ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում ՀՀ պատվիրակությունը դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և ընդգծել, որ հակաահաբեկչական միջոցառումները չպետք է ծառայեն քաղաքական նպատակների։ Հայաստանը վերահաստատել է նաև միջազգային համագործակցությանն աջակցելու հանձնառությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրությունը՝ ստորև․
«ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազզգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը միանշանակ դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ ընդգծելով միջազգային իրավունքի, այդ թվում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդյունավետ միջազգային համագործակցության կարևորությունն ունիվերսալ և տարածաշրջանային ձևաչափերում:
ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումները պետք է ուղղված լինեն իրենց հիմնական նպատակին և քաղաքական շահարկումների գործիք չդառնան:
Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունն՝ աջակցելու ահաբեկչական փոփոխվող վտանգների դեմ կոլեկտիվ ջանքերին»: