Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին | armenpress.am

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին | armenpress.am

armenpress.am Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համար մեր երկրի կենսաբազմազանությունը ճանաչելու լավագույն տարբերակներից մեկը բնության մեջ գտնվելն է։ Հայաստանում իր առաքելությունը սկսելով 2024 թվականին՝ նա հասցրել է բարձրանալ լեռներ, լողալ Սևանա լճում, ուսումնասիրել անտառները՝ բացահայտելով բնապատկերներ, որոնք, նրա խոսքով, վկայում են էկոհամակարգերի բացառիկ բազմազանության մասին։

Սակայն Հայաստանի յուրահատուկ բնությունը բացահայտելուն զուգընթաց Ժակոբը հստակորեն նկատել է, թե որքան փխրուն է մեր երկրի բնական հարստությունը։ Ջրի սակավությունը, կլիմայական փոփոխությունները, անտառային հրդեհները, արագ զարգացող զբոսաշրջությունն ու ուրբանիզացիան տարեցտարի ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում Հայաստանի էկոհամակարգերի վրա։

Այսօր, երբ Երևանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը, Ժակոբը համաժողովը կարևոր առիթ է համարում՝ կրկին ուշադրություն հրավիրելու մի հարցի վրա, որն անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի միջազգային օրակարգի մաս է կազմում։ Նա հիշեցնում է, որ 1992 թվականին՝ անկախացումից ընդամենը վեց ամիս անց, Հայաստանը մասնակցեց Ռիոյի գագաթնաժողովին (Rio Earth Summit)։ Դա անկախ Հայաստանի մասնակցած առաջին միջազգային գագաթնաժողովներից էր, ու, փաստորեն, երկրի առաջին միջազգային հանձնառություններից մեկը վերաբերում էր հենց շրջակա միջավայրի պահպանությանը։

Գրեթե 35 տարի անց Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության ոլորտի աշխարհի ամենակարևոր համաժողովը։ Ժակոբի խոսքով՝ COP17-ը չպետք է դիտարկել որպես միջոցառում, որը սահմանափակվում է միայն բանակցությունների համար նախատեսված սենյակներում քննարկումներ անցկացնելով։ Կենսաբազմազանությունը սերտորեն կապված է գյուղատնտեսության, ջրի, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսական զարգացման հետ, իսկ դրա պահպանությունը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի համոզմամբ, կառավարության, գործարար շրջանակների, համայնքների և անհատների համատեղ պատասխանատվությունն է։

Համաժողովից առաջ Ժակոբը «Արմենպրես»-ի հետ զրուցել է այն մասին, թե ինչն է Հայաստանը դարձնում կենսաբազմազանության խաչմերուկ, դրան սպառնացող ինչպիսի վտանգներն են ամենաարագն աճում, և ինչ ակնկալիքներ ունի Երևանում անցկացվելիք համաժողովից։

– Երբ 2024 թվականին եկաք Հայաստան, ի՞նչն էր հայկական բնապատկերներից, որ ամենաշատը տպավորեց ձեզ։

– Հետաքրքիր հարց է։ Երբ եկա Հայաստան, վազելու տեղ էի փնտրում, որովհետև ամեն օր մարզվելու կարիք ունեմ։ Կարդացել էի Կասկադի մասին։ Մտածեցի՝ լավ, ուրեմն գնամ Կասկադ։ Այստեղ գտնվելուս երրորդ առավոտյան Կասկադով բարձրացա վերև։ Քայլում էի ու մտածում՝ Աստված իմ, այստեղ ուղիղ 552 աստիճան կա։ Երբ արդեն վերևում էի, հետ իջնելու համար թեքվեցի աջ ու հանկարծ հայտնվեցի Արարատի դիմաց։ Մինչ այդ այն չէի տեսել․ Հայաստան հասել էի կեսգիշերին, իսկ առաջին երկու օրերն անցկացրել էի քաղաքի կենտրոնում։ Տպավորիչ էր առաջին անգամ Արարատը տեսնելը։

Առաջին հանգստյան օրերին գործընկերներիցս մի քանիսի հետ գնացինք արշավի՝ Նորավանք։ Այնտեղ առաջին անգամ բնական միջավայրի մեջ տեսա հնագույն վանքերը։ Սա երկրորդ տպավորիչ բանն էր ինձ համար։

Երրորդը տրիաթլոնի ակումբի անդամների հետ ծանոթությունից հետո էր, ընդ որում, այն ինչ պատմում եմ, տեղի է ունեցել առաջին երկու շաբաթվա ընթացքում։ Միասին գնացինք լողալու Ազատի ջրամբարում, հետո եղա Սևանում և Հայաստանի տարբեր վայրերում։ Եվ հասկացա, որ այստեղ բնությունը միավորում է շատ տարբեր աշխարհներ ՝ ջուր, լեռներ, ավանդույթներ ու մշակույթ։

Ամենաշատը հենց սա եմ հիշում Հայաստանում անցկացրածս առաջին երկու շաբաթներից։

– Բայց արդեն գրեթե երեք տարի է՝ Հայաստանում եք։ Եթե առանձնացնելու լինեք մեկ վայր, որն ամենաշատն եք սիրում Հայաստանում, դա ո՞րը կլինի։

– Սևանա լիճը։ Հատկապես սիրում եմ գնալ լճի արևելյան ափ։ Քայլարշավների եմ գնում, հեծանիվ եմ քշում, լողում եմ։ Ես առհասարակ շատ եմ սիրում սպորտն ու բացօթյա ակտիվ կենսակերպը։

Ամեն ամառ Սևանում տարբեր մրցումներ են անցկացվում։ Օրինակ՝ «Savage of Sevan» տրիաթլոնը։ Ինքս մասնակցում եմ տրիաթլոնի միայն լողի հատվածին։ Այս ամառ մի բավական էքստրեմալ մրցում կար․ լողի ընթացքում պետք էր թերակղզուց հասնել լճի մյուս ափ։ Վեց կիլոմետր էր, և ես մասնակցեցի։ Սևանը հաստատ իմ ամենասիրելի վայրն է։

Իհարկե, երկրի հարավում էլ կան շատ գեղեցիկ վայրեր։

Բարձրացել եմ նաև Արագածի հյուսիսային գագաթը։ Եվ պետք է ասեմ՝ երբ Արագածի ստորոտում ես կանգնած, այն իսկապես չափազանց տպավորիչ է։

– Եթե Երևանում կայանալիք COP17-ի համաժողովից առաջ հնարավորություն ունենայիք որևէ օտարերկրյա պատվիրակի Հայաստանով մեկ մի որևէ վայր ուղեկցելու, ո՞ւր կտանեիք և ինչո՞ւ։

– Սևանա լիճ։ Այն իսկապես շատ յուրահատուկ մի վայր է։ Հսկայական է, գտնվում է ավելի քան 2000 մետր բարձրության վրա։ Սա փոքրիկ ալպյան լիճ չէ, շրջապատված է բարձր լեռներով։

Այնտեղ նաև բնական արգելոց կա՝ ճայերով և բազմաթիվ այլ թռչուններով։ Եթե քայլարշավ իրականացնեք Սևանի արևելյան հատվածով, կարող եք հանդիպել շատ հետաքրքիր ծառատեսակների։ Այնտեղ կենսաբազմազանությունն իսկապես մեծ է։ Նաև այնքան բազմազան ծաղիկներ կան։

Այնպես որ Սևանը միաժամանակ և՛ անչափ գեղեցիկ է, և՛ յուրահատուկ։ Այն ունի տարբեր էկոհամակարգեր։

– Քանի որ առաջիկայում Երևանը հյուրընկալելու է COP17-ը, ինչպե՞ս կբացատրեիք մարդու, ով գաղափար չունի COP-ի մասին, թե ինչ է սպասվում այս համաժողովին։ Ի՞նչ ակնկալել երկու շաբաթ տևող բանակցություններից ու քննարկումներից։

– 1992 թվականին տեղի ունեցավ շրջակա միջավայրի հարցով համաշխարհային նշանակություն ունեցող Ռիոյի գագաթնաժողովը։ Շատ հայեր գուցե չգիտեն, որ դա անկախ Հայաստանի մասնակցած առաջին միջազգային գագաթնաժողովն էր։ Անկախացումից ընդամենը վեց ամիս անց Հայաստանը մասնակցեց այդ գագաթնաժողովին, և, փաստորեն, երկրի առաջին միջազգային հանձնառությունը վերաբերում էր հենց շրջակա միջավայրին։

Այդ գագաթնաժողովի արդյունքում ձևավորվեցին ու հետագայում ընդունվեցին երեք խոշոր կոնվենցիաներ, որոնք առնչվում են կլիմայի, կենսաբազմազանության և անապատացման ոլորտներին։ Սա ցույց է տալիս, որ դեռևս 1990-ականներին մենք խոսում էինք կլիմայի փոփոխության մասին։ Թեպետ իրականում ՄԱԿ-ը կլիմայի փոփոխության մասին սկսել էր խոսել դեռևս 1960-70-ականներին։

Հայաստանը ստորագրեց, այնուհետև վավերացրեց այդ կոնվենցիան, իսկ Ռիոյի գագաթնաժողովում որոշվեց, որ յուրաքանչյուր կոնվենցիա պետք է ունենա Կողմերի համաժողով՝ հարթակ, որտեղ բոլոր երկրները պարբերաբար կհանդիպեն և կքննարկեն, թե ինչ պետք է անել կլիմայի, կենսաբազմազանության և անապատացման ոլորտներում՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակներում։

Հենց սա էլ կոչվում է COP՝ Կողմերի համաժողով։ Իսկ Հայաստանում կայանալիք միջոցառումը COP17 է կոչվում, որովհետև սա կողմերի 17-րդ համաժողովն է։ Այն անցկացվում է երկու տարին մեկ։ Այսինքն՝ լինում են բանակցություններ, և յուրաքանչյուր երկու տարին մեկ քննարկվում են նոր թեմաներ, ինչպես նաև գնահատվում է մինչ այդ գրանցված առաջընթացը։

Այս տարի հյուրընկալող երկիրը Հայաստանն է, և սա շատ կարևոր է։ Այստեղ կգան պատվիրակություններ աշխարհի երկրների մեծ մասից, այդ թվում՝ այն երկրներից, որոնք բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած։ Ժամանող պատվիրակությունների մի մասը կարող է բաղկացած լինել 10 հոգուց, մյուս մասը՝ մինչև 200 հոգուց։ Նրանք կբանակցեն տարբեր թեմաների շուրջ։

Գոյություն ունի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակ՝ մի շարք նախանշված թիրախներով, և այս տարի երկրները պետք է ներկայացնեն, թե ինչ առաջընթաց են գրանցել այդ շրջանակի իրականացման ուղղությամբ։ Սա շատ կարևոր է։ Յուրաքանչյուրը պետք է ցույց տա, թե ինչ է արել։ Սա առաջին կարևոր ուղղությունն է։

Բացի դրանից, կարող են քննարկվել նաև այլ թեմաներ։ Օրինակ՝ այսօր կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես ֆինանսավորել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները։

Հայաստանի համար ևս մեկ կարևոր թեմա կլինի այս գլոբալ շրջանակային համաձայնագրի պարտավորություններից մեկի՝ «30 մինչև 2030 թվականը» նախաձեռնության իրականացումը։ Այստեղ Խոսքը մինչև 2030 թվականը աշխարհի ցամաքային և ջրային տարածքների 30 տոկոսը պահպանության տակ վերցնելու մասին է։

Հայաստանը որոշել է այս թիրախը դարձնել իր առաջնահերթ նախաձեռնություններից մեկը։ Այսինքն՝ երկիրը ստանձնել է այդ պարտավորությունը, և մենք կքննարկենք այն իրականացնելու տարբեր ուղիները։ Դա կարող է իրականացվել ազգային պարկերի միջոցով, բայց կան նաև տարածքների պահպանության այլ տարբերակներ։ Օրինակ՝ որոշ տարածքներ կարող են պահպանության տակ առնվել դրանք օգտագործող համայնքների կողմից՝ այդ տարածքների շատ սահմանափակ և խնայողաբար օգտագործման պայմանով։

Մեկ այլ թեմա կլինեն լեռնային էկոհամակարգերը։ Կարծում եմ՝ բավական մեծ ուշադրություն կդարձվի նաև նոր տեխնոլոգիաներին՝ թե՛ դրանց հնարավոր բացասական ազդեցության համատեքստում, թե՛ այդ նոր տեխնոլոգիաներն ի օգուտ կենսաբազմազանության պահպանության օգտագործելու տեսանկյունից։

Օրինակ՝ մենք սովորաբար կենտրոնանում ենք բացասական կողմի վրա։ Բայց եկեք վերցնենք անտառային հրդեհները։ Մինչև վերջերս Ֆրանսիայի և Կանադայի նման երկրները անտառների տարբեր հատվածներում մարդիկ են նշանակել՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Իսկ հիմա մենք կարող ենք օգտագործել դրոններ։ Կարելի է ստեղծել դրոնների ցանց, որոնք անընդհատ կթռչեն անտառների վրայով և անմիջապես կարձանագրեն ծխի առկայությունը։ Սա միայն մեկ օրինակ է։

Դրոնները կարող են նաև հետևել վայրի կենդանիների տեղաշարժին։ Կովկասյան ընձառյուծին գտնելը շատ դժվար է, բայց գուցե դրոնների օգնությամբ, օրինակ՝ GPS սարքով տեղաշարժվող ընձառյուծին հետևելով, մենք կարողանանք ավելի շատ տեղեկություն ստանալ կենդանու մասին։

Վերադառնալով COP-ին՝ այնտեղ երկու հիմնական գոտի է լինելու։ Մեկը Կապույտ գոտին է, մյուսը՝ Կանաչ գոտին։ Կապույտ գոտում են տեղի ունենալու բոլոր պաշտոնական բանակցությունները։ Երկու շաբաթ շարունակ տարբեր թեմաների շուրջ բանակցություններ կընթանան, որոնց արդյունքում պետք է ընդունվի վերջնական հռչակագիր։ Համաժողովի ավարտին տեղի կունենա նախարարական բարձր մակարդակի հանդիպում, որտեղ երկրները կփորձեն ընդհանուր հայտարարի գալ։ Կարող են լինել համաձայնություններ և տարաձայնություններ, բայց ի վերջո պետք է փոխզիջման հասնել։ Այստեղ հիմնականում լինելու են մասնագետներ՝ պետական պատվիրակություններ, ՄԱԿ-ը, ինչպես նաև խոշոր հասարակական կազմակերպություններ, օրինակ՝ Բնության պահպանության միջազգային միությունը, Բնության համաշխարհային հիմնադրամը և շատ ուրիշներ։

Կլինեն նաև բազմաթիվ զուգահեռ միջոցառումներ։ Բայց լայն հանրության համար, կարծում եմ, ամենահետաքրքիրը տեղի է ունենալու Կանաչ գոտում, որը կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում և բաց կլինի բոլորի համար։ Այնտեղ բազմաթիվ ցուցահանդեսներ կլինեն։

Մենք շատ ենք ուզում, որ երեխաները գան, որ բոլորը գան և պարզապես տեսնեն ու հասկանան, թե ինչու է այս ամենն այդքան կարևոր։ Որովհետև, իրականում, մարդիկ դեռևս լիովին չեն գիտակցում, թե ինչու է կենսաբազմազանությունն այդքան կարևոր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն