ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է գերիների հարցով երրորդ երկրներին դիմելու հարցին։
«Սա այնքան զգայուն հարց է՝ կամ արդյունք կա կամ չկա, ինչքան ուզում ես օրը 24 ժամ դրա մասին խոսի։ Օբյեկտիվորեն ում է պետք քո ջանքերը եթե արդյունքը չի ստացվում։ Չեմ ուզում անուններ տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ։ Չի ստացվում երրորդ երկրների հետ: Արդյունքը այստեղ շատ կոնկրետ է ու չափելի․ պահվող անձը ազատ արձակվում է, թե ոչ։ Դեկտեմբերին եղավ վերջին խմբի ազատ արձակումը։ Դրանից հետո շատ բան ենք արել․ արել ենք բաներ, որ այս ամբիոնից կարող ենք ասել, արել ենք բաներ, որ չէի ուզի այս ամբիոնից ասել, որովհետև այլ երկրների անուններ պիտի տամ և նրանց վատ դրության մեջ գուցե դնեմ։ Չէի ուզի, դա կվնասի մեր միջաղգային կապերին։
Ի՞նչ իմաստ ունի ասել, թե ինչեր ենք արել [գերիների վերադարձի հարցով], երբ այն [ցանկալի] արդյունքը չկա»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե գերիների հարցով ինչ մեխանիզմով են դիմել , պաշտոնեական պատասխանը ինչ բովանդակություն է ունեցել, որ այս կամ այն երկրները հրաժարվել են հումանիստական աջակցություն ցուցաբերել գերիներին։
«Ասում են կա տարբերակ․ գնացեք դիմեք երրրորդ երկրի, դիցուք Մադագասկարին, Մադագասկարը գնա, այցելի հայ գերիներին, կամ, չգիտեմ միջնորդի ազատ արձակել և այլն։ Հիմա իրենք էդ գիտեն մենք էլ չգիտենք, գիտե՞ս , մենք էլ կապ չունենք։ Հիասթաթեցնում են, տիկին Գրիգորյան, չեմ ուզում այդ երկրների անունը տալ որովհետև աշխատելու ենք այդ երկրների հետ»,- նշել է Միրզոյանը։
Անդրադառնալով Միրզոյանի այն հայտարարությանը, թե բոլորը ասել են «մեզնից հեռու խաղացեք»՝ Լիլիթ Գալստյանը նշել է, որ Հայաստանը դիվանագիտական մեկուսացման մեջ է, և դա խաղաղության մասին չէ։ Արարատ Միրզոյանն արձագանքել է․
«Եթե ես ասում եմ՝ մեզ ասել են՝ հեռու խաղացեք, սխալվում եք, երրորդ երկրներին են ասել հեռու խաղացեք։ Ծառայության տեսակներ կան գնում ես իքս երկրին, ասում ես, խնդրում եմ՝ ես չունեմ իգրեկ երկրում ներկայացվածություն, բայց պրոբլեմ կա․ իքս երկիր, դու գնա իգրեկ երկրում իմ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայություն մատուցի, օրինակ՝ տեսակցի բանտում։ Այդ մեխանիզմը աշխատում է աշխարհում, և լինում է՝ չի աշխատում։
Ուրիշ երկրներին մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, դիմել ենք, և իրենց ասել են գործ չունեք այդ հարցի շուրջ։ Ուզու՞մ եք դառը իրականությունը՝ էս ա»։