«Գիտուժը» ողջունում է հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում վարչապետի վերահաստատած հանձնառությունը՝ հասնելու կառավարության հայտարարած բոլոր նպատակներին, այդ թվում՝ հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորման թիրախներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Հոկտեմբերի 7-ի մեր հայտարարությամբ արձանագրել էինք կառավարության առաջարկած 2027թ. պետական բյուջեի և կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագրի հակասությունը։
Կառավարությանը կոչ ենք անում Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ շտկել այս անհամապատասխանությունն այնպես, որ 2027թ. պետական բյուջեով ամբողջությամբ հատկացվեն ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված միջոցառումների իրականացմանն անհրաժեշտ միջոցները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին հատկացրեց լրացուցիչ 2․35 մլրդ դրամ, որից մոտ 1․6 մլրդ դրամը կուղղվի գիտասարքերի ձեռքբերմանը և մոտ 800 մլն դրամը՝ հետազոտական դրամաշնորհներին։
Մինչդեռ 2025-ի ավարտին Կառավարությունը նշում էր, որ բավարար միջոցների առկայության դեպքում դրամաշնորհներին մոտ 1․1 մլրդ դրամ կհատկացնի, իսկ գիտասարքերի ձեռքբերմանը՝ մոտ 5․2 մլրդ դրամ։
Հատկացված այս միջոցները կբավարարեն երեք դրամաշնորհային ծրագրեր սկսելու և մի քանի գիտասարքեր գնելու համար։ Իսկ 2027-ին հնարավոր չի լինի նոր գիտասարքերի ձեռքբերման ու դրամաշնորհային մրցույթներ հայտարարել, քանի որ նախատեսված բյուջեում չկան բավարար միջոցներ։