Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց որոշման նախագծին, որով Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին հատկացվեց լրացուցիչ 2․35 մլրդ դրամ։ Սա վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) բյուջեում․ 2․35 մլրդ դրամը վերցված է Ակադեմիական քաղաքի կառուցման համար ճշտված բյուջեով նախատեսված մոտ 5 մլրդ դրամից։
Այսօր հատկացված լրացուցիչ միջոցներից մոտ 1․6 միլիարդը կուղղվի գիտասարքերի ձեռքբերմանը և մոտ 800 միլիոն դրամը՝ հետազոտական դրամաշնորհներին։
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն «Ինֆոքոմին» հայտնել էր, որ նման նախագիծ են շրջանառության մեջ դրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2026-ի բյուջեում բավարար միջոցներ չկան մրցույթների շահառու գիտական թիմերի գիտասարքերը ձեռք բերելու և հետազոտական դրամաշնորհները սկսելու համար։
Հիշեցնենք, որ 2026-ին հետազոտությունների և մշակումների ֆինանսավորումը կրճատվել էր 2025-ի համեմատ: Ազգային ժողովում բյուջեի քննարկումների փուլում ոլորտի մի քանի ծրագրեր ներառվել էին Կառավարության առաջնահերթությունների ցանկում։ Բյուջեում նշվում էր՝ լրացուցիչ միջոցների առկայության դեպքում այդ միջոցառումներին կհատկացվի մոտ 7․4 մլրդ դրամ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ 2025-ի վերջին անտեղի էր համարում այն մտահոգությունները, թե ոլորտի ֆինանսավորումը կրճատվում է՝ հիշատակելով հիմնական բյուջեից դուրս մնացած, սակայն առաջնահերթ ծրագրերում ներառված 7․4 մլրդ դրամի միջոցառումների մասին։
Մինչ այսօրվա որոշումը, սակայն, ոլորտին 2026-ի բյուջեով հատկացվել էր լրացուցիչ ընդամենը մոտ 1 մլրդ դրամ, որն էլ ուղղվել էր «Հորիզոն-Եվրոպա» ծրագրի անդամակցությանը։ Իսկ հետազոտական դրամաշնորհների ու գիտասարքերի ձեռքբերման համար լրացուցիչ միջոցներ այդպես էլ չէին հատկացվել մինչ այս պահը։
Դրա հետևանքով 2026-ին հնարավոր չեղավ ձեռք բերել նախորդ տարիների մրցույթների շահառու գիտնական թիմերի գիտասարքերը՝ ընդհանուր՝ 4 մլրդ դրամ բյուջեով։ Այդ գիտասարքերից երկուսի դեպքում նույնիսկ պայմանագրերի 6-ամսյա ժամկետը լրացավ, և նոր մրցույթներ հայտարարվեցին։ Ավելին՝ 2026-ի ընթացքում հայտարարվեցին ու այդպես էլ չամփոփվեցին դրամաշնորհային հետազոտական մի քանի մրցույթներ՝ կրկին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։
Այժմ հատկացված լրացուցիչ 2․35 մլրդ դրամը կբավականացնի միայն 2026-ի վերջին 1-2 ամիսների ընթացքում ֆինանսավորելու հետազոտական երեք դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև ձեռք բերելու մի քանի գիտասարքեր, որոնց պայմանագրերի 6-ամսյա ժամկետը լրանում է 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին։
Իսկ 2027-ի բյուջեի նախագծով նախատեսված միջոցները նոր գիտասարքեր գնելու և դրամաշնորհային նոր մրցույթներ հայտարարելու հնարավորություն չեն տա։ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նաև մտահոգություն էր հայտնել, որ եթե այս տարվա ընթացքում չհասցնեն իրականացնել գիտասարքերի մատակարարումը (իսկ դա ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով, որ սարքերը ներկրվում են արտասահմանից), ստիպված կլինեն հատկացված լրացուցիչ բյուջեն վերադարձնել, իսկ 2027-ի նախագծով նախատեսված 2․25 մլրդ դրամը չի բավականացնի անգամ ձեռք բերելու նախորդ տարիների գիտասարքերը, որոնց ընդհանուր բյուջեն գրեթե կրկնակի շատ է՝ 4 մլրդ դրամ։
Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանին բարկացրել էր այն փաստը, որ երբ իրենք, 2018 թ․ սկսած, բյուջեն ավելացնում էին, այդ մասին գիտական համայնքում չէր խոսվում։
«Բայց հանկարծ մի որևէ նախագծում 726 դրամ մի տողի առաջ պակաս լինի, նամակ, նամակ, նամակ, նամակ, հայտարարություն, ինտերվյու, նամակ, հայտարարություն, ելույթ, ցույց, բողոքի ակցիա և այլն և այլն․․․ Նենց տպավորություն ա, որ ինչ-որ մեկը զենքը պահել ա վրեքներս, ասել ա՝ գիտեք ինչ, գիտության ֆինանսավորումը ավելացրեք, և մենք «մի կրակե՛ք, կավելացնենք» վիճակով գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք, հենց որ էդ զենքը պահածը աչքը մի կողմ ա թեքել, մենք միանգամից զրոյացրել ենք գիտության ֆինանսավորումը։ ․․․․ Ես էդ նամակներին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնելու, մինչև էդ բոլոր նամակների հեղինակները նույն տեմպով Հայաստանի Հանրապետությունում չպատմեն, թե գիտության ոլորտում ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին»,- ասաց վարչապետը՝ սպառնալով «իգնորել» այս օրերին ստացած բոլոր նամակները։
Հիշեցնենք, որ չնայած, ինչպես վարչապետը ձևակերպեց, ոչ մեկը զենք չէր ուղղել կառավարության վրա, վերջինս տարեսկզբին ընդունեց «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը»՝ այնտեղ նշելով մի շարք հավակնոտ թիրախներ, ինչպես օրինակ, մինչև 2030 թ․ ոլորտի ֆինանսավորումը պետական բյուջեից հասցնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0․75%-ի, լրիվ ծանրաբեռնվածության հետազոտողների թիվը հասցնել 6000-ի և այլն։
«Ինֆոքոմն» արդեն գրել է, որ եթե 2027-ին հետազոտություններին և մշակումներին հատկացվի 34․3 մլրդ դրամ, ինչպես որ նշված է բյուջեի նախագծում, ապա նույն տարվա ոլորտի հատկացումները կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն ընդամենը 0․25%: Ավելին՝ 2027-ի բյուջեով հնարավոր չի լինի ո՛չ նոր գիտասարքեր ձեռք բերել, ո՛չ դրամաշնորհային նոր մրցույթներ հայտարարել, ո՛չ էլ ռազմավարական ծրագրում նշված մի շարք միջոցառումներ իրականացնել։
Չնայած այս նվազող ցուցանիշներին ու մտահոգություններին՝ վարչապետն այն համոզմունքն ունի, թե իրենց հանձնառած թիրախներին հասնելու են։
«Գիտության ֆինանսավորումը մենք ենք ապահովել, մենք ենք գրել, որ ՀՆԱ-ում ինչքան պետք ա լինի գիտությունը, և մենք ապահովելու ենք՝ անկախ նրանից՝ նամակ գրում են, չեն գրում, և մեր բյուջետային մարտավարության մեջ էս 2․3 միլիարդը 2025 թվին, երբ որ Ազգային ժողովում պետական բյուջեն ընդունվել է 2026 թվականի, ոչ մի տողում էս թիվը գոյություն չի ունեցել, բայց էսօր էս թիվը կա»,- այսօր հայտարարեց վարչապետը։
Այդ թիվը, 2026-ի հիմնական բյուջեում իրապես չկար, սակայն կար առաջնահերթությունների ցանկում։ Եվ այնտեղ նշված էր ոչ թե 2․3 մլրդ, այլ մոտ 7․4 մլրդ։ Դրանից մոտ 1 մլրդ դրամն, ինչպես նշեցինք, տարվա ընթացքում հատկացվել է միջազգային պարտավորությունների իրականացման համար։ Սակայն կարևոր է հիշել, որ Կառավարությունը 2025-ի վերջին խոստանում էր բավարար միջոցների առկայության դեպքում ևս մոտ 1․1 մլրդ դրամ հատկացնել հետազոտական դրամաշնորհներին, սակայն այսօր հատկացրեց ընդամենը մոտ 800 մլն դրամ, իսկ մոտ 5․2 մլրդ դրամ՝ գիտասարքերի ձեռբերմանը, մինչդեռ այսօր հատկացվեց ընդամենը մոտ 1․6 մլրդ դրամ։
Ավելին՝ եթե մինչ այս պահը հետազոտությունների և մշակումների՝ 2027-ին նախատեսվող բյուջեն մոտ 2%-ով ավելի էր 2026-ի բյուջեից, ապա 2026-ի բյուջեի վերաբաշխումից հետո 2027-ի սպասվող բյուջեն 5%-ով պակաս կլինի։
Չնայած վերը նշված փաստերին՝ ԿԳՄՍ նախարարն այսօր պնդեց, որ իրենց բոլոր ծրագրերի շարունակականությունն ապահովված է լինելու․ «Գիտության ռազմավարությամբ նախատեսված բոլոր գործողությունների իրականացումը, ինչպես որ միասին քննարկված և հաստատված է, այդ տրամաբանությամբ առաջ ենք տանելու»։
Թե ինչպես է Կառավարությունը բյուջեի 5% նվազմամբ և գիտասարքերի ու դրամաշնորհային ծրագրերի ոչ լիարժեք բյուջեով հասնելու իր ռազմավարական թիրախներին՝ պարզ չէ։ Դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ է, որ վերջին տարիներին ձևավորվել են գիտական նոր թիմեր, այդ թվում՝ արտասահմանյան գիտնականների ներգրավմամբ, և ոլորտ են եկել երիտասարդ գիտնականներ։ Դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը միայն կարող է ապահովել ոլորտ նոր կադրերի ներգրավումն ու այդ թվում միջազգային համագործակցություններով նոր հետազոտությունների իրականացումը։ Եթե այս աստիճանական աճը տեղի չունենա, ապա հաջորդ տարիներին ոլորտի ֆինանսական անգամ կտրուկ ավելացումը չի երաշխավորի, որ կլինեն բավարար թվով գիտական թիմեր ու կադրեր՝ այդ միջոցներն արդյունավետ օգտագործելու համար։
Ավելին՝ չնայած որ վերջին տարիներին հաճախ է խոսվում այն մասին, որ գիտական հետազոտությունների շատ ավելի մեծ բաժին պետք է ծառայի պետության կարիքներին, 2027-ի բյուջեով Կառավարությունը ֆինանսավորում չի հատկացրել փորձաքննություն անցած 600 մլն դրամի ծրագրերի, որոնք իրականացվելու էին հենց գերատեսչությունների առաջադրած խնդիրներին լուծում գտնելու նպատակով։
Մինչ այդ, վարչապետը խորհուրդ տվեց ոլորտի ներկայացուցիչներին․ «Էնպես որ ես կոչ կանեմ մեր էն գործընկերներին, ովքեր էս ընթացքում ռազմավարական լռություն են պաշտպանել (նկատի ունի՝ պահպանել,- խմբ․), թող շարունակեն լուռ իրենց աշխատանքը անել։ Կառավարությունը իր ստանձնած, իր հայտարարած բոլոր նպատակակետերին և նպատակներին հասնելու է, այդ թվում՝ գիտության ֆինանսավորման վերաբերյալ»։
ԿԳՄՍ նախարարն էլ հավելում է․ «Էներգիան կարող ենք օգտագործել ավելի կառուցողական քննարկումների և նոր ծրագրեր իրականացնելու համար»։
Կառավարության այսօրվա որոշումը լուծում է 2026-ի ընթացքում կուտակված ֆինանսավորման խնդիրների միայն մի մասը։ Մնացած ծրագրերի շարունակականությունը մեծապես կախված է 2027-ի բյուջեի վերջնական տարբերակից, որի նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում։
Հոկտեմբերի 21-ին՝ 14։05-ին, նյութում կատարվել է փոփոխություն։
«Մինչ այսօրվա որոշումը, սակայն, ոլորտին 2026-ի բյուջեով հատկացվել էր լրացուցիչ ընդամենը 1․1 մլրդ դրամ» նախադասությունը վերաձևակերպվել է․ «Մինչ այսօրվա որոշումը, սակայն, ոլորտին 2026-ի բյուջեով հատկացվել էր լրացուցիչ ընդամենը մոտ 1 մլրդ դրամ»։
«Դրանից 1․1 մլրդ դրամն, ինչպես նշեցինք, տարվա ընթացքում հատկացվել է միջազգային պարտավորությունների իրականացման համար» նախադասությունը վերաձևակերպվել է․ «Դրանից մոտ 1 մլրդ դրամն, ինչպես նշեցինք, տարվա ընթացքում հատկացվել է միջազգային պարտավորությունների իրականացման համար»։