Անահիտ Մանասյանը Ավստրալիայի ՄԻՊ-ի հետ քննարկել է ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր | shantnews.am

Անահիտ Մանասյանը Ավստրալիայի ՄԻՊ-ի հետ քննարկել է ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

«Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել հավասարության ապահովման, խտրականության կանխարգելման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Քննարկման առարկա են դարձել ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխավորմանը, հասարակության բևեռացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, ատելության խոսքի կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների միջև շարունակական երկխոսությունը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն