Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վարդենիկ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ։
Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Չարենցավան քաղաքի նախկին ռեստորաններից մեկի տարածքում։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազեն և տարբեր տեսակի ու տրամաչափի 65 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։