armenpress.am Երևանում ազդարարվեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրի՝ «Արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ Արևելյան գործընկերությունում գերազանցության ամրապնդման համար» խոշոր նախագծի մեկնարկը։
Նախագծի հիմնական նպատակներն են Արևելյան գործընկերության երկրներում գիտական ներուժի զարգացումը, տարածաշրջանի առաջատար բուհերում միջգիտակարգային արհեստական բանականության հետազոտական գերազանցության հաբերի ու կենտրոնների ստեղծումը, թվային ենթակառուցվածքների զարգացման միջոցով եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրումը։
Այս նախագծի շրջանակում կգործակցեն Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 գիտահետազոտական ու բարձրագույն կրթության հաստատություններ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Թբիլիսիի պետական համալսարանը (TSU) և Մոլդովայի տեխնիկական համալսարանը (UTM)։
Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բարձր մրցունակության մրցույթի արդյունքում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ ներկայացված նախագիծը ֆինանսավորման է արժանացել։
«Ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջեով 4 տարի տևողությամբ այս նախագիծը միավորում է 13 գործընկեր կազմակերպությունների։ Կարևորում եմ, որ Հայաստանի կողմից ներկայացված է նաև Երևանի պետական համալսարանը։ Սա ևս մեկ վկայություն է, որ բարձրագույն կրթությունը, գիտությունը և հետազոտությունը միասին են ձևավորում կարևոր արժեքներ մեր պետության և ժողովրդի համար։ Այս նախագիծը Հայաստանի և Եվրոպական միության գիտակրթական գործակցության հետևողական զարգացման արդյունքներից մեկն է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը հույս հայտնեց, որ նախագծի ավարտին ոչ միայն կլինեն առաջատար հետազոտական արդյունքներ, այլև ավելի ուժեղ գիտական հաստատություններ և երկարաժամկետ գործընկերային կապեր եվրոպական առաջատար համալսարանների հետ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր ելույթում շեշտեց, որ այս նախագծի իրագործումը կնպաստի հետազոտական ինստիտուտների մրցունակության բարձրացմանը։
«Այս տարի Հայաստանը շատ կարևոր իրադարձություններ է հյուրընկալում։ Այս միջոցառմանը զուգահեռ Հայաստանում ընթանում է COP17 համաժողովը, որի ընթացքում բարձրաձայնվում են տարբեր ոլորտների առնչվող խնդիրներ։ Այս նախագծի շրջանակում մենք կարող ենք գիտական լուծումներ առաջարկել այդ խնդիրների լուծման համար։
Նաև պետք է շեշտեմ՝ ԵՄ-Հայաստան գործակցության շրջանակում մենք կարևոր շեշտադրում ենք արել բարձր տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտների զարգացման և տաղանդների բացահայտման վրա»,- նշեց Վասիլիս Մարագոսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում