azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ժամանել է Նյու Յորք, որտեղ այսօր, ինչպես ակնկալվում է, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը ներառված է երկու նախագահների օրակարգում՝ տեղի ժամանակով ժամը 13:15-ին (Երևանի ժամանակով 22:15-ին), տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեման կլինի, այսպես կոչված, էներգետիկ հրադադարի հնարավորությունը։ Վերջերս Թրամփը բազմիցս է անդրադարձել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցրած հարվածներին՝ նշելով, որ դրանց հետևանքով դիզելային վառելիքի գինն աշխարհում բարձրանում է։
Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել հարվածներից, եթե Ռուսաստանը ևս դադարեցնի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները:
Մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ Նյու Յորք մեկնելու ճանապարհին Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ։ Հանդիպման մանրամասները հայտնի չեն։
Սեպտեմբերի 21-ի երեկոյան էլ Ուկրաինայի նախագահը հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, որը, ինչպես մյուս համաշխարհային առաջնորդները, նույնպես Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։
Ինչպես գրել է Զելենսկին, Ուկրաինան պատրաստ է ԵՄ վարկի միջոցով լրացուցիչ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար զինամթերք գնել։
Սեպտեմբերի 22-ին Զելենսկին նախատեսում է նաև հանդիպումներ ունենալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի վարչապետների հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում