armenpress.am Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի նիստին ելութ են ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախատեսվող եռակողմ հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թրամփն իր ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի և կայունության, ինքնիշխանության, բարգավաճման ու խաղաղության խթանման ուղղությամբ։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հարյուրավոր տարիներ եղել է խաղաղօվկիանոսյան տերություն։ Թրամփը նաև ասել է, որ անհամբերությամբ սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
ԱՄՆ նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև արհեստական բանականությանն ու դրա կարգավորմանը։ Նա արհեստական բանականությունն անվանել է «գերբանականություն» (Super Intelligence)՝ օգտագործելով իր վարչակազմի կողմից առաջ մղվող նոր անվանումը։
«Սա գերբանականություն է, բայց մենք պետք է հետևենք դրան։ Պետք է զգույշ լինենք,- ասել է նա։ – Այն գրեթե ամբողջությամբ լավ է, սակայն ունի որոշ վատ տարրեր, և մենք պետք է շատ զգույշ լինենք այդ վատ տարրերը կառավարելու հարցում»։
«Հետևաբար, մենք դեմ ենք ցանկացած տեսակի խիստ կարգավորման կամ այնպիսի միջոցների, որոնք նպատակ ունեն վերահսկել և սահմանափակել գերբանականությունը, անկեղծ ասած, թույլ չենք տա, որ դա տեղի ունենա» – ասել է Թրամփը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է պահպանել տարածաշրջանային բաց համագործակցության սկզբունքը, հետևողականորեն զարգացնել տնտեսությունը, վերացնել տնտեսական կապերի խոչընդոտները և նոր հնարավորություններ ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական աճի համար։
Սի Ծինփինի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության արդար և խտրականությունից զերծ միջավայր և առավելագույնս օգտագործել տարբեր տնտեսությունների առավելությունները՝ համագործակցությունը խթանելու համար։ Նա երկրներին կոչ է արել ընդլայնել համագործակցությունը կանաչ զարգացման և ցածր ածխածնային արտանետումների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ոլորտում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում