armenpress.am 2026 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Ֆրենսիս Հալզենը «IceCube նեյտրինոների աստղադիտարանում ունեցած վճռորոշ ներդրման և աստղաֆիզիկական ծագում ունեցող բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման համար»։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան։
Ըստ հաղորդագրության՝ Ֆրենսիս Հալզենը հիմք է դրել աստղագիտության բոլորովին նոր տեսակի։ Նրա մոտ գաղափար է առաջացել Հարավային բևեռի սառույցն օգտագործել նեյտրինոներ կոչվող մասնիկներին հետևելու համար։ Նրա տեսլականն ու գիտական առաջնորդությունը հիմնարար նշանակություն են ունեցել IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծման համար՝ մեկ խորանարդ կիլոմետր ծավալով սառցային զանգված, որը հագեցած է լուսազգայուն տվիչներով։
IceCube-ի միջոցով գիտնականները կարող են հայտնաբերել հեռավոր տիեզերքում տեղի ունեցող չափազանց մեծ էներգիա արձակող գործընթացներից առաջացող նեյտրինոները։
Նեյտրինոներն ամենուր են, սակայն իրենց գոյությունը ցույց չեն տալիս։ Դրանք անցնում են ամբողջ Երկրի և մեր մարմինների միջով՝ առանց մեր կողմից որևէ կերպ նկատվելու։ Շատ հազվադեպ որևէ նեյտրինո փոխազդում է ատոմի միջուկի հետ, ինչը համապատասխան սարքավորում ունեցող գիտնականներին հնարավորություն է տալիս հայտնաբերել դրանք։
Չափազանց մեծ էներգիա ունեցող նեյտրինոներն առաջանում են այն նույն միջավայրերում, որտեղ ձևավորվում են այլ տեսակի մասնիկներ։ Սակայն ի տարբերություն մյուս մասնիկների՝ նեյտրինոները մեզ են հասնում՝ առանց ուղղությունը փոխելու կամ էներգիա կորցնելու։ Սա նշանակում է, որ դրանք կարող են մեզ տեղեկություններ հաղորդել, որոնք այլ կերպ հնարավոր չէ ստանալ։
Ֆրենսիս Հալզենը Հարավային բևեռում նեյտրինոների հայտնաբերման իր տեսլականն առաջին անգամ ներկայացրել է 1988 թվականին։ Երբ նեյտրինոն բախվում է ատոմի միջուկին, առաջանում է լույսի կարճատև բռնկում, որը կարելի է գրանցել մաքուր սառցադաշտային սառույցի մեջ տեղադրված տվիչների միջոցով։
Հարավային բևեռի սառույցը բազմաթիվ առավելություններ ունի, քանի որ զերծ է տարբեր տեսակի խանգարող ազդակներից, իսկ տարածքը երկրաբանորեն կայուն է, և այնտեղ երկրաշարժեր չեն լինում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում