Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Եթե 2027 թվականին Կառավարությունը հետազոտություններին և մշակումներին (ՀևՄ) հատկացնի այնքան գումար, որքան նախատեսված է 2027-ի բյուջեի նախագծով, ապա ոլորտի պետական հատկացումները կկազմեն կանխատեսվող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը 0․25%-ը։
2027-ի բյուջեի նախագծով կառավարությունը գիտական և գիտատեխնիկական հետազոտություններին և ռազմարդյունաբերական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական հետազոտություններին (ԳՀՓԿ) նախատեսում է հատկացնել 34․3 մլրդ դրամ։ Սա մոտ 5%-ով ավելի է 2026-ի՝ տարեսկզբին հաստատված բյուջեի պլանից, և մոտ 2%-ով ավելի է 2026-ի ընթացքում ճշտված բյուջեի պլանից (2026-ի բյուջեի ճշտված պլանը մոտ 1 միլիարդով ավելացել է տարեսկզբի պլանի նկատմամբ)։
Ստորև կարող եք տեսնել, թե ճշտված բյուջեով որքան ֆինանսավորում է հատկացրել կառավարությունը ՀևՄ-ին 2024-2026 թթ․, որքան է նախատեսում 2027-ի բյուջեի նախագծով, ինչպես նաև 2024 և 2025 թթ․ փաստացի ծախսը։
Իսկ հաջորդիվ կարող եք տեսնել, թե կառավարությունը որքան է հատկացրել և պատրաստվում հատկացնել միայն Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին (այս ծրագրով են իրականացվում գիտական ենթակառուցվածքների պահպանումը, գիտնականների աշխատավարձերի ու հավելավճարների տրամադրումը, հետազոտական դրամաշնորհները, գիտասարքերի ձեռքբերումը և այլն)։
Կառավարությունը տարեսկզբին ընդունված «Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրով» խոստանում էր 2030-ին ոլորտի ֆինանսավորումը պետական միջոցներից հասցնել ՀՆԱ-ի 0․75%-ին։ Ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ 2027-ին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 13․6 տրիլիոն դրամ։ Սա նշանակում է, որ եթե Կառավարությունը ՀևՄ-ին հատկացնի 34․3 մլրդ դրամ, ինչպես որ նախատեսվում է բյուջեի նախագծով, ապա 2027-ին ՀևՄ հատկացումները կկազմեն ՀՆԱ-ի ընդամենը 0․25%-ը։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ 2026-ի և 2027-ի ՀՆԱ-ի փաստացի ցուցանիշները չկան․ կան միայն կանխատեսումներ։ Սակայն առանց կանխատեսումների էլ տեսանելի է, որ ՀՆԱ-ն տարեցտարի աճում է, հետևաբար գրեթե նույնական բյուջեով ոլորտի պետական ֆինանսավորումը 2030-ին ՀՆԱ-ի 0․75%-ի հասցնելն այնքան էլ իրատեսական չի թվում։
Ստորև կարող եք տեսնել, թե ՀՆԱ-ի նկատմամբ որքան են կազմել ՀևՄ բյուջեի ճշտված պլանն ու փաստացի ծախսերը 2025 և 2024 թթ․, ինչպես նաև` Ֆինանսների նախարարության կանխատեսած ՀՆԱ-ի նկատմամբ որքան կկազմի 2026-ի՝ այս պահին ճշտված բյուջեն, և 2027-ի՝ նախագծում նշված բյուջեն։
Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի կարևորագույն միջոցառումներից մեկի` դրամաշնորհային հետազոտությունների բյուջեն նույնն է մնացել, ինչ 2025-ին և 2026-ին՝ մոտ 8․5 մլրդ դրամ։ Դրամաշնորհային մրցույթների շնորհիվ վերջին տարիներին ձևավորվել են հետազոտական նոր թիմեր, այդ թվում` արտասահմանյան գիտնականների ներգրավմամբ, իրականացվել են գիտնականների վերապատրաստման և այլ կարևոր ծրագրեր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ 2026-ի նվազած բյուջեի պայմաններում իրենք կարողացել են կատարել միայն նախորդ տարիների պայմանագրային պարտավորությունները, և նոր մրցույթներ ֆինանսավորել հնարավոր չի եղել։ ԲԿԳԿ նախագահի տեղակալի խոսքով՝ եթե 2027-ին ծրագրի բյուջեն նախորդ տարվա համեմատ չավելանա, ապա այս սցենարը կկրկնվի․ ավարտվող մրցույթների փոխարեն նորերը հայտարարել հնարավոր չի լինի, ավելին` չեն կարողանա իրականացնել նաև մի շարք նոր ծրագրեր, որոնք նախատեսված են «Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրով»։
Արթուր Մովսիսյանը նշում է՝ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի բյուջեի կատարողականը պլանի նկատմամբ միշտ բարձր է եղել։ Միայն 2024-ին են այդ ցուցանիշները համեմատաբար ցածր եղել, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Նախ` 2024-ն անցումային շրջան էր, քանի որ 2023-ի ավարտին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն նոր էր ձևավորվել (մինչ այդ՝ Գիտության կոմիտե և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության վարչություն), և 2024-ին դրամաշնորհային մրցույթների փորձաքննությունները նախատեսվածից ավելի երկար տևեցին։ Դրա հետևանքով դրամաշնորհային որոշ ծրագրեր, որոնք նախատեսում էին ֆինանսավորել, օրինակ, 12 ամիս, ֆինանսավորեցին շատ ավելի քիչ, և ծախսվեց պլանավորածից քիչ բյուջե։ Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, 2024-ին ոլորտի ռազմավարական ծրագիրը դեռ ընդունված չէր, և իրենք առաջնորդվում էին Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որում մի քանի մրցույթների դեպքում ավելի շատ շահառուների էր նախատեսում ֆինանսավորում հատկացնել, քան փաստացի հայտեր հաստատվեցին։ Արթուր Մովսիսյանը նշում է՝ հաջորդ տարիների բյուջետային հայտերով այդ ծրագրերի համար արդեն ավելի իրատեսական ցուցանիշներ նշեցին։
Պաշտոնյան այս համատեքստում կարևորում է այն, որ իրենք գրեթե միշտ կրկնակի շատ հայտ են ստացել, քան փորձաքննությունների արդյունքում ֆինանսավորման հաստատված հայտերի թիվն է եղել, բայց երբեք չեն իջեցրել որակական պահանջները՝ ավելի շատ հայտեր հաստատելու համար, քանի որ «որակը կարևոր է, և ծախսը չպետք է ինքնանպատակ լինի»։
Նշենք, որ 2024-ին Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի փաստացի ծախսը ճշտված բյուջեի պլանի նկատմամբ կազմել է մոտ 92%, արդեն հաջորդ տարի՝ 2025-ին՝ մոտ 97%։ Արթուր Մովսիսյանը խոսքով՝ այս տարվա առաջին 9 ամիսների դրությամբ ցուցանիշը 95% է։
Պաշտոնյան նաև շեշտում է՝ եթե անգամ այս կամ այն ծրագրով նախատեսվածից քիչ բյուջե են ծախսել, դա չի ազդել արդյունքային ցուցանիշների վրա. չի եղել որևէ ծրագիր, որ հայտարարեն ու չանցկացնեն։
Հարցին, թե արդյո՞ք դրամաշնորհային ծրագրերի բյուջեի ավելացման դեպքում կլինեն բավարար քանակով որակյալ հայտեր և ֆինանսավորման հաստատված ավելի շատ ծրագրեր, Արթուր Մովսիսյանը դրական է պատասխանում։
«Եթե մենք ռազմավարական ծրագրում գրել ենք, որ ակտիվ աշխատող գիտնականների թիվը պետք է ավելացնենք։ Դա ինքնին ենթադրում է, որ դրամաշնորհների հայտատուների քանակն ավելանալու է, որը նաև բերում է շահառուների ավելացման։ ․․․․ Մեզ մոտ գիտության ցուցանիշները ցանկացած միջազգային օբյեկտիվ ցուցանիշներով աճում են, դրական շարժ կա, որը մեզ հույս է ներշնչում․ և՛ գիտնականների թիվն է աճում, և՛ հոդվածների թիվն է աճում։ Ինչքան էլ հավակնոտ թիրախներ են ռազմավարական ծրագրում դրված, հետևողական աշխատելու դեպքում դրանք հասանելի թվեր են»։
Արթուր Մովսիսյան
2025-ի վերջին ոլորտի ֆինանսավորման կրճատման համատեքստում դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունն ապահովելու մասին մտահոգություններ էին հնչում։ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում 2026-ի բյուջեի լրացուցիչ հավելված ընդունվեց, որտեղ նշվում էր, թե բյուջեում համապատասխան միջոցների առկայության դեպքում ոլորտին հավելյալ 7․4 մլրդ ֆինանսավորում կտրամադրվի։ Այս հավելյալ ֆինանսավորման 1․1 միլիարդը նախատեսված էր միջազգային պայմանագրերի շրջանակում պարտավորությունների կատարման համար, մոտ 1․1 միլիարդը՝ հետազոտական դրամաշնորհների, իսկ մոտ 5․2 միլիարդը՝ գիտասարքեր ձեռք բերելու համար։
2026-ի բյուջեի պլանի նկատմամբ ճշտված պլանը, սակայն, այս պահի դրությամբ տարեսկզբի պլանից ավելացել է ընդամենը մոտ 1 մլրդ դրամով։ Այս լրացուցիչ ֆինանսավորումն, Արթուր Մովսիսյանի խոսքով, տրամադրվել է միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարման համար («Հորիզոն-Եվորպա» ծրագրի անդամակցության վճարը)․ դրամաշնորհների և գիտասարքերի համար այդպես էլ միջոցներ չեն հատկացվել։
Այս տարի ԲԿԳԿ-ն հայտարարել է մի քանի դրամաշնորհային մրցույթներ։ Դրանցից ամփոփվել է միայն Մասնագիտական վերապատրաստման մրցույթը, որի շահառուների մի մասն արդեն մեկնել է վերապատրաստման, մյուս մասն էլ կմեկնի հաջորդ տարի։ Մյուս մրցույթների արդյունքները չեն հայտարարվում․ Արթուր Մովսիսյանը նշում է՝ պատճառն այն է, որ դրանց ֆինանսավորման համար միջոցներ չկան, մինչդեռ ծրագրերը պետք է մեկնարկեին հոկտեմբերի սկզբին։
Սիրաս Հակոբյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Կենսաինֆորմատիկայի խմբի անդամ է։ Վերջին 5 տարիներին նա ներգրավված էր Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրում։ Գիտնականը նշում է` իրենց թիմը ոչ միայն հրապարակել է ծրագրով պահանջված գիտական հոդվածները, այլ նաև ունի ընթացիկ հետազոտություններ։ Չնայած որ ծրագիրն ավարտվել է սեպտեմբերին, թիմի անդամները հետազոտությունները շարունակում են։
Սիրաս Հակոբյանն այս տարի դիմել էր Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրին, որը նախատեսում է արտասահմանցի համաղեկավարների ներգրավմամբ Հայաստանում հետազոտական թիմերի ձևավորում։ Մրցույթն այն ռազմավարական միջոցառումների թվում էր, որոնք նախատեսվում էր իրականացնել 2026-ին։ Մրցույթի արդյունքները, սակայն, դեռևս չեն հայտարարվել, ինչի պատճառով Սիրաս Հակոբյանն ու գործընկերներն անորոշ վիճակում են․ ֆինանսական եկամուտները նախորդ ծրագրի ավարտով նվազել են, իսկ թե երբ կլինեն նոր մրցույթի արդյունքները, չգիտեն։
Հետազոտական դրամաշնորհները գիտնականների համար կարևոր են, քանի որ դրանցով է ձևավորվում նրանց եկամուտների մի զգալի մասը։ Սիրաս Հակոբյանը նշում է՝ ինքն ունի ընտանիք, երեք երեխա, և եթե ֆինանսավորման անորոշ վիճակը շարունակվի, ստիպված կլինի փոխել ոլորտը կամ հետազոտություններ իրականացնել արտասահմանում։
ԲԿԳԿ-ն, հաշվի առնելով այս և այլ մտահոգություններ, օրերս Կառավարության որոշման նախագիծ է մշակել ու շրջանառության մեջ դրել, որով առաջարկվում է 2026-ի բյուջեում վերաբաշխում կատարել և հավելյալ 2․4 միլիարդ դրամ հատկացնել ոլորտին՝ մոտ 1․6 միլիարդ՝ գիտասարքերի ձեռքբերման համար և մոտ 800 միլիոն դրամ՝ դրամաշնորհների համար։
Արթուր Մովսիսյանի խոսքով՝ եթե կառավարությունը հաստատի 2026-ին ոլորտին հավելյալ 2․4 մլրդ դրամ հատկացնելու նախագիծը, ապա դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված մոտ 800 մլն դրամը հնարավորություն կտա նոյեմբերին կամ դեկտեմբերին սկսելու և մինչև տարեվերջ ֆինանսավորելու հայտարարված երեք մրցույթների շահառուներին (PostDoc-Armenia, Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր, ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում)։
Նման սցենարի դեպքում, սակայն, այս ծրագրերը կդառնան պայմանագրային պարտավորություններ՝ տեղափոխվելով 2027, ինչի հետևանքով 2027-ին դրամաշնորհային նոր մրցույթներ անցկացնելու հնարավորություն չի լինի։ Վտանգված դրամաշնորհային մրցույթների թվում են Երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության ծրագիրը, Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրը, Փորձարարական մշակումների նախագծերը։ Վտանգված է նաև Դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագիրը, որը նախատեսվում էր սկսել 2027-ի հունվարին։ Եթե 2021-ին, երբ ծրագիրն իրականացվում էր առաջին անգամ, շահառուների թիվն ընդամենը 30 էր, ապա 2027-ին, Արթուր Մովսիսյանի խոսքով, պոտենցիալ շահառուների թիվը 140 է, ինչը նշանակում է, որ պետք են լրացուցիչ միջոցներ, որոնք 2027-ի բյուջեի նախագծում արտացոլված չեն։
2027-ի բյուջեի նախագծով գիտասարքերի ձեռբերման բյուջեն 2․25 մլրդ դրամ է՝ նախորդ տարվա 2․3 մլրդ դրամի փոխարեն։ Սա այն դեպքում, երբ 2024-ի և 2025-ի մրցույթների որոշ շահառուների գիտասարքերի համար ֆինանսավորում դեռևս չի հատկացվել։
Երևանի պետական համալսարանի Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Ավթանդիլյանն «Ինֆոքոմին» պատմում է, որ իրենց թիմը 2024-ի և 2025-ի՝ գիտասարքերի ձեռքբերման մրցույթների շահառու է։ Մրցույթների արդյունքներով թիմը պիտի գներ 3 գիտասարք, որոնք ձեռք բերելու համար արդեն մրցույթ է հայտարարվել, հայտնի են հաղթող մատակարար կազմակերպությունները։ Սակայն սարքերի մատակարարման գործընթացը դեռ չի սկսվել, քանի որ ֆինանսավորումը չի հատկացվել։ Պայմանագրերից մեկի 6-ամսյա ժամկետն էլ լրացել է, հետևաբար՝ ստիպված են նոր մրցույթ հայտարարել։ Նույն համալսարանի Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի վարիչ Հայկ Զաքարյանը նույնպես 2025-ի՝ գիտասարքերի ձեռբերման մրցույթի շահառու է, սակայն, ինչպես «Ինֆոքոմին» փոխանցեց գիտնականը, հաշվարկային ռեսուրսի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել։
Արթուր Մովսիսյանը նշում է՝ այս պահին ունեն 4 մլրդ դրամի պայմանագրեր 2024-ին և 2025-ին գիտասարքերի ձեռբերման մրցույթների շահառուների հետ, և գիտասարքերը չեն կարողանում ձեռք բերել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Երկու մրցույթների դեպքում անգամ լրացել է պայմանագրերի 6 ամիսը, և պետք է նոր մրցույթներ հայտարարել։
Եթե կառավարությունն այս տարի հաստատի 2026-ի բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծը, և գիտասարքերի համար տրամադրվի ևս 1․6 մլրդ դրամ, ապա հնարավոր կլինի ձեռք բերել այն գիտասարքերը, որոնց պայմանագրերի 6 ամիսը լրանում է այս տարվա վերջին կամ հաջորդի սկզբին։ Իսկ 2027-ի բյուջեի նախագծով նախատեսված 2․25 մլրդ դրամը կբավարարի միայն նախորդ տարիներին հաղթած շահառուների գիտասարքերի ձեռբերման համար, իսկ նոր մրցույթներ հայտարարել հնարավոր չի լինի։
Ավելին՝ եթե անգամ այս տարի Կառավարությունը հատկացնի լրացուցիչ 1․6 մլրդ դրամ, և սուղ ժամկետների պատճառով լինեն մատակարարումների ուշացումներ, ապա գումարը ստիպված կլինեն վերադարձնել պետական բյուջե։ Նման սցենարի դեպքում 2027-ին նախատեսված 2․25 մլրդ դրամը չի բավարարի անգամ եղած 4 մլրդ դրամի պայմանագրային պարտավորությունները լիարժեք կատարելու համար։
2027-ի բյուջեի նախագծով նույնն է մնացել նաև թիրախային հետազոտությունների բյուջեն՝ 305 մլն դրամ։ Այս հետազոտություններն ուղղված են գերատեսչությունների խնդիրների լուծմանը։ ԲԿԳԿ-ն անցած տարի այս ծրագրերի ուղղությամբ բարեփոխումներ էր նախաձեռնել՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ հետազոտությունների շատ ավելի մեծ բաժին պետք է ուղղված լինի պետության կարիքներին։ Մինչ այդ փոփոխությունը Կոմիտեն 2025-ին դրամաշնորհային ծրագրերի շրջանակում փորձնական մրցույթ էր իրականացրել՝ գերատեսչություններից հավաքելով հետազոտական խնդիրներ և գիտնականներից ստանալով հայտեր՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել էր 953 մլն դրամ։ Փոփոխություններից հետո 2026-ին հայտարարված արդեն Թիրախային ծրագրերով Կառավարությունը ստացել էր 200 հայտ՝ 14 մլրդ դրամ բյուջեով, և փորձաքննության արդյունքում հաղթող ճանաչված հայտերի բյուջեն միասին կազմում էր 600 միլիոն դրամ։ Այս ծրագրերը պետք է մեկնարկեին 2027-ին, սակայն բյուջեի նախագծով նախատեսված միջոցները բավարար են միայն նախորդ տարիների նախագծերի ֆինանսավորումն ապահովելու համար։
Արթուր Մովսիսյանը նշում է՝ նախագծի իրականացումը տևել է մեկուկես տարի․ գերատեսչություններից խնդիրներ են հավաքագրվել, 8 ամիս փորձաքննություն է իրականացվել, սակայն 2027-ին նախատեսված բյուջեով փորձաքննությունը հաղթահարած 600 մլն դրամի հայտերը ֆինանսավորել չեն կարող։
Սա այն դեպքում, երբ, որպես կանոն, պետության կարիքներից բխող հետազոտությունները ՀևՄ ընդհանուր բյուջեի ամենափոքր մասն են կազմել, և Կառավարության ռազմավարական ծրագրի թիրախներից էր նաև պետական պատվերի մեխանիզմի կայացումը։
Արթուր Մովսիսյանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին իրենք Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար ներկայացրել էին 39 մլրդ դրամի բյուջետային հայտ, որից 4․2 մլրդը՝ գիտասարքերի համար, սակայն Կառավարության հրապարակած նախագծով ծրագրի համար նախատեսվում է 30․7 մլրդ դրամ։ Եթե կառավարությունն ամբողջությամբ հատկացներ 2026-ի բյուջեի 6-րդ հայտում նշված 7․4 մլրդ դրամը, ինչպես նաև 2027-ի բյուջեով նախատեսեր 39 մլրդ դրամ, ապա ոլորտի ֆինանսավորումն այլ պատկեր կունենար։
Այդկերպ ՀևՄ բյուջեն աստիճանաբար կբարձրանար, ինչի դեպքում ավելի մեծ կլիներ հավանականությունը` հասնելու Կառավարության` 2030-ի թիրախներին, ինչպես, օրինակ, պետական բյուջեից ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 0․75%-ի, լրիվ զբաղվածությամբ հետազոտողների թիվը հասցնել 6000-ի (վերջինս հնարավոր է միայն հետազոտական նոր թիմերի ձևավորմամբ` ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելով):
Ֆինանսավորման նման սցենարը երևում է ստորև։
Իսկ հաջորդիվ կարող եք տեսնել, թե 2026-ին և 2027-ին կանխատեսվող ՀՆԱ-ի քանի տոկոսը կկազմեին ՀևՄ ծախսերը, եթե Կառավարությունը հատկացներ վերը նշված միջոցները։
Ինչպես երևում է, անգամ այս պարագայում ՀևՄ ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ գնալով կնվազեին։
Արդյո՞ք ՀևՄ բյուջեն պետք է գնալով նվազեր կամ մնար նույն մակարդակի վրա․ Կառավարությունն այլ բան էր խոստանում։ 2026-ի սկզբին ընդունված ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, որոնք 2026-ին պիտի կազմեին 9․6 մլրդ դրամ, իսկ 2027-ին` մոտ 21 մլրդ դրամ։ Արթուր Մովսիսյանը բացատրում է՝ այս միջոցների մեջ ներառված են և՛ այն ընթացիկ դրամաշնորհային ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են, և՛ նոր ծրագրեր։ Վերջիններից է, օրինակ, «Արդյունավետ աշխատող հետազոտողների քանակի ավելացում» ծրագիրը, որով նախատեսվում էր ոլորտ որակյալ կադրերի ներգրավմամբ մինչև 2030 լրիվ ծանրաբեռնվածությամբ հետազոտողների թիվը հասցնել 6000-ի։ Այս ծրագրի համար 2026-ին պիտի հատկացվեր մոտ 1․5 մլրդ դրամ, 2027-ին՝ մոտ 3 մլրդ։ Ստացվում է, որ 2027-ի՝ նախագծով պլանավորված բյուջեով հնարավոր չի լինի ֆինանսավորել ո՛չ ռազմավարության մեջ ներառված հին ծրագրերի մեծ մասը, ո՛չ ռազմավարական նոր ծրագրերը։
Հարցին՝ ինչպես է այս պայմաններում հնարավոր լինելու հասնել Կառավարության հանձնառած ռազմավարական թիրախներին, Արթուր Մովսիսյանը պատասխանում է՝ հնարավոր չի լինելու։
«Հնարավոր չէ հորինել մաթեմատիկա, որտեղ, ՀՆԱ-ի 0.3%-ի չափով ֆինանսավորումը նվազեցնելով, հասնենք ՀՆԱ-ի 0․75%-ի։ Հնարավոր չէ գտնել երկիր, որը, գիտությանը ՀՆԱ-ի 0.3%-ի կամ նույնիսկ 0.5%-ի չափով ֆինանսավորում հատկացնելով, կարողանա ունենալ որակյալ գիտություն, որը նկարագրված է ռազմավարության մեջ՝ և՛ գիտական արդյունքի տեսանկյունից, և՛ գիտնականների թվի, ինչպես նաև ունենա տնտեսության հետ սերտ համագործակցություն, որն էլի նկարագրված է ռազմավարության մեջ»։
Արթուր Մովսիսյան
ԲԿԳԿ նախագահի տեղակալը հույս է հայտնում, որ Ազգային ժողովում քննարկումների փուլում 2027-ի բյուջեի նախագիծը փոփոխությունների կենթարկվի։ Նա նշում է՝ ԱԺ պատգամավորների առաջարկով բյուջեն փոփոխելու փորձ արդեն կա։
«Շատ լավ է, որ Ազգային ժողովում ունենք համակիրներ, բայց մենք գործադիր մարմնի ներկայացուցիչներ ենք, ռազմավարական ծրագիրն ընդունել է Կառավարությունը, և շատ ավելի ճիշտ կլինի, որ Կառավարության ընդունած ռազմավարությունից բխող բյուջեն գնա Ազգային ժողով, ոչ թե Ազգային ժողովում դա համապատասխանեցվի Կառավարության ընդունած ռազմավարությանը»։
Արթուր Մովսիսյան
Գիտության ֆինանսավորման անորոշության համատեքստում այսօր 240 գիտնականներ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարության անդամներին, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին և պատգամավորներին։ Նամակով գիտնականները կոչ են արել 2027 թ․ պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։
Հիշեցնենք, որ 2027-ի բյուջեի նախագծի հրապարակումից առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ոլորտը համակարգող կառույցի` ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Վերջինս հայտարարություն էր տարածել` նշելով որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների հաջողությունը միայն ճիշտ քաղաքականությունների և հայեցակարգերի մշակմամբ չի կարող իրականացվել։
«Այսօր իմ մասնագիտական գնահատականն այն է, որ իրականացման համար առկա միջավայրում և իմ պաշտոնում ինձ հասանելի գործիքներով այլևս չեմ կարող ապահովել այն տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը, որոնք, իմ համոզմամբ, անհրաժեշտ են այս ծրագրերի պատշաճ իրականացման համար, և, հետևաբար, ինձ համար ճիշտ չէր լինի շարունակել զբաղվել այսպիսի խոշոր և ռազմավարական նշանակության ծրագրերով այն պայմաններում, երբ այլևս վստահ չեմ, որ կարող եմ ապահովել դրանց իրականացումն այն մակարդակով, որը մասնագիտական առումով ընդունելի եմ համարում»։
Սարգիս Հայոցյան
Այսպիսով, 2027-ի բյուջեի նախագիծը հնարավորություն չի տալիս նոր գիտասարքեր ձեռքբերելու, դրամաշնորհային նոր մրցույթներ հայտարարելու, ռազմավարական ծրագրով նախատեսված նոր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անտեսում է պետության կարիքներից բխող հետազոտությունները։ Այս պահին ոլորտի ճակատագիրը կախված է երկու իրավական ակտից։ Առաջինը Կառավարության որոշման նախագիծն է, որն ընդունելու դեպքում մրցույթների շահառու թիմերի որոշ գիտասարքեր կմատակարարվեն և դրամաշնորհային երեք ծրագրեր կֆինանսավորվեն։ Երկրորդը 2027-ի բյուջեի նախագիծն է, որը փոփոխելու դեպքում հնարավոր կլինի 2027-ին նոր ծրագրերի իրականացումը և նոր գիտասարքերի ձեռքբերումը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Կառավարությունը դեռ շատ հեռու է ռազմավարական ծրագրով նախանշած թիրախներից։
Գլխավոր նկարը՝ Անի Ղևոնդյանի