք։ Առաջիկա տարիներին ռոբոտները աստիճանաբար դառնալու են ֆիզիկական աշխարհի ավելի սովորական և ավելի կարևոր մասնակիցներ։
Այս փոփոխության հետ մեկտեղ կարևոր է դառնում ոչ միայն այն, թե որտեղ և ինչպես են ռոբոտները կիրառվելու, այլ նաև՝ ով է դրանք նախագծելու, արտադրելու և զարգացնելու։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի համար
Հայաստանի համար կարևոր է, որ այդ կարողությունը ձևավորվի նաև այստեղ։ Որքան մեծ է տեխնոլոգիայի դերը, այնքան ավելի արժեքավոր է դառնում այն ոչ միայն օգտագործելու, այլ նաև ստեղծելու կարողությունը։
Ռոբոտաշինության դեպքում այդ կարողությունը մեկ առանձին հմտություն չէ։ Այն ձևավորվում է մեքենաշինության, էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման և կառավարման գիտելիքի, ինչպես նաև արտադրության, հավաքման և փորձարկման գործնական աշխատանքի համադրությունից։ Եվ այդ գիտելիքը հնարավոր չէ ձեռք բերել միայն պատրաստի համակարգեր գնելով կամ օգտագործելով․ այն կուտակվում է տարիների ընթացքում՝ իրական համակարգեր նախագծելով, կառուցելով, սխալվելով և նորից փորձելով։
Այս ամենը նաև տեխնոլոգիական ինքնիշխանության հիմքն է։ Այն նշանակում է ունենալ ոչ միայն տեխնոլոգիան օգտագործելու, այլ նաև այն հասկանալու, փոխելու, զարգացնելու և սեփական կարիքներին հարմարեցնելու կարողություն։ Երբ այդ գիտելիքն ու փորձը գոյություն ունեն երկրի ներսում, տեխնոլոգիան այլևս միայն արտաքին աղբյուրից գնվող գործիք չէ։ Այն դառնում է գիտելիք և ինժեներական փորձ, որը շարունակաբար զարգանում է հենց այստեղ։
Այսպիսի կարողությունը մեկ արտադրանքով չի ավարտվում։ Յուրաքանչյուր նոր նախագիծ իր հետ ստեղծում է նոր գիտելիք, ինժեներներ, գործիքներ, աշխատանքային մեթոդներ և արտադրական գործընթացներ, որոնք հետո դառնում են հաջորդ նախագծի հիմքը։ Ժամանակի ընթացքում այդ ամենը սկսում է ձևավորել ավելի լայն ինժեներական միջավայր, որը հիմք է դառնում նոր նախագծերի և արտադրանքների համար։
Այս հարցը հատկապես կարևոր է կրթության համար։ Եթե դպրոցականը, ուսանողը կամ հետազոտողը ռոբոտին հանդիպում է միայն որպես պատրաստի և փակ արտադրանք, նա հիմնականում սովորում է այն օգտագործել։ Բայց երբ նույն տեխնոլոգիան նախագծվում, կառուցվում և զարգացվում է իր շուրջը, ռոբոտը դառնում է սովորելու միջավայր՝ մեխանիկայից և էլեկտրոնիկայից մինչև կառավարում, ծրագրավորում և արհեստական բանականություն։
CyberFusion
Հենց այս համոզումից երեքուկես տարի առաջ սկսվեց CyberFusion-ը՝ Հայաստանը պետք է լինի ոչ միայն ռոբոտներ օգտագործող, այլ նաև դրանք նախագծող և արտադրող երկիր։
Այս տարիների ընթացքում թիմը քայլ առ քայլ ձևավորել է ռոբոտ ստեղծելու համար անհրաժեշտ հիմնական ինժեներական կարողությունները՝ նախագծումից և էլեկտրոնիկայից մինչև ներկառուցված համակարգեր, կառավարում և ծրագրային ապահովում։ Այսօր այդ աշխատանքը մտնում է հաջորդ փուլ՝ պատրաստվելով առաջին իրական տեղակայումներին, իսկ հաջորդիվ՝ արտադրությանը։
CyberFusion-ը ուղղահայաց ինտեգրված full-stack robotics ընկերություն է։ Գործնականում դա նշանակում է, որ ռոբոտի հիմնական համակարգերի մեծ մասը նախագծվում և զարգացվում է հենց թիմի ներսում՝ մեխանիկական կառուցվածքից ու էլեկտրոնիկայից մինչև էներգահամակարգ, ներկառուցված համակարգեր, կառավարում և ծրագրային ապահովում։
Սա կարևոր է, որովհետև ռոբոտի տարբեր շերտերը միմյանցից անկախ չեն․ մեխանիկական որոշումը կարող է փոխել կառավարման համակարգի աշխատանքը, էլեկտրոնիկան՝ ամբողջ կառուցվածքը, իսկ արտադրության եղանակը դեռ առաջին գծագրերից ազդել դիզայնի վրա։ Ռոբոտը վերջում մեկ ամբողջական համակարգ է, և այն հենց այդպես էլ պետք է նախագծել։
CyberFusion-ի առաջին ռոբոտը Ayg-ն (Այգ) է՝ քառոտանի ռոբոտային հարթակ, որը նախագծվել և զարգացվում է թիմի կողմից։ Ayg-ը ստեղծված չէ մեկ նախապես որոշված խնդրի համար։ Այն հիմք է, որի վրա հնարավոր է կառուցել տարբեր կիրառություններ՝ հետազոտությունից և կրթությունից մինչև իրական աշխարհի մասնագիտացված խնդիրներ։

Ayg-ը նաև արտահայտում է CyberFusion-ի կարճաժամկետ և միջնաժամկետ մոտեցումը՝ կառուցել ամուր ռոբոտային հարթակներ, որոնց վրա տարբեր թիմեր կարող են ստեղծել իրենց համակարգերը՝ ամեն անգամ ամբողջ ռոբոտը զրոյից չկառուցելով։

Սա հատկապես կարևոր է հետազոտության և կրթության համար։ Համալսարանը կամ լաբորատորիան, որը ցանկանում է աշխատել կառավարման, ինքնավարության, համակարգչային տեսողության կամ արհեստական բանականության վրա, չպետք է նախ մի քանի տարի ծախսի ամբողջ ռոբոտը զրոյից ստեղծելու վրա։ Այն պետք է կարողանա սկսել արդեն աշխատող ֆիզիկական հարթակից և կենտրոնանալ հենց այն խնդրի վրա, որն ուզում է ուսումնասիրել կամ լուծել։ CyberFusion-ն արդեն աշխատում է տեղական համալսարանների և լաբորատորիաների հետ, իսկ առաջին պիլոտային տեղակայումները նախատեսված են այս տարվա վերջին։
Բայց կրթական նպատակը դրանից ավելի մեծ է։ CyberFusion-ի երկարաժամկետ նպատակներից մեկը կարելի է ձևակերպել շատ պարզ՝ հայկական ցանկացած դպրոցում պետք է լինի Հայաստանում արտադրված ռոբոտ։
Կարևոր է ոչ միայն այն, որ ռոբոտը ֆիզիկապես դպրոցում լինի։ Կարևոր է, որ երեխայի համար բարդ տեխնոլոգիան չլինի հեռավոր, փակ և ինչ-որ տեղ ուրիշների կողմից ստեղծված բան։ Նա պետք է տեսնի, որ այդ տեխնոլոգիան ստեղծվում է հենց այստեղ՝ իր շրջապատում, կարողանա բացել այն, ծրագրավորել, փոխել, հասկանալ՝ ինչպես է այն աշխատում, և մի օր կառուցել ավելի լավը։
Երկարաժամկետ նպատակը հասնելն է այն կետին, երբ Հայաստանում ռոբոտ նախագծելն ու արտադրելը այլևս բացառիկ իրադարձություն չի լինի։ Երբ դրա համար արդեն կլինեն մարդիկ, գիտելիք, գործիքներ, կուտակված փորձ և շարունակաբար զարգացող ինժեներական միջավայր։
Վերջաբան
Առաջիկա տարիներին ռոբոտները շարունակելու են ավելի մեծ տեղ զբաղեցնել մեր առօրյայում, արդյունաբերությունում և ենթակառուցվածքներում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենալու անկախ նրանից՝ Հայաստանը պատրաստ կլինի դրան, թե ոչ։
CyberFusion-ի ընտրությունը պարզ է՝ ոչ թե կողքից հետևել այդ փոփոխությանը, այլ մասնակցել դրա ստեղծմանը։
Երեքուկես տարի առաջ սա ընդամենը գաղափար էր։ Այսօր դրա շուրջ կա թիմ, կան աշխատող համակարգեր, կուտակված գիտելիք և հստակ հաջորդ քայլեր։
Մնացածը դեռ պետք է կառուցել։