Փաշինյանի խոսքով՝ զինվորի սահմանն անցնելու և հայ գերիների վերադարձի հարցերը առանձին են դիտարկում

Փաշինյանի խոսքով՝ զինվորի սահմանն անցնելու և հայ գերիների վերադարձի հարցերը առանձին են դիտարկում

Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ադրբեջանից զինվորը հայտնվել ՀՀ տարածքում, չունի՞ Հայաստանը սահմանային պաշտպանություն:

«Դե գիտեք՝ ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանի կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր՝ երկու կողմից ընդ որում, դրոններով, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և այնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի մանրամասն՝ հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե ինչու գոնե Շաքիի բնակչությունը տեղեկացված չի եղել, որ փախուստ է եղել, որ պատրաստված լինի, նա պատասխանել է, որ չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել, որովհետև զինվորներն ինքնակամ լքում են տարածքը. «Առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալը կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս»:

Փաշինյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր, և որոնողական աշխատանքներ են կատարվել, և այդ ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները: Նրա խոսքով՝ չկար փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք և այն էլ հասել է բնակավայր։

«Պատկերացրեք, որ լինի մամուլի հաղորդագրություն, որ զինվոր է անցել Հայաստանի սահմանը, և մի ամիս չգտնեն, և պարզվի՝ զինվորը ինչ-որ մի տեղ է Ադրբեջանում։ Ամիսներով պետք է խուճապի մթնոլորտը պահպանվեր»,- եզրափակել է նա:

Անդրադառնալով հարցին՝ գիտե՞ն, թե սահմանի որ հատվածից է ադրբեջանցի զինծառայողը անցել, Փաշինյանը պարզաբանել է, որ խոսքը 10 կամ 15 կմ ճակատի մասին է, զինվորն անցել է անմարդաբնակ տարածքներով, սարերով, ձորերով, և այդ հատվածում են իրականացվել որոնողական աշխատանքներ:

«Մեր ամբողջ սահմանի երկայնքով կան շատ խտությամբ տեսադիտարկման համակարգեր, բայց եթե թանձր մառախուղ է, այդ տեսադիտարկման համակարգը կարող է և չգործել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահին քննություն է ընթանում, բայց նախնական տվյալներով՝ մառախուղ եղել, նաև փաստ չէ՝ այդ զինվորը ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել ու հասել է Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ զինվորը դասալիք է, և Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել. «Բայց մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինվորի՝ Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակմանը, վարչապետն ասել է. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Ենթադրենք, ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։

Եղել է, որ զինվորը անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին հետ ենք վերադարձնում։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով վերադարձնենք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մենք ում ենք տալու, որ մեր զինվորին հետ բերենք»:

Հարցին, թե ինչպես է տարբերակվում՝ զինվորը մոլորվել է, թե դիվերսիայի փորձ է, Փաշինյանը պատասխանել է. «Նախ ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը, երբ մեր իրավապահները մոտեցել են, դիմադրություն ցույց չի տվել: Դեպքը նախնական եղել է այսպես. ինքը գնացել, քնել է այդ տանը: Տան տերերը եկել են, հայտնաբերել են, այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը»:

Փաշինյանը հայտարարել է, որ լեգենդները, որ դիվերսիա է եղել, երեք հոգի են եղել կամ տասը հոգի, «բացարձակ անհեթեթություն են»:

Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։

Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին կրակել է Շաքի գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն