Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալները ազատվել են պաշտոնից. նոր տեղակալը Լիլիթ Մկրտչյանն է

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալները ազատվել են պաշտոնից. նոր տեղակալը Լիլիթ Մկրտչյանն է

ՀՀ պետական բյուջեում գիտության ֆինանսավորման շուրջ քննարկումների ֆոնին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալներ Արտուր Մովսիսյանը և Մկրտիչ Այվազյանը:

Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի մեկ այլ որոշմամբ Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը, որը մինչ այս Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն էր:

Հիշեցնենք, որ 2027-ի բյուջեի նախագծի հրապարակումից առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Վերջինս հայտարարություն էր տարածել` նշելով որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների հաջողությունը միայն ճիշտ քաղաքականությունների և հայեցակարգերի մշակմամբ չի կարող իրականացվել։

Ավելի վաղ «Ինֆոքոմ»-ը գրել էր, որ 2027-ի բյուջեի նախագիծը հնարավորություն չի տալիս նոր գիտասարքեր ձեռքբերելու, դրամաշնորհային նոր մրցույթներ հայտարարելու, ռազմավարական ծրագրով նախատեսված նոր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անտեսում է պետության կարիքներից բխող հետազոտությունները։

Հարցին, թե ինչպես է այս պայմաններում հնարավոր լինելու հասնել Կառավարության հանձնառած ռազմավարական թիրախներին, պաշտոնից արդեն հեռացած Արթուր Մովսիսյանը պատասխանել էր՝ հնարավոր չի լինելու։

ՀՀ կառավարությունն հոկտեմբերի 16-ի նիստում հավանության է արժանացրել որոշման նախագիծ, որով Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին հատկացվել է լրացուցիչ 2․35 մլրդ դրամ։ Սա վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) բյուջեում․ 2․35 մլրդ դրամը վերցված է Ակադեմիական քաղաքի կառուցման համար ճշտված բյուջեով նախատեսված մոտ 5 մլրդ դրամից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն