«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10 000 քմ հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության` սեպտեմբերի 11-ին վերաքննիչ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով և փոփոխելով վարչական դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի վճիռը։
Դատախազության տվյալներով՝ դեռևս 2008 թվականի ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ Ազատության պողոտայի 2/5 հասցեում գտնվող 10 000 քմ հողամասը օտարվել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց ՍՊԸ-ին։
Գերատեսչությունը պնդում է, որ հողամասը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ներքո և օտարման ենթակա չի եղել։ Հենց այս հանգամանքն էլ հիմք է հանդիսացել դատարան դիմելու համար։
Վերաքննիչ վարչական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման լրացումները, ինչպես նաև 2008 թվականի մայիսի 29-ին քաղաքապետարանի և «Գոլդեն Փելես» հյուրանոցի միջև կնքված` հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հիշեցնենք, որ ընկերությունը փոխկապակցված էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի և նրա ընտանիքի հետ։
Հողատարածքը 2008-ին օտարվել է «Գոլդեն Փելես» հյուրանոց ՍՊԸ-ին՝ այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումներով։ Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու մաս կազմած՝ Ազատության պողոտա 2/5 հասցեի 10 000 քմ տարածքի մասին է։ Ըստ քրեական գործի նյութերի՝ այն նախ դուրս է բերվել զբոսայգու տարածքից, ապա կադաստրային արժեքով՝ 164,76 մլն դրամով, ուղղակի վաճառքով օտարվել ընկերությանը։