ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին, նշել է, որ կոռուպցիայի թեման զգայուն է ՔՊ-ի համար, սակայն ստեղծված իրավիճակն, ըստ նրա, ուղիղ կապված է այդ պահի խոսնակի՝ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի հետ:
«Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկան տեղափոխվել է Ազգային ժողով և շարունակում է իրեն պահել ինչպես ֆեյք աշխատող։ Ինքը ֆեյքի կերպարով, չգիտեմ՝ ինչ ժեստիկուլյացիայով, ինչպիսի բառապաշարով է խոսում: Խմբակցության ղեկավարն ինքը պետք է պատասխանի՝ իրենք պատրաստվո՞ւմ են վերահսկել իրենց պատգամավորի վարքագիծը, թե՞ ոչ։ Եթե չեն վերահսկելու, ուրեմն այս ամբողջ ընթացքը մշտապես խրախուսում են»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ծեծկռտուքի ընթացքում արած հայտարարությանը, որ ընդմիջում չի հայտարարուելու, Գրիգորյանը պնդեց, որ դրանով Ռուբինյանը խրախուսել է այն, ինչ կատարվում էր:
«Երբ ակնհայտ է, որ լարված իրավիճակ է ստեղծվում Ազգային ժողովում, նախագահողը ի՞նչ պետք է անի։ Նա պետք է ընդմիջում հայտարարի, անվտանգության աշխատակիցներ հրավիրի, որպեսզի հնարավոր ծեծկռտուքը կանխեն։ Բայց եթե նկատեցիք, ինքը ուղիղ ասաց՝ «Ես ընդմիջում չեմ հայտարարում։ Ուզում եք կռվեք, կռվեք»,- ասաց Գրիգորյանը՝ հայտարարելով, որ Ռուբինյանն ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը:
Պատգամավորը նաև չի բացառել, որ սա կարող է նախապես պլանավորված սցենարով լինել. «Ամեն դեպքում, եթե նախապես պլանավորված սցենար չի եղել, Ռուբեն Ռուբինյանն ուղղակի խրախուսել է այս ամբողջ գործընթացը և թույլ տվել, որ ստեղծվի այն իրավիճակը, որն այսօր ունենք։ Մինչդեռ նա պետք է փորձեր ապահովել բնականոն աշխատանքային ընթացքը, ինչը, բնականաբար, չի արել»:
Խոսելով վերջերս ՔՊ որոշ պատգամավորների՝ ընդդիմությանը փոխելու մասին հայտարարությունների մասին, Գրիգորյանը ասել է. «Իրենք ո՞վ են, որ ընդդիմության փոփոխության մասին խոսեն։ Ընդդիմությանն ընտրում է ժողովուրդը, իշխանությանն էլ է ընտրում ժողովուրդը։ Եթե ուզում են ասել, որ թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, թող այդպես ուղիղ հայտարարեն։ Թե չէ՝ իրենք ո՞վ են, որ որոշեն՝ այս ընդդիմությունն է պետք, թե այն»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշուկն ավարտվել է ծեծկռտուքով։ Չախոյանն անդրադարձել էր կոռուպցիային և քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին թիրախավորելու թեմային։
Իրավիճակը լարվեց, երբ Չախոյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի որդին խոսել է նոր նախարարություն բացելու մասին, որը, ըստ վերջինիս, «պետք է բավարարեր բոլոր կանանց կարիքները»: Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են պատգամավորները միմյանց հարվածում։