hetq.am Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է ուսուցչի մասնագիտական աշխատանքը գնահատել ոչ միայն նրա ներկայացրած փաստաթղթերով, այլև դպրոցում իրականացված դասալսումների և անկախ մասնագիտական դիտարկման արդյունքներով։ Այդ նպատակով նախարարությունը Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:
Գործող կարգով տարակարգ ստանալու գործընթացում հիմնականում ուսումնասիրվում են ուսուցչի ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ դասալսումների արձանագրություններն ու մասնագիտական գործունեությունը ներկայացնող այլ նյութեր։ Նախագծի հեղինակները նշում են, որ այս մեխանիզմը բավարար չէ, քանի որ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները միշտ չէ, որ հնարավոր է համադրել ուսուցչի իրական աշխատանքի հետ։
Նախատեսվում է այս բացը լրացնել մի քանի նոր մեխանիզմով։ Մասնավորապես, տարակարգ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերին պետք է ավելանա դպրոցի տնօրենի մասնագիտական երաշխավորագիրը։ Այն պետք է հիմնված լինի տնօրենի կողմից ուսուցչի դասալսումների արդյունքների վրա։
Բացի դրանից, նախատեսվում է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ԿԶՆԱԿ-ը, ուսուցչի առնվազն մեկ դաս պետք է դիտարկի նախապես չհայտարարված ձևով։ Այսինքն՝ ուսուցիչը նախապես չի իմանա, թե երբ է իր դասը դիտարկվելու։
Այս երկու մեխանիզմների միջոցով նախատեսվում է համադրել երեք աղբյուրից ստացված տեղեկությունը՝ ուսուցչի ներկայացրած փաստաթղթերը, դպրոցի տնօրենի գնահատականը և ԿԶՆԱԿ-ի մասնագիտական դիտարկման արդյունքները։
Նշենք՝ տարակարգը ուսուցչի մասնագիտական աշխատանքի և կարողությունների գնահատման համակարգ է, որի միջոցով որոշվում է՝ ուսուցիչը որքանով է համապատասխանում սահմանված մասնագիտական չափանիշներին։ Այլ կերպ՝ դա ուսուցչի մասնագիտական առաջընթացը և պատրաստվածության մակարդակը գնահատելու միջոց է։
Նախարարության հիմնավորմամբ՝ փոփոխության նպատակը ուսուցչի մասնագիտական աշխատանքը գնահատելն է՝ ավելի ամբողջական և փաստերի հիման վրա։ Նախագծի հեղինակները ակնկալում են, որ այս փոփոխության արդյունքում ավելի հեշտ կլինի պարզել՝ ներկայացված փաստաթղթերում նշված տվյալները որքանով են համապատասխանում ուսուցչի իրական աշխատանքին։
Միաժամանակ, նախատեսվում է սահմանել նաև տարակարգի վերաբերյալ որոշման ընդունման առավելագույն ժամկետ։ Ըստ նախագծի՝ դա պետք է գործընթացն ավելի կանխատեսելի դարձնի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում