hetq.am Արմավիր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վարշամ Սարգսյանը դատարանից պահանջում է զրպարտություն ճանաչել պատգամավոր Իրինա Յոլյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունները։ Համայնքապետը պնդում է, որ պատգամավորի խոսքում իրեն վերագրվել են պետական բյուջեի միջոցները վատնելու, ընկերություններ ստեղծելու և անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ փաստեր։
Հայցադիմումի համաձայն՝ խոսքը 2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստում Իրինա Յոլյանի հնչեցրած հայտարարությունների մասին է։ Համայնքի ղեկավարը պահանջում է պատգամավորի խոսքում տեղ գտած այն պնդումները, որոնցով ՔՊ-ական համայնքների ղեկավարներին, այդ թվում՝ իրեն, վերագրվել են ընկերություններ ստեղծելու, պետական բյուջեի միջոցները վատնելու և անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու գործողություններ, իր մասով ճանաչել զրպարտություն։
Վարշամ Սարգսյանը դատարանից պահանջում է նաև պարտավորեցնել պատգամավոր Իրինա Յոլյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն ճանաչված փաստական տվյալները։ Հերքումը պետք է հրապարակվի այնպիսի եղանակով, որը կապահովի սկզբնական հայտարարության տարածմանը համարժեք հրապարակայնություն։
Համայնքապետը պատգամավորից պահանջում է բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես զրպարտության համար օրենքով նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև իր կողմից վճարված 110 հազար դրամ պետական տուրքը։
Նշենք, որ Իրինա Յոլյանը 2026թ.-ի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունեցել։ Պատգամավորը, խոսելով ՔՊ-ական համայնքների ղեկավարների մասին, պնդել էր, որ նրանցից ոմանք ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի հաշվին անորակ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում։ Ըստ Յոլյանի՝ այդ ընկերություններում ներգրավված են նաև համայնքապետերի ընտանիքի անդամները՝ քույրերը, եղբայրները, ծնողներն ու այլ հարազատներ։
«Ինչքան ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր, բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով»,- հայտարարել էր պատգամավորը։
Յոլյանի խոսքով՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուց ընդամենը մեկ ամիս անց ճանապարհները քանդվել են։ Պատգամավորը նաև նշել էր, որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, սակայն Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում։
«Որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ»,- ասել էր Իրինա Յոլյանը՝ քննադատելով նաև իրավապահ մարմինների անգործությունը։
Իրինա Յոլյանի դեմ այլ համայնքապետերի հայցերը
Հիշեցնենք, որ նույն ելույթի համար Իրինա Յոլյանի դեմ հայցեր են ներկայացրել նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Տավրոս Սափեյանը պահանջում է 3 մլն դրամ, իսկ Կառլեն Մկրտչյանը՝ 2 մլն դրամ փոխհատուցում՝ բացի հայտարարությունների հերքումից։ Իսկ Ահարոն Խաչատրյանը՝ հերքում և փոխհատուցում, որի չափը հայտնի չէ։
Այսպիսով, նույն ելույթի առնչությամբ պատգամավորի դեմ արդեն համայնքի չորրորդ ղեկավարն է հայցադիմում ներկայացնում։