news.am «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնել են, որ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքով։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։ Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ նա օրակարգից չի խոսում։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցների վատնման մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Խոսափողն անջատելուց հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն անցել է քաշքշուկի։ Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։ Նիստի վերսկսումից հետո կրքերը նորից լարվել են ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանել է ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նորից ընդմիջում հայտարարեց: