media.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «CTRL Z» հաղորդման՝ հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում, խոսելով տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) կանանց ներկայացվածության և գենդերային քվոտայի մասին, պնդել է, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մինչև 50 տարեկանը եղել է տնային տնտեսուհի և քաղաքականությամբ զբաղվել է այդ տարիքից։
«Նենսի Փելոսին եղել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Ինքը քաղաքական գործունեությամբ զբաղվել է 50 տարեկանից։ Մինչև 50 տարեկան ինքն եղել է տնային տնտեսուհի»,- ասել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ գենդերային քվոտան նրա համար է, որ քաղաքական ուժը ստիպված լինի գնալ Նենսի Փելոսիի նման տնային տնտեսուհիների հետևից և նրանց խնդրի մտնել քաղաքական պրոցեսների մեջ։
Իրականում, սակայն, այս պնդումը սխալ է։ Փելոսին քաղաքական գործունեությունը սկսել է շատ ավելի վաղ։
Փելոսին ծնվել է 1940 թվականին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ մտել է 47 տարեկանում՝ 1987 թվականի հունիսին, սակայն դրանից շատ առաջ նա արդեն կառուցել էր իր կարիերան Կալիֆորնիա նահանգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կազմում։
18 տարեկանում՝ 1958 թվականին, Նենսի Փելոսին ավարտել է Նոտր Դամի ինստիտուտը։ Ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան Վաշինգտոնի Թրինիթի քոլեջում՝ 1962 թվականին՝ 22 տարեկանում։
Քոլեջն ավարտելուց հետո աշխատել է որպես կոնգրեսականի փորձնակ:
1960-ականներին, զբաղվելով տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ, նա միաժամանակ կամավորական հիմունքներով մասնակցել է Դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավներին ու կուսակցական աշխատանքներին։
1976-ին՝ 36 տարեկանում, ընտրվել է Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Կալիֆորնիայից:
1970-ականների վերջին դարձել է Հյուսիսային Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավարը:
1981-1983 թվականներին եղել է Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության նախագահը (նահանգային կուսակցության ղեկավար): Պաշտոնը ստանձնելիս նա 41 տարեկան էր։
1985-1986 թթ․ եղել է Դեմոկրատական սենատորական քարոզարշավի կոմիտեի (DSCC) ֆինանսական գծով նախագահ: Պաշտոնավարման սկզբում 45 տարեկան էր։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Փելոսին մինչև 50 տարեկանը տնային տնտեսուհի է եղել, սխալ է. Փելոսին Կոնգրես է մտել 47 տարեկանում, իսկ դրանից առաջ ունեցել է փաստագրված քաղաքական կարիերա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում