armenpress.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը և ուժեղացնել կառույցի Գլխավոր ասամբլեայի դերը։
«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանն այս առաջարկները ներկայացրել է Bloomberg-ի համար հեղինակած հոդվածում։
Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը շարունակում է արտացոլել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և այլևս ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։
Էրդողանը նշել է, որ համավարակները, էներգետիկ ճգնաժամերը, մատակարարման շղթաների խաթարումները և տարածաշրջանային հակամարտությունները ցույց են տվել, որ համաշխարհային խնդիրների լուծումը մի քանի պետությունների որոշումներից կախված դարձնելը չի համապատասխանում ներկայիս միջազգային համակարգի պահանջներին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի բարեփոխումների առանցքում պետք է լինի վետոյի իրավունքի վերացումը։ Էրդողանը պնդել է, որ Անվտանգության խորհրդում նոր մշտական անդամների ավելացումը չի լուծի որոշումների ընդունման իրավասությունները սահմանափակ թվով պետությունների ձեռքում կենտրոնացնելու խնդիրը։
Թուրքիայի նախագահն առաջարկել է ձևավորել Անվտանգության խորհուրդ, որը մշտական անդամներ չի ունենա։