Հայաստանը հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասած և վավերացված 11 երկրներից մեկն է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից հրավիրված Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագիտական խումբը (ETAGE) հաստատել է, որ Հայաստանը պատվաստումների միջոցով հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին։
Վավերացման գործընթացում գնահատվել են հեպատիտ B-ի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված երեխաների շրջանում HBsAg-ի տարածվածության մակարդակը։
Այս արդյունքը Հայաստանի իմունականխարգելման երկարամյա քաղաքականության և հեպատիտ B-ի դեմ պատվաստումների հետևողական իրականացման կարևոր ձեռքբերում է։
Վերջին տարիներին երեխաների շրջանում հեպատիտ B-ի սուր դեպքերի բացակայությունը ևս այդ աշխատանքի արդյունքն է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ձեռքբերումը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունն ու ներդրումները տալիս են շոշափելի արդյունք՝ երեխաներին պաշտպանելով ոչ միայն հիվանդությունից, այլև դրա հնարավոր երկարաժամկետ առողջապահական և տնտեսական հետևանքներից:
Միևնույն ժամանակ, ձեռքբերումը նոր պարտավորություններ է առաջադրում՝ պահպանել պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, շարունակել իմունականխարգելման ծրագրերի զարգացումը և ընդլայնել հեպատիտ B-ի քրոնիկ ձևերի կառավարման հնարավորությունները։