Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում | arm.sputniknews.ru

Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանը ներկայացնող դպրոցականները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադան անցկացվել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը, օլիմպիադային մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ (յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ)։

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանն ու «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սան Դավիթ Բադալյանը:

ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ռուզաննա Շիրոյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և Էմիլ Հարությունյանը։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանը (ԵՊՀ, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամ) և Արտավազդ Հարությունյանը (ԵՊՀ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

2025 թ.-ի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հնդկաստանի Մումբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

Վանաձորցի շրջանավարտը կույրերի համար ձայնային օգնականի նախագիծ է ստեղծել

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն