Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ-ն նյութերն ուղարկել Է ՀՀ քննչական կոմիտե | shantnews.am

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։

«Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4-5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։

Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։

Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3.000.000 դրամ։

Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է ԲԸՏՄ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն