Խնդրել եմ, որ մենք խուսափենք նման կադրեր հրապարակելուց. Փաշինյանը՝ ադրբեջանցու ձերբակալության մասին | news.am

Խնդրել եմ, որ մենք խուսափենք նման կադրեր հրապարակելուց. Փաշինյանը՝ ադրբեջանցու ձերբակալության մասին | news.am

news.am Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, այսինքն՝ որքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցել։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա չի բացառել, որ հենց դա է պատճառը, որ բերման ենթարկելու կադրերը չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ Փաշինյանը չի կարողացել հստակ ասել՝ արդյոք նման տեսանյութ առհասարակ արվել է, և խոստացել է ճշտել ու լրացուցիչ տեղեկացնել։ Վարչապետը միաժամանակ խոստովանել է, որ իրավապահ մարմինների գործընկերներին խնդրել է խուսափել մարդկանց ձերբակալման կադրերը հանրայնացնելուց։

«Այդ հայի, թուրքի, ադրբեջանցու․․․ հարցադրումները դա ինչի՞ համար է։ Մի հատ պետք է հասկանանք, թե այդ շեշտադրումներն ինչ են բերում։ Դեպքը, որը տեղի է ունեցել, որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որոնք այսօր տեսնում ենք դաշտում (նկատի ունի մեդիադաշտը – խմբ․)։ Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը։ Չնայած այդ դեպքից առաջ էլ էին կասկածի տակ դնում։ Այդ նույն մարդկանց համար կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչ պայմաններում․ դրանից նրանց ասելիքը չի փոխվում»,- հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։

Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին կրակել է Շաքի գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն