Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում | armenpress.am

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում

Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել։

ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։

«Տեսչական մարմինը, կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Միաժամանակ, վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում ևս»,– հայտարարում են ՍԱՏՄ-ից՝ քաղաքացիներին հորդորելով նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն