arm.sputniknews.ru Այն պնդումը, թե ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ձայնագրություններում էլ երևում է, որ փաստացի նման գործողություններ չեն եղել։ Մարդիկ ուղղակի կանգնած սպասում էին, թե երբ պատգամավորները դուրս կգան։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե նման միտում լիներ, այդ միտումը ավելի շուտ էլ կլիներ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։ Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ նա օրակարգից չի խոսում։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցների վատնման մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Խոսափողն անջատելուց հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն անցել է քաշքշուկի։ Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։ Նիստի վերսկսումից հետո կրքերը նորից լարվել են ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանել է ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նորից ընդմիջում հայտարարեց:
Ավելի ուշ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հատնել են, որ 6 օգնականի արգելվել է մուտք գործել խորհրդարան։