Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Առուշ Առուշանյանի, Սևակ Միքայելյանի և Վահագն Արսենյանի անունները հանրությանը ծանոթ են։ Իսկ որքանո՞վ է հայտնի նրանց մասնակցությունն իրենց համայնքների ավագանու նիստերին։
«Ինֆոքոմի» հավաքագրած տվյալներով՝ ուսումնասիրված ժամանակահատվածում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը բացակայել է ավագանու նիստերի 45%-ից, Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը՝ 41%-ից, իսկ 2021–2025թթ․ Ջերմուկը ղեկավարած Վահագն Արսենյանը՝ 38%-ից։ Երեքն էլ որպես համայնքապետի թեկնածու կրկին առաջադրվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին։
«Ինֆոքոմի» CTRL_Z հաղորդման ընթացքում, Առուշ Առուշանյանը բացատրեց, որ դրանք հաճախ պայմանավորված են այլ աշխատանքային պարտականություններով։
«Շատ հաճախ կարող է լինել դեսպանների ընդունելություն, կամ այլ հյուրեր ունենանք, կամ գյուղերում ինչ-որ նախագծերով զբաղված լինենք։ Եվ եթե ես օրակարգին ծանոթ եմ և գիտեմ, որ ամեն բան նորմալ է, առաջին տեղակալը, որ լիազորություն ունի, ինքը նիստը վարի։ Առանձնահատուկ խնդիր չեմ տեսնում, որ պարտադիր ես պիտի վարեմ»,– նշեց Առուշանյանը։
Համայնքների ղեկավարների բացակայությունները պատկերի մի մասն են։ Ուսումնասիրված համայնքներից որոշներում ավագանու՝ նիստերինընդհանուր մասնակցությունը չի հասնում 60%-ի, իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչների դեպքում՝ նույնիսկ 20%-ի։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն նոր ավագանիներ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է համամասնական ընտրակարգով ավագանի ընտրող 19 համայնքների ավագանիների նիստերի մասնակցության տվյալները՝ պարզելու, թե որքան հաճախ են ընտրված ներկայացուցիչները մասնակցել համայնքային որոշումների կայացմանը, որ համայնքներում են առավել շատ բացակայել և ինչ ցուցանիշներ ունեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
Ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ընտրություններից առաջ գնահատել՝ որքանով են ընտրված ավագանու անդամները փաստացի մասնակցել այն որոշումների կայացմանը, որոնց համար ստացել են համայնքի բնակիչների վստահությունը։
Ուսումնասիրված 19 համայնքներից ավագանու նիստերին բացակայության ամենաբարձր ցուցանիշներն ունեն Գորիսը (44.3%), Վայքը (43.6%) և Արաքսը (41.4%)։
Քաղաքական ուժերի համեմատությամբ բացակայության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են «Արդար Հայաստան» (87․3%), «Հայրենիք» (84․3%) և «Զարթոնք» ազգային քրիստոնեական (62․3%) կուսակցությունների ավագանու անդամների շրջանում։
Ուսումնասիրված 19 համայնքներում ավագանու 8 անդամի բացակայությունների ցուցանիշը 100% է․ նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում կայացած նիստերից ոչ մեկին չեն մասնակցել։ Նրանցից երեքը ներկայացրել են Վայք համայնքը, մեկական անդամ՝ Գորիսը, Եղեգնաձորը, Իջևանը, Արթիկն ու Արտաշատը։ Նրանք ընտրվել են քաղաքական տարբեր ուժերի ցուցակներով։
Ավագանու անդամների անհատական ցուցանիշները ներկայացված են ստորև։
Առանձին ուսումնասիրել ենք նաև Տաթևի, Տեղի, Գյուլագարակի և Լոռի Բերդի ավագանիների նիստերին մասնակցությունը։ Հոկտեմբերի 25-ի ընտրություններին այս համայնքները մասնակցում են արդեն խոշորացված համայնքների կազմում․ Տաթևն ու Տեղը միավորվել են Գորիսին, իսկ Գյուլագարակն ու Լոռի Բերդը՝ Ստեփանավանին։
Այս չորս համայնքներից ավագանու նիստերին բացակայության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյուլագարակում՝ 37.9%, որին հաջորդում են Տեղը՝ 34%, Տաթևը՝ 25.7% , Լոռի Բերդը՝ 19.9%։
Այս 4 համայնքի ավագանու կազմում 4 ուժերի շրջանում բացակայությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 61.3%։ Դրան հաջորդում են «Հանրապետություն» (33%), «Քաղաքացիական պայմանագիր» (16.3%) և «Շանթ դաշինք» ազգայնական (11.4%) կուսակցությունները։
Այս 4 համայնքների հաշվարկից դուրս են մնացել 14 գործող և նախկին ավագանու անդամներ՝ համայնքների պաշտոնական կայքերում նիստերին և քվեարկություններին մասնակցության վերաբերյալ նրանց տվյալների բացակայության պատճառով։
Հատկանշական է, որ 2023թ․ մայիսի 18-ին Տաթևի ավագանիում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վեց անդամ զրկվել է մանդատից՝ նիստերից անհարգելի բացակայելու հիմքով։ Որոշումն ընդունվել է «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք» ազգայնական խմբակցությունների անդամների քվեարկությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր տարածած հայտարարությունում անընդունելի էր համարել ՔՊ-ի գործելաոճը՝ ընդգծելով, որ նաև ընդդիմադիր խմբակցությունները պետք է մասնակցեն համայնքի կառավարմանը և պատասխանատվությամբ վերաբերվեն ընտրողների քվեներին։ Ըստ հավաքագրված տվյալների՝ Տաթևում «Ապրելու երկիր» խմբակցության անդամներն ունեցել են մասնակցության բարձր ցուցանիշ, իսկ չորս համայնքների ընդհանուր բացակայությունների բարձր տոկոսը հիմնականում պայմանավորված է մյուս համայնքներում, մասնավորապես Տեղ ու Գյուլագարակ համայնքներում, կուսակցության ներկայացուցիչների բացակայություններով։
Հիմնական ուսումնասիրությունն ընդգրկում է 19 համայնքների ավագանիների 521 գործող ու լիազորությունները վաղաժամ դադարեցրած անդամների տվյալներ, յուրաքանչյուր համայնքի ավագանու վերջին ընտրություններից մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածը։
18 ավագանու անդամի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալներ չեն եղել համայնքների պաշտոնական կայքերում, ուստի տոկոսային հաշվարկներում ներառվել են 503 անդամների տվյալները։
Համայնքների պաշտոնական կայքերից դուրս ենք բերել ավագանու անդամների անունները, խմբակցությունները, նիստերին մասնակցության, առկայության դեպքում լիազորությունների դադարեցման ժամկետները։ Ավագանու անդամի լիազորությունների դադարեցման համար հիմք ենք ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Հաշվի առնելով, որ միևնույն համայնքի ավագանու անդամների պաշտոնավարման ժամկետները կարող են տարբերվել՝ մանդատն ավելի ուշ ստանալու կամ լիազորությունները վաղաժամ դադարելու պատճառով, յուրաքանչյուր անդամի մասնակցության ցուցանիշը հաշվարկել ենք անհատապես՝ հիմք ընդունելով միայն նրա պաշտոնավարման ընթացքում կայացած նիստերը։ Այդ նիստերի ընդհանուր թվի և փաստացի բացակայությունների հարաբերակցությամբ ստացել ենք յուրաքանչյուր ավագանու անդամի բացակայության տոկոսային ցուցանիշը։
Մեր դիտարկած համայնքներում ավագանու կազմում ներկայացված է 24 խմբակցություն՝ ձևավորված կուսակցություններով և դաշինքներով։
Համայնքների ավագանիների բացակայության միջին ցուցանիշները հաշվարկելու համար յուրաքանչյուր համայնքում գումարել ենք ավագանու բոլոր անդամների բացակայությունները և այն նիստերի քանակը, որոնց նրանք պետք է մասնակցեին իրենց պաշտոնավարման ընթացքում։ Յուրաքանչյուր համայնքի բացակայությունների գումարային թիվը բաժանել ենք նախատեսված նիստերի ընդհանուր թվին և բազմապատկել 100-ով՝ ստանալով տվյալ համայնքի ավագանու բացակությունների տոկոսային ցուցանիշը։
Քաղաքական ուժերի ցուցանիշների համար կիրառել ենք նույն մեթոդը։ Ուսումնասիրել ենք 22 կուսակցութուն և առանձին՝ անկախ անդամներին։ Յուրաքանչյուր կուսակցության բացակայությունների գումարային թիվը բաժանել ենք նախատեսված նիստերի ընդհանուր թվին և բազմապատկել 100-ով՝ ստանալով տվյալ կուսակցության բացակությունների տոկոսային ցուցանիշը։
Եթե ավագանու անդամն ընտրվել է կուսակցությունների դաշինքի ցուցակով, նրա տվյալները ներառել ենք դաշինքը կազմող յուրաքանչյուր կուսակցության հաշվարկում։ Այսինքն՝ նույն անդամի ցուցանիշները հաշվարկվել են այնքան անգամ, որքան կուսակցություն ընդգրկված է եղել դաշինքում։ Այս մոտեցումը թույլ է տվել ստանալ համայնքների ավագանիներում ներկայացված քաղաքական ուժերի մասնակցության առավել ամբողջական պատկերը։
Այսպիսով, 503 անդամներից 120-ը՝ շուրջ 24%-ը, բացակայել է իր պաշտոնավարման ընթացքում նիստերի առնվազն կեսից։ Այսինքն՝ նման ցուցանիշ ունի գրեթե յուրաքանչյուր չորրորդ անդամը։
Հայաստանի տարբեր համայնքների գործող ավագանիների աշխատանքը ցույց է տալիս, որ ընտրված անդամների մի մասը պարբերաբար բացակայում է նիստերից, չի մասնակցում քվեարկություններին, իսկ որոշ դեպքերում բացակայությունները գերազանցում են նույնիսկ օրենքով սահմանված 50%-ից ավելիի այն շեմը, որը հիմք է տալիս վաղաժամկետ դադարեցնելու նրանց լիազորությունները։ Ավագանու նիստերից սահմանված շեմը գերազանցող բացակայությունների համար լիազորությունների դադարեցումը պարտադիր չէ և կախված է ավագանու որոշումից։ Սա հնարավորություն է ստեղծում, որ պարբերաբար բացակայող անդամները շարունակեն պահպանել իրենց մանդատները։ Միաժամանակ, նման որոշումների կայացման վրա կարող են ազդել ոչ միայն իրավական հիմքերը, այլև քաղաքական նպատակահարմարությունն ու ավագանու մեծամասնության դիրքորոշումը։
Կարևոր է նշել, որ օրենքով նախատեսված պատասխանատվությունը վերաբերում է միայն անհարգելի բացակայություններին։ Ընդ որում, օրենքի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
Մինչդեռ մեր ուսումնասիրության մեջ բացակայությունների ցուցանիշները հաշվարկվել են ավագանու յուրաքանչյուր անդամի պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածի համար՝ առանց դրանք ըստ նստաշրջանների առանձնացնելու։ Բացի այդ, մենք տեղեկություններ չունենք, թե արձանագրված բացակայություններից որոնք են եղել հարգելի, և արդյոք դրանց վերաբերյալ ներկայացվել են համապատասխան հիմնավորող փաստաթղթեր։
Հետևաբար, ուսումնասիրությունն արտացոլում է ավագանու անդամների բացակայությունների ընդհանուր պատկերը, այլ ոչ թե դրանց հիմնավորվածությունը կամ մանդատից զրկելու իրավական հիմքերի առկայությունը։