Ըստ ահազանգի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Տարածվող տեղեկության համաձայն՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը իր ավելի վաղ հրապարակային արձագանքում նշել է, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։
Այսօր տարածած հայտարարությամբ ռեստորանը նշել է․
«Իրավիճակի մասին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավապահ մարմիններին դիմելու հարցում»։
Ահազանգի վերաբերյալ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։