Վան Գոգի, Մոնեի և Սեզանի հազվագյուտ կտավները աճուրդի կհանվեն Նյու Յորքի Sotheby's-ում | news.am

Վան Գոգի, Մոնեի և Սեզանի հազվագյուտ կտավները աճուրդի կհանվեն Նյու Յորքի Sotheby’s-ում | news.am

news.am Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել արգենտինացի կոլեկցիոներ Նելլի Արրիետա դե Բլակյեի մասնավոր հավաքածուում պահվող իմպրեսիոնիստ և մոդեռնիստ նկարիչների 12 կտավները, գրում է The Guardian-ը։

Տարիներ շարունակ հանրությանն անհասանելի և «գրեթե առասպելական» համբավ ունեցող այս հավաքածուն ներառում է Վինսենթ վան Գոգի, Պոլ Սեզանի, Կլոդ Մոնեի, Պոլ Գոգենի, Կամիլ Պիսարոյի, Էդգար Դեգայի, Պյեռ-Օգյուստ Ռենուարի, Ալֆրեդ Սիսլեյի, Անդրե Դըրենի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի և Մորիս դը Վլամինկի աշխատանքները։ Sotheby’s-ի գնահատմամբ՝ կտավների ընդհանուր արժեքը գերազանցում է 450 միլիոն դոլարը։

Ամենաթանկարժեք նմուշների թվում են Վինսենթ վան Գոգի «Ծաղկած կասթանները» (1890 թ.), որը գնահատվել է 180 միլիոն դոլար, ինչպես նաև Սեզանի «Արլեկինը» (150 միլիոն դոլար)։ «Ծաղկած կասթանները» պատկանում է Վան Գոգի ստեղծագործական ուշ շրջանին, երբ նկարիչը, Սեն Ռեմիի կլինիկայից դուրս գրվելուց հետո, աշխատում էր Օվեր սյուր Ուազում։ Աշխատանքը նախկինում պատկանել է նկարչի եղբորը՝ Թեոյին, իսկ ավելի ուշ՝ ամերիկացի պրոդյուսեր Ջորջ Գարդ «Բադդի» ԴեՍիլվային։ Սա Օվերում ստեղծված այն ութ կտավներից մեկն է, որոնք դեռևս գտնվում են մասնավոր հավաքածուներում։

Sotheby’s-ի իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի բաժնի նախկին տնօրեն Ֆիլիպ Հուքի խոսքով՝ այս հավաքածուի մուտքը շուկա «պատմական պահ» է, քանի որ աշխատանքների մեծ մասը երկար ժամանակ պահվել է մասնավոր ձեռքերում և երբեք չի ցուցադրվել։ Իսկ աճուրդի տան ավագ գեղարվեստական խորհրդատու Սայմոն Շոուն հավաքածուն բնութագրել է որպես «փոքրիկ Օրսե թանգարան, որն առաջին անգամ իր դռներն է բացում հանրության առջև»։

Կտավները երկու օր շարունակ կցուցադրվեն Լոնդոնում, որից հետո ցուցահանդեսային շրջագայությամբ կտեղափոխվեն Թայբեյ, Հոնկոնգ և Փարիզ։ Աճուրդը նախատեսված է նոյեմբերի 18-ին և կանցկացվի Նյու Յորքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն