Արագ փոփոխվող աշխարհում կրթական համակարգերը կանգնած են ինքնավերանայման և նոր լուծումների փնտրտուքի առջև: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում և աշխարհում ընթացող կրթական միտումների, արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև այն հմտությունների մասին, որոնք օգնելու են այսօրվա աշակերտին հաջողել ապագայում:
-Ո՞ւր է այսօր գնում կրթությունն աշխարհում և Հայաստանում։
-Կրթությունը հիմա բավական բարդ իրավիճակում է ամբողջ աշխարհում: Վերջերս հրապարակվեցին PISA միջազգային ստուգատեսի ցուցանիշները, որն աշխարհում ամենահայտնի կրթական ստուգատեսն է։ Այն անցկացվում է 15 տարեկանների շրջանում՝ մաթեմատիկայից, բնագիտությունից և ընթերցանությունից, և բոլոր ոլրտներում արձանագրվեց հերթական անկումը: Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս ստուգատեսին, ուստի չենք կարող ասել անցած անգամից լավ է, թե վատ, բայց պատկերը խնդրահարույց է. մենք Բնագիտությունից և Ընթերցանությունից 90 երկրների շարքում 79-րդ տեղում ենք, իսկ Մաթեմատիկայից՝ 73-րդ տեղում։ Այսինքն՝ ամենացածր հորիզոնականներում ենք: Որքան էլ զարմանալի է, եվրոպական միակ երկիրը, որն այսօր կարողանում է հաջողությամբ մրցակցել ասիական երկրների` Սինգապուրի, Չինաստանի, Ճապոնիայի հետ, փոքրաթիվ բնակչություն ունեցող Էստոնիան է:
Այս իրավիճակն ունի մի քանի խորքային պատճառ: Նախ՝ ընդհանրապես մարդն իր էությամբ ծույլ է, բայց տարբեր մեխանիզմներով մեզ հաջողվել էր հասնել մի մակարդակի, որ երեխաները սովորում էին: Հիմա արհեստական բանականությունն (ԱԲ) ու ինտերնետը բավականաչափ փոխել են իրավիճակը․ նախ մի կողմից զբաղեցնում ու շեղում են երեխաներին, մյուս կողմից՝ ծուլացնում։ Երեխան մտածում է՝ եթե հնարավոր է շարադրությունը գրել ԱԲ-ով կամ մաթեմատիկայի ու շախմատի խնդիրը լուծել մեկ րոպեում, ինչո՞ւ շատ տանջվել դրա վրա։ Սա շատ վտանգավոր միտում է, որը Հայաստանում ավելի սուր է արտահայտվում, որովհետև եթե աշխարհի շատ երկրներում ակադեմիական ազնվության խնդիրը շատ կարևորվում է, և արտագրելը համարվում է վատ բան, մեզ մոտ արտագրողին կարող են նույնիսկ գովել, թե «լավ ես արել, կարողացել ես, արտագրել ես»: Այն հասարակություններում, որտեղ ակադեմիական ազնվությունը ցածր մակարդակի վրա է, ԱԲ-ն սկսում են ավելի շատ օգտագործում կեղծելու համար:
Մյուս խնդիրն այն է, որ սերունդների միջև բավական անջրպետ է առաջացել: Ավագ սերնդի մտածելակերպն ու դասավանդման ոճն այսօրվա երեխաների համար հետաքրքիր չեն: Մենք, օրինակ, սիրում ենք երեխաներին խելացի բաներ պատմել, մեր անձնական պատմություններով կիսվել, ինչը նախկինում աշխատում էր ինֆորմացիայի պակասի պատճառով: Բայց այսօր երեխաներն այլ կերպ են ուզում սովորել ու մենք պետք է հարմարվենք այդ իրականությանը։ Վերջապես, աշխարհն ու հասարակությունները շատ են բևեռացվել, հարուստների ու անապահովների տարբերությունը սրվել է, որի արդյունքում աղքատ ընտանիքների երեխաները ստիպված են լինում աշխատել դասերի հաշվին: Այսօր խնդիրն այն չէ, որ տեխնոլոգիաներն անապահովներին հասանելի չեն, այլ այն, որ իրենք դրանք վատ են օգտագործում. գիտակից ընտանիքներում ծնողական վերահսկողություն կա և երեխային տարբեր խմբակների են տանում, որ հեռախոսով շատ չզբաղվի, իսկ անապահով ընտանիքի երեխան, զբաղմունք չունենալով, ամբողջ օրը հեռախոսի մեջ է:
-Աշխարհում կան տարբեր կրթական մոդելներ, Հայաստանը փորձում է անցում կատարել գիտելիքահենքից կարողունակահենք կրթության։ Ինչպե՞ս է Ձեր գնահատականով ընթանում այս պրոցեսը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում։
-Նախագծային մոտեցումը շատ արդյունավետ է և համապատասխանում է այսօրվա սերնդին, որովհետև այսօրվա երեխաները չեն սիրում չորս պատերի ներսում սովորել. իրենք սիրում են գնալ ինչ-որ տեղ, հետազոտել կարդալ, պրեզենտացիաներ ու աղյուսակներ պատրաստել: Ես դրա ջատագովն եմ, դա սովորելու շատ լավ ձև է, բայց բավական աշխատատար է, և աշակերտները պետք է հսկայական աշխատանք անեն։ Այստեղ կառանձնացնեի մի խնդիր, որ երեխաները պետք է որոշակի հմտություններ ունենան, օրինակ՝ հարցումներ անելու, հարցազրույց վարելու և արդյունքները վերլուծելու: Մեր յոթերորդ կամ ութերորդ դասարանի երեխան, եթե հարցում է անում, ցավոք, չի կարող վերլուծել դրանք, որովհետև չունի այդ հմտությունը: Երկրորդ լուրջ խնդիրն այն է, որ սոցիալական ցանցերում արդեն վաճառվում են պատրաստի նախագծային աշխատանքներ: Իմ մտահոգությունն այն է, որ Հայաստանում նախագծային աշխատանքը կարող է արժանանալ կուրսային աշխատանքների ճակատագրին, երբ ուսանողների 20 տոկոսն էր ինքնուրույն անում աշխատանքը, իսկ մյուս 80 տոկոսն արտագրում էր կամ գնում բուհերի շրջակայքում բացված հատուկ կենտրոններից: Այստեղ էլի առաջ է գալիս ակադեմիական ազնվության հարցը:
-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կարևոր հաշվի առնել ազգային առանձնահատկությունները կրթական մոդելի ընտրության հարցում։
-Դա չափազանց կարևոր է, որովհետև կրթությունը համատեքստային երևույթ է: Այսօր գլոբալացման պայմաններում բոլոր երկրներից հաճախ պահանջում են նույն բաները: Դա վատ չէ, հաշվի առնելով միգրացիոն պրոցեսները. եթե մեր համակարգը մեկուսացված ու փակ լինի, մեր երեխաները դրսում խնդիրներ կունենան, կամ էլ դրսից եկած երեխաները (օրինակ՝ հիմա մեր դպրոցներում արդեն սովորում են բավական թվով հնդիկ երեխաներ) չեն կարողանա ինտեգրվել: Այսինքն՝ պետք է ձգտել միջազգային ստանդարտների, բայց մյուս կողմից կրթությունն առնչվում է ժողովրդի հոգեբանությանն ու ազգային առանձնահատկություններին:
Մեր պետության խնդիրներն ու Գերմանիայի խնդիրները նույնը չեն, մենք ուրիշ աշխարհաքաղաքական վիճակում ենք և ուրիշ տնտեսական մակարդակում: Պետք է նայել, թե աշխարհն ինչ է անում, բայց նաև ստեղծել մերը: Օրինակ՝ բանակի հետ կապված հարցը շատ երկրներում գուցե կարևոր չէ, բայց Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտի համար կրթական համակարգը պետք է մտածի լավ զինվորներ ու սպայական կազմ պատրաստելու մասին: Կամ՝ մենք մի քիչ ավելի ասիական երկիր ենք, այլ հոգեբանությամբ. մեր երեխաներն ավելի աշխույժ են, շարժուն ու իմպուլսիվ, հետևաբար մեր կրթական համակարգում կարգապահական խնդիրները, թերևս, պետք է ավելի սուր դրվեն։
-Երբ արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաներն ունեն բոլոր հարցերի պատասխանները, ո՞րն է ուսուցչի և դպրոցի դերը 21-րդ դարում: Ինչպե՞ս պիտի ուսումնական հաստատությունները հաղթահարեն այս մարտահրավերը։
-Սա առանցքային խնդիր է, քանի որ անգամ ԱԲ ոլորտի առաջատարները մտավախություններ ունեն, որ դրա զարգացումը կարող է ընթանալ ոչ ցանկալի սցենարով: Գլխավոր խնդիրն է ԱԲ-ի դրական կողմերն օգտագործել կրթության զարգացման համար: Արհեսատական բանականությունն այսօր գիտության միջոցով ավելի լավ է կարողանում մարդուն ճանաչել ու հասկանալ, և մենք պետք է դրանով փոխհատուցենք ու բազմապատկենք այն, ինչ մեզ մոտ լավ չի ստացվում: Օրինակ՝ իմ անձնական փորձով ԱԲ-ն ինձ շատ է օգնում. ցանկացած կարևոր հարց ինքն ինձ շատ արագ բացատրում է, ինքն իմ ուսուցիչն է: Օգնում է բարելավել անգլերենի հմտություններս, հղկում է տեքստերս։
Բայց կրթության մեջ մի կարևոր կանոն կա. աշակերտը չպետք է ԱԲ-ից օգտվի այն հարցերում, որոնցում ինքը թույլ է: Եթե նոր ես սովորում էսսե գրել, պետք չէ ԱԲ-ից օգտվել, պետք է ինքնուրույն գրես, որպեսզի հմտությունդ զարգանա: Այստեղ առաջանում է կարգավորումների հարցը: Ցավոք, մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ դպրոցներն ու տեղական համալսարաններն ունենան ԱԲ քաղաքականություն (թեև Հայաստանի ամերիկյան համալսարանը որոշ քայլեր անում է): Մեզ անհրաժեշտ են կանոնակարգեր, թե որ դեպքերում է ԱԲ-ից օգտվելը խրախուսվում, և որ դեպքում է համարվում ռիսկ: Սակայն Հայաստանի համար հիմնարարը էթիկայի հարցն է. քանի դեռ մենք արտագրում ենք ու ակադեմիական ազնվություն չենք ապահովում, ցանկացած լավ բան օգտագործվելու է վատ նպատակով:
-Իսկ ինչպե՞ս է ԱԲ-ն լուծում կրթության անհատականացման խնդիրը:
-ԱԲ-ի ամենաուժեղ կողմերից մեկը կրթության անհատականացման հնարավորությունն է: Կրթությունը դիալեկտիկորեն գոյակցող երևույթ է. մի կողմից այն պետք է լինի սոցիալական, ես չեմ կարող միայնակ սովորել: Դասարանային կրթության ամենաուժեղ կողմն այն է, որ երեխաները, անգամ եթե ուսուցչից չեն սովորում, իրարից են սովորում: Իհարկե, իրարից կարող են վատ բաներ էլ սովորել, բայց ամենալավ դասն այն է, որ տեսնելով տարբեր բնավորություններով 20 երեխայի՝ սովորում են իրար հետ լեզու գտնել, հասարակության մեջ ապրել: Եթե սա կորցնենք, աղետ կլինի, Բաբելոնյան աշտարակաշինություն կստացվի:
Մյուս կողմից, այսօրվա կրթական համակարգը ուսուցչին դրել է անելանելի վիճակում. նրան տալիս են 45 րոպե և ասում՝ սովորեցրու տարբեր մակարդակներ ունեցող 35 երեխայի: Եթե բարդ ես սովորեցնում, մեծ մասը չի հասկանում, միջակ ես սովորացնում, լավ սովորողներին հետաքրքիր չէ, նշաձողն իջեցնում ես, էլ ոչ մեկ չի սովորում: Այստեղ ԱԲ-ն կարող է օգնել որպես անհատական ուսուցիչ. օրինակ՝ ֆիզիկա սովորելիս կարելի է ԱԲ-ով ստեղծել մոդուլներ, որտեղ երեխան, նյութը չհասկանալով, կիջնի ավելի պարզ մակարդակի և կսովորի իրեն համապատասխան տեմպով:
-Յուրաքանչյուր աշակերտի կարիքներին համապատասխանեցված անհատականացված կրթության անցնելու համար ի՞նչ գործնական փոփոխություններ են անհրաժեշտ:
-Ինձ թվում է՝ մենք կարող ենք կամաց-կամաց գնալ դասարաժամերի կրճատման: Օրինակ՝ դասերը 45 րոպեի փոխարեն անել 30 րոպե: Ամեն դասից 15 րոպե կրճատելով՝ օրական ազատում ենք մոտ 105 րոպե, որը համարյա երկու ժամ է: Դա նշանակում է, որ աշակերտները երկու ժամ շուտ կավարտեն դասերը, և այն երեխաներին, ովքեր հետ են մնացել, կօգնենք լրացնել բացթողումները, իսկ ծրագիրը հաղթահարածները կարող են ավելի բարդ խնդիրներ լուծել կամ գնալ խմբակների: Տպավորություն է, թե մենք ժամանակային հարկ ենք դրել երեխաների վրա: Հաշվարկ կա, որ դասերի 8-9 տոկոսը ծախսվում է կարգապահական հարցերի վրա, իսկ դա գալիս է նրանից, որ աշակերտները նյութը չեն հասկանում և մտածում են՝ ինչպես խանգարեն դասը:
-Ինչքանո՞վ է կարևոր երեխայի կարողություններն ու տաղանդները ճանաչելը ուսուցիչների և ծնողների կողմից։
-Սա ամենակարևոր բաներից է: Ուսուցչի աշխատանքը նաև հանքափորի աշխատանք է. փորում, փորում ես ու գտնում գանձը: Ինչպես Միքելանջելոն էր ասում իր «Դավիթ» արձանի մասին. «Ես վերցրեցի քարը, ավելորդ մասերը հեռացրեցի, և մնաց գանձը»: Երեխաները տարբեր տաղանդներ ունեն՝ մեկը կազմակերպիչ է, մյուսը լավ փաստարկներ է բերում, երրորդը լիդեր է, մեկ ուրիշը կարողանում է լսել, մյուսն արագ հաշվում է, մեկն էլ երևակայություն ունի: Ստանդարտ խնդիրներ տալիս դասարանի լիդերները ուրիշ երեխաներ են, բայց ոչ ստանդարտ խնդրի դեպքում լիդերները փոխվում են:
Այստեղ ԱԲ-ն կարող է շատ օգնել. տվյալների վերլուծության միջոցով կարող ենք ավելի հետազոտահեն ու հիմնավոր արդյունքներ ստանալ երեխայի հակումների մասին: Երբ երեխան գտնում է իրենը, դառնում է նվիրյալ: Մենք միշտ ասում ենք՝ եկեք մոտիվացնենք երեխային, որ հասնի հաջողության, բայց գիտությունը բացահայտել է հակառակը. հենց հաջողությունն է ծնում մոտիվացիա: Եթե գտնենք երեխայի ուժեղ կողմը, նա հաջողելու է և դրանից մոտիվացվի: Աչքաչափով ախտորոշում անելը դժվար է, քանի որ դրա համար հոգեբանական, նեյրոգիտական խոր գիտելիք է պետք, և ԱԲ-ն այստեղ կարող է լինել մեր օգնականը:
-Որո՞նք են այն երեք հիմնարար հմտությունները, որ այսօրվա դպրոցականը պետք է պարտադիր ձեռք բերի ապագայի հասարակությունում ապրելու համար։
-Առաջինն անընդհատ սովորելու հմտությունն է և չվախենալը ինչ-որ բան չիմանալուց: Երկրորդը մտածողությունն է, բայց ոչ միայն «գլխով մտածելը»: Կարծրատիպ կա, թե մարդը մտածում է միայն ուղեղով, բայց մարդը մտածում է ամբողջ մարմնով, ուստի լավ մտածելու համար կարևոր են նաև հույզերը, հոգեկան և ֆիզիկական վիճակը:
Երրորդը չվախենալն է ձանձրալի բաներից: Կյանքում մարդը հաջողության է հասնում, երբ անում է բաներ, որոնք ձանձրալի են: Եթե նայենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կամ գիտնականների առօրյան, նրանք անընդհատ կրկնվող բաներ են անում՝ նույն թեմայով դաս են վարում, նույն գիրքը մի քանի անգամ կարդում են, ամեն օր վազում են կամ նույն խնդիրն են փորձում լուծել: Այսօրվա երեխաները, ցավոք, չեն սիրում ձանձրալի բաներ. մի երկու անգամ անում են, չի ստացվում, թողնում են: Հակառակը՝ պետք է տոկունություն ունենալ ձանձրալի բաների հանդեպ, որովհետև հետևողական, փոքր քայլերով ես հասնում արդյունքի:
-Շատ երիտասարդներ ձգտում են ավելի արագ հաջողությունների հասնել ու չեն ցանկանում երկար ժամանակ ներդնել կրթության մեջ։ Ինչպե՞ս պիտի վերափոխվեն համալսարանները։
-Իրավիճակը բարդ է, որովհետև կյանքի տեմպը շատ է արագանում, իսկ համալսարանն ու դպրոցը դանդաղ ինստիտուտներ են, ինչի պատճառով հաճախ կորցնում են իրենց գրավչությունը: Բարձրագույն կրթության մեջ հիմա խրախուսվում են «միկրո-որակավորումները», երբ մարդը ոչ թե ամբողջական մասնագիտություն է սովորում, այլ վերցնում է մի փոքր բովանդակություն, սովորում, որակավորում ստանում: Դա կարճատև է ու էժան, բայց այս պարագայում մենք ռիսկ ունենք կորցնելու ամբողջական մարդուն:
Համալսարան ասելով նկատի չունենք միայն մասնագիտական հմտությունները, այլ մարդու ամբողջական ձևավորումը: Ինձ համար համալսարանների հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ ուսանողների մեծ մասը դասերի ավարտից հետո գնում է տուն: Համալսարանը չի դառնում այն տեղը, որտեղ ուսանողները դասերից հետո մնան, քննարկումներ անեն, խմբային նախագծեր իրականացնեն, ոչ ֆորմալ շփումներ ունենան: Հենց այս հարցն է, որի շուրջ պետք է մտածենք։
Անի Նազարյան