news.am Նիգերիայում երկրի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է, ինչի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են։ Ողբերգության մասին երեքշաբթի հայտնել է Associated Press-ը։
ATR-42 ինքնաթիռը կատարում էր պլանային չվերթ դեպի երկրի տնտեսական մայրաքաղաք Լագոս։ Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ օդանավում եղել են 20 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
Ինքնաթիռն անհետացել է ռադարներից, որից հետո դրա բեկորները հայտնաբերվել են Նիգերիայի հարավային Օնդո նահանգի Իգբոկոդա քաղաքում՝ ռազմածովային բազայի մոտակայքում։ Տեղի բնակիչները Associated Press-ին պատմել են, որ ինքնաթիռն ընկել է գետի մոտ և մասամբ հայտնվել ջրում։
Ականատես Ակինբուլեջո Պիուսը հայտնել է, որ մինչև կործանումը լսել է ամպրոպի հարված հիշեցնող ձայն։ Նրա պատմելով՝ ինքնաթիռը դիպել է մի քանի ծառերի, ինչից հետո կործանվել է։
Վթարի պատճառը դեռ չի հաստատվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում